Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանի» սոցիալական աշխատող. «Հոգեւոր «քույր-եղբայրների» պատճառով հղի կինը գոտի էր կապել» (Տեսանյութ)

Հունիս 01,2015 15:19

Այսօր՝ հունիսի 1-ին, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը եւ «Օրրան» հ/կ-ի սոցիալական աշխատող Մարինա Ղազարյանը: Նրանք խոսեցին երեխաների պաշտպանության օրվա խորհրդի, աղանդավորության ու հոգեորսության մասին:

Անդրադարձ եղավ մի ընտանիքի, որը երեք երեխաներով հեռացել է՝ իրենց ասելով քարանձավներում ապրելու, ու հայտնի չէ, թե որտեղ է, իսկ իրենց շուրջը կատարվող ամեն ինչը որակել է սատանայապաշտություն: Ընդ որում, բանախոսների ասելով, այդ երեխաները զրկված են դպրոց հաճախելու իրավունքից:

Անահիտ Բախշյանի ասելով, երբ հետաքրքրվում է դպրոցական կրթությունից ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած երեխաների թվով, կրթության վարչություններից տալիս են մի թիվ, որին չի հավատում, մինչդեռ ոստիկանությունում պնդում են, որ նման երեխաներ կան: Մի երեխայի հարցով, ինքը նույնիսկ որպես տատիկ է դիմել ոստիկանություն, այնտեղից հավաստիացրել են, որ ամեն ինչ անում են՝ երեխային գտնելու համար: «Էս դարում հեռախոս կա, հեռախոսին հետեւել կա, Ֆեյսբուք կա, ում ուզենան գտնեն, գետնի տակից էլ կարող են գտնել, եթե քաղաքական աստառ լինի, անմիջապես կգտնեն»,-ասում է տիկին Բախշյանը:

Բագրատ սրբազանը նշեց, որ խղճի ազատության օրենքով արգելված է երեխաների շրջանում քարոզչությամբ կամ հոգեորսությամբ զբաղվելը, ուրիշ բան է, որ դրանով զբաղվում են ողջ ընտանիքով, ու երեխաներն իրենք չեն կարողանում որոշել, թե ինչպիսի հոգեւոր ուղղություն ընտրեն: Սրբազանի ձեւակերպմամբ, դպրոցի դերը եւս կարեւոր է, բայց տեղեկացվածության աստիճանը պետք է բարձրացվի բոլոր ուղղություններով, եւ ինքը չի կարծում, թե միայն եկեղեցու գործն է:

«Օրրանի» սոցիալական աշխատող Մարինա Ղազարյանը եւս հիշեց մի դեպք, երբ ընտանիքի մայրն աղանդավորական շարժման մեջ էր, երրորդ երեխայով հղիության ժամանակ նրա հոգեւոր «քույր-եղբայրներն» ասել էին, որ հղիությունից ազատվելու համար պետք է գոտի կապի, ու այդ կինը մահացել էր: «Մեզ տարիներ պետք եղան, որ այդ կնոջ երեխաներին նորից կարողանանք ինտեգրել կյանքին»,-փաստեց նա:

Մի դեպք էլ հիշեց՝ Սարի թաղում բնակվող մի կին երկու երեխային վերցրել էր-գնացել իրենց հավաքներին, մյուսին օրերով թողել էր մենակ՝ բաց հոսանքի լարերի հետ:

Ըստ Բագրատ սրբազանի, առանձին-առանձին հասարակական հոգեւոր միավորները ինչ ջանքեր էլ ներդնեն, արդյունավետ չի լինի, համակարգված մոտեցում է պետք: Նա կարծում է, որ բոլորս բավարար չափով չենք սիրում երեխաներին ու չենք մտահոգվում նրանց ճակատագրերով՝ ինչպես հարկն է. «Երեկ Հյուսիսային պողոտայում դրամահավաք էր, նայում եմ թվերը, նայում եմ նվիրատվություն կատարողներին, հետո արդյունքն եմ տեսնում, մի պահ մտածում եմ՝ տեսնես երեխաներին սիրո՞ւմ ենք, թե՞ չէ: Պետք չէ ինչ-որ բան անել ցուցադրելու համար, որովհետեւ եթե ինչ-որ բան անում ենք ինքնաբավարարվածության իմաստով, հարցերն ավելի ենք խորացնում»:

Բագրատ սրբազանի ասելով, ուղղակի պետք է լուսավոր միջավայր ստեղծել երեխաների համար՝ մեր ունեցած հնարավորությունների սահմաններում, հետո երեխաներն իրենք իրենց ճանապարհը կկերտեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930