Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցներում իրականացվող դրամահավաքների հետ կապված ահազանգերը պակասել են». Նարինե Հովհաննիսյան

Հունիս 01,2015 15:09

Դպրոցներում արդեն սկսվել են փոխադրական և ավարտական քննությունները: 14 հազար 9-րդ դասարանցիներ այսօր քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Ֆիզկուլտուրայից աշակերտներն ավելի վաղ էին հանձնել քննությունը և առջևում դեռ 4 քննություն էլ ունեն: 12-րդ դասարանցիները ևս ավարտական 6 քննություն կհանձնեն: 4-րդ դասարանցիներն էլ քննություններ կհանձնեն «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաներից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ 2015-ին 4-րդ դասարանցիները կազմում են 32-33 հազար, 9-րդ դասարանցիները՝ 14 հազար, իսկ 12-րդ դասարանցիները՝ 25 հազար։ Շրջանավարտների թիվը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի:

Ն. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ 2015-ի սեպտեմբերի 1-ին նախատեսվում է 38-39 հազար առաջին դասարանցու մուտք, որոնց համար արդեն պատվիրվել է 40 հազար Այբբենարան:

«Կառավարության որոշմամբ՝ 1-4 դասարանցիներին դասագրքերը տրվում են անվճար, 5-12-րդ դասարանցիներին՝ վարձավճարով: Դասագրքերն անվճար հիմունքներով են տրվում նաև անապահով ընտանիքների, ծնողազուրկ երեխաներին»,- հիշեցրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Նա նաև անդրադարձավ ավարտական դրամահավաքներին՝ ընդգծելով, որ «Վերջին զանգի» խնջույքների գումարները հավաքվում են բացառապես ծնողների և երեխաների նախաձեռնությամբ: Իսկ ավարտական քննությունների օրն ուսուցիչների համար սուրճ կամ սնունդ գնելու համար կազմակերպվող դրամահավաքները նա որակեց որպես շատ վատ երևույթներ ու ծնողներին հորդորեց զերծ մնալ տարբեր առիթներով գումար հավաքելուց. «Ես ինքս էլ ականատես եմ եղել, որ ծնողական ժողովներին, չգիտես ինչու, նրանք հանկարծ որոշում են, որ Այբբենարանի հանդեսին ուսուցչուհուն պետք է նվեր գնեն ու սկսում են գումար հավաքել»,- ասաց Ն. Հովհաննիսյանը՝ նկատելով, որ հիմա դրամահավաքության համար շատ ահազանգեր չեն ստանում. «Վերջին զանգի» օրերին ունեցանք 5-6 ահազանգ, որոնք վերաբերում էին ավարտական խնջույքների կազմակերպմանը: Սակայն, ինչպես պարզվեց, տնօրեններն ու ուսուցիչները դրանց հետ կապ չունեին, որովհետև աշակերտներն իրենք էին ընտրել թանկ ռեստորաններ՝ իրենց խնջույքն այնտեղ կազմակերպելու համար»,- նշեց Ն. Հովհաննիսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930