Լրահոս
Օրվա լրահոսը

Հալիձորի գյուղապետը նախանձում է Սուրիկ Խաչատրյանի հետ աշխատողներին

Հունիս 01,2015 14:00

Սյունիքի Խոտ համայնքի ղեկավարը
խոշորացումից հետո որոշել է վերադառնալ ուսուցչությանը

Սյունիքի մարզի խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված խոշոր համայնքների՝ Խոտի եւ Հալիձորի ղեկավարներն իրենց համայնքի բնակիչների դրական վերաբերմունքը խոշորացմանը բացատրում են մի քանի գործոններով:

«Խոտ համայնքը Տաթեւի տարածաշրջանում բնակչությամբ երկրորդ մեծ գյուղն է՝ 940 բնակչությամբ: Ժողովուրդը հիմնականում «այո» ասաց հանրաքվեին, շատ բարձր՝ 96 տոկոսով: Ուղղակի մեզ մոտ այցելեցին տարածքային կառավարման նախարարը, նախարարության աշխատակիցներ, փորձագետներ, մի քանի անգամ Սյունիքի մարզպետը եկավ ժողովրդի հետ հանդիպեց վերջին 1-2 ամսում»,- նշում է Խոտ համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը: Նրա ներկայացմամբ՝ չնայած այս համայնքն էլ ուրիշ այլ համայնքների պես շատ խնդիրներ ունի, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում, բայց այդ հանդիպումների ժամանակ խոսվել է այն մասին, որ խոշորացման արդյունքում սպասվում են ներդրումներ, ներդրումային ծրագրեր՝ ՀՀ կառավարության եւ արտասահմանյան կազմակերպությունների կողմից, ժողովուրդն էլ հավատացել է ու որոշել այս անգամ էլ փորձել. «Մենք էլ ժողովրդի հետ միասին որոշեցինք «այո» ասել՝ հույս ունենալով, որ այդ խնդիրները լուծում կստանան»,- ասաց համայնքապետը:

Համայնքապետը տարիներով չլուծված խնդիր է համարում չվերանորոգված ճանապարհները, վերանորոգման կարիք ունեցող մշակույթի տունը, ոռոգման ջրի ներքին ցանց չունենալը: Նաեւ այն, որ գյուղի մանկապարտեզի շենքը տեղակայված լինելով մշակույթի տան մի հատվածում՝ չի բավականացնում երեխաների թվին, եւ ընդամենը կարողանում են մի խումբ երեխաներ պահել, իսկ գյուղում, ըստ համայնքապետի, երեխաները շատ են, եւ եթե հնարավորություն լինի, մանկապարտեզի 1 խմբին կավելանան եւս 2-3 խումբ երեխաներ:

Այս գյուղում, ինչպես գյուղապետն է նշում, արտագնա աշխատողների թիվը մեծ չէ, մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ: Համայնքին պատկանող արոտավայրերն ընդամենը 75 հեկտար է, փոխարենը համայնքը 500 հեկտար վարձակալած հողեր ունի: Գյուղում ավելացել է նաեւ մանր ու խոշոր եղջերավորների գլխաքանակը, որից ստացված կաթը մթերվում է հենց գյուղում՝ ամռան ամիսներին, 140 դրամով:

1991 թվականից պարոն Գրիգորյանը այս գյուղի համայնքապետն է եւ խոշորացումից հետո նույնիսկ պատկերացնում է, որ կարելի է վերադառնալ նախկին մասնագիտությանը. «Ես հո չե՞մ ծնվել հավերժ գյուղապետ լինելու համար, մասնագիտությամբ մանկավարժ եմ, եթե գյուղապետ էլ չլինեմ, նախկինում դպրոցում էլի աշխատել եմ, էլի մեծ սիրով կաշխատեմ»,- նշեց գյուղապետը:

Համայնքապետը այն փաստը, որ Սյունիքի մարզում խոշորացման հանրաքվեի արդյունքները բարձր ցուցանիշ են ապահովել, բացատրում է այն հանգամանքով, որ նա լինելով այդ ծրագրի կողմնակից՝ ժողովուրդը «այո»-ի եւ «ոչ»-ի համար իրենից եւս խորհուրդ է հարցրել, եւ քանի որ նա իր գյուղում վստահություն է վայելում, գուցե հաշվի են առել իր կարծիքը: «Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանը մի քանի անգամ հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Նա ժողովրդին՝ բոլորին էլ ճանաչում է, նույնիսկ անուններով, բնակչության 90 տոկոսին ճանաչում է, մարդիկ ընդունում են, հարգում են, իրա ասածն էլ, իհարկե, դրականորեն ազդեց էդքան բարձր տոկոսի վրա»:

Իսկ Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը մարզպետի մասին այսպես արտահայտվեց. «Ես սրտանց նախանձում եմ իմ էն կոլեգաներին, որոնք մարզպետի հետ շատ երկար տարիներ աշխատել են: Իրոք, մեր մարզպետը գործի մարդ ա, ու ինքը աշխատանքի մեջ համար առաջինը կարգուկանոն է ուզում տեսնի, որը փոխանցում է նաեւ մեզ: Այսինքն՝ եթե մենք համայնքի ղեկավար ենք, չենք կարող անուշադիր պահել մեզ կամ ինչ-որ սխալ թույլ տալ՝ լավ հասկանալով, որ դա մեր վերադասի կողմից լավ չի դիտվի, ու դա շատ կարեւոր ու լավ հատկանիշ ա՝ ես կարծում եմ»:

Xoshoracum-Xot2

Մարինե Գրիգորյանը մեծ դժվարությամբ է երեխաներին պահում:

Այս գյուղի բնակիչներից մի քանիսը, որոնք չցանկացան ներկայանալ, խոշորացման հանրաքվեին դեմ լինելով՝ կողմ են քվեարկել՝ պատճառաբանելով, որ դա «վերեւներից» որոշված ծրագիր է, ու իրենք ոչինչ չեն կարող անել, իրենց կարծիքն էլ ոչ մի արժեք չունի:
Այս համայնքի բնակիչ Մարինե Գրիգորյանը, որը եւս այն մարդկանցից է, որոնք խոշորացմանը քվեարկել են կողմ, «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին այդքան էլ ծանոթ չէ, բայց քանի որ խոստումները շատ են, հույս ունի, որ դրանցից մի քանիսը կիրականացվեն. «Օրինակ՝ ճանապարհները բարեկարգեն, կամ երեխաների համար ինչ-որ զբաղմունքի տեղ լինի»: Մարինեն ապրում է ամուսնու եւ 3 անչափահաս երեխաների հետ: Ընտանիքի ապրուստի միջոցը ստացվում է գյուղմթերքների վաճառքից: Մշակում են կարտոֆիլ, լոբի, որն էլ վաճառում են, ինչպես նաեւ քաշում են թթի օղի եւ դարձյալ վաճառում: Այս ընտանիքը ամսական կայուն գումար ստանում է ընտանեկան նպաստից, որով էլ կոմունալ վճարումներ են կատարում: «Հիմա բանջարի սեզոն է, բանջար ենք բերում. ավելի լավ է՝ երեխաներս բանջար ուտեն, քան վերմիշել»,- ասաց Մարինե Գրիգորյանը:

Լրագրողների այցը Սյունիքի մարզ կազմակերպել էր «People in need» հայաստանյան ներկայացուցչությունը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում` Խոտ գյուղի երեխաները սպորտով զբաղվելու հնարավորություն չունեն:

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930