Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

20 տարի շարունակ` հանուն երեխաների

Հունիս 01,2015 15:54

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նա եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում։ Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ  ծանոթացավ այս պահին բաժանմունքում գտնվող 30 երեխայի առողջական խնդիրներով, հետաքրքրվեց փոքրիկների բուժման ընթացքով։ Նորածինների, տարբեր տարիքի երեխաների մոտ  բազմազան խնդիրներ են, վնասվածքներ։ Առանձնանում են հատկապես բնածին արատներով երեխաները, որոնց զգալի մասը հետվիրահատական բժշկական խնամք է ստանում։ Նրանցից 9 ամսական բիշքեքցի Առնաս Աշիրբանին դեռ երկու ամիս առաջ Հայաստան  են բերել սրտի արատը բուժելու նպատակով։ «Լսելով, որ  Հայաստանում զարգացած է սրտաբանական  ծառայությունը, հատուկ եկել են այստեղ վիրահատվելու համար: Երեխայի մոտ  միջփորոքային միջնապատի մի քանի արատ կա։ Մինչ վիրահատությունը կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  բնածին այլ խնդիրներ էլ կան»,- պատմեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Հաշվի առնելով երեխայի կյանքին սպառնացող վտանգը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանի և վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արայիկ Կարապետյանի կողմից կատարվել է թոքի վիրահատություն: Հետվիրահատական բարդություններով պայմանավորված` երեխան «Նորք Մարաշից» տասն օր առաջ արհեստական շնչառական սարքով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: « Երեխայի սիրտը դեռևս չի վիրահատվել, այժմ հանգիստ վիճակում է, առկա է բուժման դրական դինամիկա, փոքրիկն արդեն ինքնուրույն է շնչում»,-հավելեց բժշկուհին: Հայ բժիշկներից իր գոհունակությունը հայտնեց փոքրիկի մայրը. «Գոհ եմ թե՛ բուժումից, թե՛ վերաբերմունքից։ Ուղիղ երկու շաբաթ առաջ երեխաս շատ ծանր վիճակում էր։ Իսկապես շատ շնորհակալ եմ  Աննա Չոբանյանին և բաժանմունքի անձնակազմին երեխայիս բուժօգնություն ցուցաբերելու համար»,-իր երախտագիտությունը հայտնելով նշեց երեխայի մայրը:

Խորհրդանշական է, որ 20 տարի առաջ, հենց հունիսի 1-ին Նիկոլայ Դալլաքյանը նշանակվել է այս հիվանդանոցի տնօրեն։ 20 տարի անընդմեջ նրա ղեկավարած կլինիկայի բուժանձնակազմը գիշեր ու զօր պայքարում է փոքրիկների առողջության համար։ Ամենատարբեր վնասվածքներով, ծանր վիճակում գտնվող բազում երեխաներ են ապաքինված դուրս գրվում այս հիվանդանոցից` իրենց գոհունակությունը հայտնելով ցուցաբերված բարձրակարգ բժշկական օգնության և հոգատար վերաբերմունքի համար։

Արմեն Մուրադյանը վերակենդանացման բաժանմունքի բոլոր երեխաներին նվերներ հանձնեց։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930