Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, Ազգային ժողովի դարպասները բաց էին՝ բոլոր երեխաների համար: ԱԺ այգում տոնական տրամադրություն էր՝ ծաղրածուներ, մուլտհերոսներ, ատրակցիոններ, երգ ու պար:
Միջոցառման ընթացքում մուլտհերոսներ Մաշան եւ արջուկը երեխաներին հարց ուղղեցին՝ դուք գիտե՞ք ում պետք է շնորհակալություն հայտնել այս միջոցառման համար: Մաշայի խոսքերով՝ «Այո, Գալուստ Սահակյանին շնորհակալություն ենք հայտնում այսպիսի գեղեցիկ, հեքիաթային օրվա համար: Շնորհակալություն»:
ԱԺ այգում էր նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի թոռնուհին՝ Գոհարիկը:
Քիչ անց իր թոռան՝ փոքրիկ Գալուստի ձեռքը բռնած՝ միջոցառմանը միացավ նաեւ Գալուստ Սահակյանը: Նա մոտեցավ «Էկզոտարիումի» կենդանիների վանդակներին՝ գաճաճ մանգուստ, կրծող շինշիլա, հունական կրիա եւ այլն:
Կարդացեք նաև
Շինշիլա կենդանու վանդակի մոտ փոքրիկ Գալուստը պապին հարցրեց՝էս ի՞նչ ա: Էկզոտարիումի մասնագետը կենդանուն դուրս բերեց վանդակից եւ հրամցրեց. «Կարող եք շոյել»: Մինչ երեխան հիանում էր շինշիլայով, Գալուստ Սահակյանը մասնագետին հարցրեց՝ «Էն մարդամոտ սկյուռիկներից որտեղի՞ց ճարեմ»:
Մասնագետը պատասխանեց, որ բոլորը կծող են: Գալուստ Սահակյանն էլ, թե՝ «Ո՞նց, էս այգիներում մարդկանց մոտենում են»:
Էկզոտարիումի մասնագետը բացատրեց. «Բնության մեջ մոտենում են, բայց…»: Գալուստ Սահակյանն էլ չհամաձայնեց. «Բնության մեջ շատ կան, բայց չեն երեւում, որովհետեւ մարդկանցից վախենում են»:
Գալուստ Սահակյանը ծանոթացավ նաեւ խոսող թութակի հետ, որը անգլերեն էր խոսում. «Մի հատ ասա հելլո, մի հատ շվվացրու»: Թութակին հաջողվեց զվարճացնել ԱԺ նախագահին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ