Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոսեց ալյուրի հարստացման՝ բավականին մեծ աղմուկ բարձրացրած ծրագրի մասին, որին ընդդիմանում են որոշ մասնագետներ:
Հարցին՝ ինչո՞ւ բնակչությունը Ձեզ չի վստահում, ասում են՝ Դուք գրանտներ եք վերցրել եւ փորձում եք այդ գումարները արդարացնել՝ նախարարը պատասխանեց. «Ես երբեւէ չեմ մեկնաբանի այդպես, որ բնակչությունը չի վստահում մեզ կամ ինձ: Վստահությունը մասնագիտական դաշտում անկյունաքարային հատվածն է բժշկության մեջ: Մենք պետք է վստահենք մեր մասնագետներին: Կամրջաշինության մեջ ինչո՞ւ չեն ասում՝ թող 4 սյուն դնեն կամ 3 սյուն: Հարցն այն է, որ երբ ինտերնետային միջավայրում հասանելի են դառնում նյութերը, եւ դա կարողանում են ընկալել պարզ լեզվով, այդ ինտերնետային դիլետանտիզմը թույլ է տալիս շահարկել այն օղակներին, որոնք խիստ շահագրգռված են, որ նման առողջապահական ծրագիր չիրականացվի: Իսկ թե ինչու են առանձին մի քանի տասնյակ մարդ, որ իրենց հռչակում են, թե 10 հազար են, 2 հանրահավաք են անում, մեկը՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Ասում են՝ հավաքվել են 10 հազար մարդ, երբ հավաքվում են 15 հոգի: Մաշտոցի պուրակում եւս հավաքվում են 15 հոգի: Ո՞ւր են 120 հազարը: Ես ուզում եմ տեսնել եւ լսել, բացատրություններ անձամբ տալ: Կարծում եմ, որ վստահությունը պետք է լինի մասնագիտական դաշտից, ոչ թե հուզական կամ կեղծ գիտական»:
Նախարարը վստահեցրեց, որ իրենք անաչառ քննարկումներ են կազմակերպել գիտական հենքի վրա. «Շուտով կլսեք գիտական ներուժի, ինչպես նաեւ միջազգային փորձագետների կարծիքն այն ծրագրերի մասին, որոնք կառավարելի են պահում արատներով երեխաների ծնունդը»:
Արմեն Մուրադյանը նշեց, որ որեւէ պաշտոն, որեւէ ծրագիր չարժի, որ նման կարեւորության հարցը տապալվի, բայց 2009-ից քննարկում են, այդ ընթացքում ՀՀ-ում ծնվում են արատներով երեխաներ. «Այդ երեխաների երեսին նայելով՝ ամեն անգամ պետք է հիշել, որ փոքրոգություն ենք անում, երբ այս ծրագիրը հետաձգում ենք ինչ-ինչ պատճառներով, որովհետեւ մի քանի տասնյակ մարդիկ փորձում են այդ ծրագիրը հետաձգել, պատճառները թողնում եմ ձեր հայեցողությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ