Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են տեսնում վրացիներն իրենց առջև. Նրանք տեսնում են մարդկանց, ովքեր անվանում են իրենց հայեր…

Հունիս 01,2015 12:38

Մայիսի 30-ին Վրաստանի Հայ Համայնքի կենտրոնական գրասենյակում կայացավ ուրախ և օգտակար միջոցառում: Դպրոցականների միջև կայացավ վիկտորինա հայ ժողովրդի պատմության թեմայի շուրջ: Խաղ-մրցույթի ընթացքում Վրաստանի Հայ համայնքի Պատանեկան Միության անդամները պատասխանում էին Հայկական լեռնաշխարհի, Արարատյան թագավորության (Ուրարտու), Հայկի և Բելի պատերազմի, Երվանդունիների և Արտաշեսյանների գահատոհմերի վերաբերյալ հարցերին…

Վիկտորինայի ավարտից հետո պատանիներից մի քանիսը պատասխանեցին խմբագրության հարցին, թե ինչո՞ւ է կարևոր իմանալ հայ ժողովրդի պատմությունը:

«Ցավոք առաջ ես չգիտեի Հայաստանի պատմությունը: Գիտեի ինչ-որ փաստեր: Ես սովորում եմ ռուսական դպրոցում: Իմ դասարանում հիմնականում բոլորը հայեր են, բայց քչերն են, որ ինչ-որ բան գիտեն մեր պատմությունից: Եթե մարդուն հետաքրքրում է իր ծագումը, ապա նա կսովորի և կիմանա: Պատանիները դրան ուշադրություն չեն դարձնում իրենք իրենց գործերն ունեն… Իմանալ պատմությունը շատ կարևոր է: Պետք է իմանալ` որտեղից ես դու ծագում: Պետք է իմանալ, թե ինչո՞վ հպարտանալ: Մենք շատ հպարտանալու բան ունենք: Մենք եզակի ժողովուրդ ենք մշակույթով, պատմությամբ… Կան ազգեր, որոնք ուղղակի չունեն պատմություն, նոր-նոր է ձևավորվում: Մեր պատմությունը հնագույն է», -Ջուլիա Հակոբյան, 9-րդ դասարան:

 

«Արդեն անցած նյութից ինձ ամենաշատն ապշեցրեց այն, որ բավարիացիները և բրիտանացիները իրենց ծագումը կապում են Հայաստանի հետ: Իմ համադասարանցիներից շատերը սոցիալական կայքերում վրացական ազգանուններով են գրանցված: Երբ ես նրանց հարցնում եմ, թե ինչո՞ւ, նրանք պատասխանում են, որ ամաչում են իրենց ծագման համար: Նրանք ամաչում են, որովհետև չգիտեն իրենց պատմությունը: Չգիտեն, որ մեր ժողովրդի պատմությունը մեծ է և հարուստ… դրա համար էլ ամաչում են:

Հայ ժողովրդի պատմությունը ոչ թե պետք է իմանալ, այլ անպայմա´ն պետք է իմանալ: Յուրաքանչյուր հայ պարտավոր է իմանալ իր լեզուն, պատմությունը, մշակույթը: Երբ իմ ռուս, վրացի ընկերները հպարտանում են իրենց ազգերով, ես էլ կարող եմ իմ խոսքն ասել: Կարող եմ անել այնպես, որ իմ ընկերներն ավելի շատ բան իմանան հայերի մասին և փոխեն իրենց կարծիքը մեր մասին:

Ես կուզենայի, որ իմ բոլոր հասակակիցները գային այստեղ: Սովորեին այն, ինչ սովորում ենք մենք` պատմություն, լեզու: Ես դա ուզում եմ նրա համար, որ երբ ինչ-որ մեկը նրանց հարց տա հայերի մասին, Հայաստանի մասին, նրանք կարողանան պատասխանել և չխայտառակվել», -ասում է 8-րդ. դասարանի աշակերտուհի Մարիամ Միսկարյանը:

«Շատերի համար ոչ էլ հետաքրքիր է իմանալ իր սեփական պատմությունը: Նրանք կարծում են, որ ապրում են այսօրվա օրով: Նրանք սովորում են այն, ինչ արել են ուրիշ երկրները, ժողովուրդները, իսկ սեփական ժողովրդի մասին ոչինչ չգիտեն, կամ գիտեն շատ քիչ: Դա շատ վատ է: Նրանք չգիտեն, թե ո՞վ են: Ես միշտ խորհուրդ եմ տալիս ընկերներիս, որ գան Համայնք, և սկսեն ճանաչել իրենք իրենց», -Հակոբ Լամազյան, Թբիլիսիի վրացական դպրոցի 9-րդ. դասարանի աշակերտ:

«Միությունը» զրուցեց նաև «Վրաստանի Հայ Համայնքի» «Պատանեկան» Միության անդամների միջև պատմության թեմայով վիկտորինայի կազմակերպիչներից մեկի` Լուսինե Աստոյանի հետ:

«Այսօր տեղի ունեցավ շատ հետաքրքիր միջոցառում: Պատանիների միջև անցկացրինք վիկտորինա հայ ժողովրդի պատմության` արդեն անցած նյութի վերաբերյալ: Դպրոցականները ամեն շաբաթ պատմություն են սովորում, և այսօր եկել է ժամանակը տեսնել, թե ի՞նչ են նրանք մտապահել և ինչպե՞ս են ընկալել ստացած գիտելիքները: Կազմակերպվել էր խաղ-մրցույթ, որի ընթացքում պատանիները անցած նյութից լավ գիտելիքներ ցուցաբերեցին: Մենք տեսանք, որ երեխաները ոչ միայն սովորել են այն, ինչ իրենք անցել են Համայնքում, բայց և ձևավորվել էր սեփական վերաբերմունք պատմության հանդեպ: Իսկ դա ամենակարևորն է:

Դպրոցականների մեծ մասը մինչ Համայնք գալը ոչ մի պատկերացում չուներ իր ժողովրդի պատմության մասին: Դպրոցում նրանք սովորում են համաշխարհային պատմություն, Վրաստանի պատմություն, իսկ իրենց ժողովրդի պատմությունը չգիտեն:

Այդ պատանիների ծնողների մեծամասնությունը սովորել են կամ վրացական, կամ ռուսական դպրոցներում… Ընտանիքներում, ցավոք, երեխաները չեն ստանում այն գիտելիքներն իրենց ժողովրդի մասին, որոնք ստանում են իրենց հասակակիցներն այլ երկրներում` Լիբանանում, Ֆրանսիայում, Իրանում, ԱՄՆ-ում… և պատճառը միայն լեզվի չիմացությունը չէ:

Ռուսերենով ևս կան պատմության մասին շատ գրքեր, մինչդեռ շատերը չեն հասկանում, որ իմանալ իրենց անցյալը, անհրաժեշտություն է: Ասում են` այն, ինչ գիտենք բավարար է… Բայց իրականում նրանք ոչինչ չգիտեն: Պատմությունը հասկանալու համար բավական չէ միայն իմանալ, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն… կամ իմանալ Տիգրան Մեծի անունը և չիմանալ, թե հետնորդները ինչու են նրան անվանել Մեծն…

Կարևոր չէ, թե ինչ երկրում ես ապրում: Լիարժեք մարդ լինելու համար, առաջին հերթին կարևոր է իմանալ քոնը, հետո ուրիշինը:

Վրաստանում հաճախ կարելի է տեսնել, մեղմ ասած վատ վերաբերմունք հայերի նկատմամբ… Իհա´րկե, դա արդարացում չունի, բայց մյուս կողմից… Ո՞ւմ են տեսնում վրացիներն իրենց առջև. Նրանք տեսնում են մարդկանց, որոնք իրենց հայ են անվանում, բայց միաժամանակ չգիտեն իրենց պատմությունը: Հաճախ են տեսնում այնպիսի հայերի, որոնք չիմանալով իրենք իրենց, ցանկանում են դառնալ ինչ-որ ուրիշը, որին կարծում են, թե գիտեն…

Վրացիները ոչ միշտ են հանդիպում հայերի, որոնք կարող են պաշտպանել իրենց, և դա հանգեցնում է նրան, որ վրացիների մոտ սխալ կարծիք է ձևավորվում մեր ժողովրդի մասին:

Մեր՝ Համայնքի խնդիրն է ուղղել դա: Մեր խնդիրն այն է, որ տանք հայ պատանիներին առավելագույն տեղեկատվություն իրենց իսկ ժողովրդի մասին: Մեր խնդիրն է հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ: Այնպես անել, որ նրանք զգան, որ իրենք Հայկի շարունակությունն են, այն ազգի շարունակությունն են, որը 7500 տարի առաջ ստեղծել է հայկական Ստոունհենջը` Քարահունջը…», -ասում է Լուսինե Աստոյանը, որը ժամանակին ավարտել է հայկական դպրոցը, իսկ հիմա Թբիլիսիի Պետական Համալսարանի ուսանողուհի է:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930