Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դու իմ թիմակիցը չես, քեզ պետք է ազատեմ աշխատանքից»-2

Հունիս 01,2015 14:30

Քաղաքական հաշվեհարդարի գործը նոր որակներ է ձեռք բերում

Իջեւանում երեք տարի առաջ այդ ժամանակ դեռ նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի եւ Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի տնօրեն, անկուսակցական Սվետլանա Բեգլարյանի միջեւ քաղաքական հայացքներով սկսված հաշվեհարդարի գործը նոր երանգներ է ստանում: «Առավոտն» այս գործին անդրադարձել է 2012 թվականի սեպտեմբերի 4-ի համարում՝ «Դու իմ թիմակիցը չես, քեզ պետք է ազատեմ աշխատանքից» հրապարակմամբ: Երաժշտական դպրոցի անկուսակցական տնօրեն Սվետլանա Բեգլարյանն այն ժամանակ քաղաքապետի ընտրություններում կոլեկտիվին չէր ներգրավել ԲՀԿ-ական թեկնածուի ընտրությանը, քանզի իր աշխատանքի տարիներին ինքը լավ հարաբերություններ էր ունեցել քաղաքի ՀՀԿ-ական իշխանությունների հետ: Քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո Վարդան Ղալումյանը ջանք չէր խնայել, որպեսզի Սվետլանա Բեգլարյանն ազատվի զբաղեցրած պաշտոնից: Սվետլանա Բեգլարյանն էլ, սակայն, ձեռքերը ծալած չի նստել այս տարիների ընթացքում: Իրեն աշխատանքից ազատելու մասին Երաժշտական դպրոցի տնօրենների խորհրդի 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բողոքարկել է: Առաջին ատյանի դատարանն անօրինական է ճանաչել տնօրենների խորհրդի որոշումը: Խորհրդի անդամներն առաջին ատյանի որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարանում:

Դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Հետո բողոքը հասել է իր տրամաբանական ավարտին` վճռաբեկ դատարան, որն անգամ վարույթ չի ընդունել գործը, քանի որ նոր հանգամանք ի հայտ գալու մասին որեւէ փաստարկ չի ներկայացվել: Այդպիսով ուժի մեջ է մտել առաջին ատյանի որոշումը` տնօրենների խորհրդի անօրինական որոշման մասին: Սույն թվականի փետրվարի 11-ի վճռով Սվետլանա Բեգլարյանն ուներ բոլոր իրավունքները նախկին աշխատանքին վերականգնվելու համար: Նա դիմել է խորհրդի անդամներին, քաղաքապետին: Դատարանի որոշումն անտեսվել է: Դե, նա էլ դիմել է դատական ակտերի հարկադիր կատարող մարմնին: Գործը դեռ ընթացքի մեջ է, մինչդեռ օրերս Սվետլանա Բեգլարյանը նոր ծանուցում է ստացել այն մասին, որ տնօրենների խորհրդի անդամները վերաքննիչ քաղաքացիական դատարան դիմում են ներկայացրել` վճռաբեկ դատարանի որոշումն անվավեր ճանաչելու մասին: Նիստը նշանակված է հունիսի 3-ին: Դատավոր Ալվարդ Հունանյանն էլ կքննի գործը: Թե ինչպե՞ս է վերաքննիչը գործը վարույթ ընդունել` անհասկանալի է: Սվետլանա Բեգլարյանը գրություն է ուղարկել դատավորին` տեղեկացնելով սույն գործով վճռաբեկի դիրքորոշման մասին ու ակնկալելով տեղեկանալ, թե ի՞նչ հիմքով է նոր վարույթ իրականացվելու: Սակայն պատասխան չկա:

Հուսանք, որ ամսի երեքին կայանալիք նիստի ժամանակ գոնե հիմնավորումները կհնչեն, այլապես ականատեսը կլինենք հերթական դատական աբսուրդի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930