Այսօր ԱԺ-ում, երբ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հետաքրքրվեց շուկայում առկա կեղծ դեղերից եւ դրա դեմ պայքարից:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ փաստն այն է` կեղծ դեղեր կան շուկայում, Դուք հստակ պատասխան չտվեցիք, ասացիք հսկում եք, եթե հսկում եք՝ ո՞նց են հայտնվում շուկայում՝ նախարարը պատասխանեց. «Ամբողջ գործընթացը կանոնակարգված է: Դեղերը ինչպես ստեղծվելուց, ներմուծելուց, այնպես էլ նրանց գրանցելու պահից այդ երկար գործընթացն իրականացվում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության կողմից, վերահսկողությունն իրականացվում է առողջապահական նորաստեղծ տեսչության կողմից: «Դեղերի մասին» նոր օրենքն ընդունելուց հետո կփարատվեն բոլոր տեսակի կասկածները»:
Հարցին՝ ի՞նչ քանակի կեղծ դեղեր եք հայտնաբերել՝ նախարարը պատասխանեց, որ բազմաթիվ դեղերի գրանցումն է մերժվում, ներմուծումը. «Բայց պետք է հիասթափեցնեմ, մեծ չի այդ քանակը, համատարած կեղծ դեղերի խնդիր մենք երկրում չունենք»:
Լրագրողները հետաքրքրվեցինք նաեւ առողջապահական համակարգում կոռուպցիայից, կաշառակերությունից, երբ տարբեր անվճար ծառայությունների համար շարունակում են գումար պահանջել հիվանդներից: Նախարարը պատասխանեց, որ այդ գործընթացը միանգամից եւ ամբողջությամբ փոխել անհնարին է. «Փորձում ենք նոր մոտեցումներ իրականացնել, մասնավորապես, աշխատավարձի մասով փոխհատուցման խնդիր ներդնել, գործավարձի սկզբունք: Գործավարձի սկզբունքը, կատարված աշխատանքի դիմաց արժանի փոխհատուցման սկզբունքը թույլ կտա ստվերային հարաբերություններից հնարավորինս խուսափել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ