Այսօր ԱԺ-ում լրագրողները առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հարց ուղղեցին վերջին շրջանում հատկապես արատներով կամ հաշմանդամության խնդիրներով ծնված երեխաների մասին, մտահոգիչ չէ՞ այդքան արատներով երեխաների ծնունդը:
Նախարարը պատասխանեց, որ հայերը երեխայապաշտ են եւ բնականաբար, դա իրենց ուշադրության կենտրոնում է. «Հղիությունից սկսած կարող են արատները բաց թողնվել, եւ այդ ծրագրին մեծ ուշադրություն է դարձվում, որ կարողանան համապատասխան փուլերում հայտնաբերել»:
Արմեն Մուրադյանն ասաց, որ մեր երկրում սակավաթիվ դեպքերն էլ մտահոգիչ են, ուստի մի խնդիր կա, որը կառավարելի է պահում արատների ծնունդը. «Տարեկան 700-800 երեխա ծնվում է արատներով, օրինակ` նյարդային խողովակի արատով, որի հիմնական պատճառը վիտամին B9-ի պակասն է, որը փորձում ենք լրացնել, փորձում ենք կիրառելի անել մատչելի դեղերի միջոցով»:
Նախարարը նշեց, որ այն հղիները, որոնք այդ վիտամինի կամ ֆոլաթթվի պակասն ունեն, հրաժարվում են ստանալ այդ դեղորայքը: Ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, որոշ երկրներում կաթնամթերքն են հաստացնում ֆոլաթթվով, Հայաստանը փորձում է ալյուրի հարստացման ճանապարհով գնալ:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանը հորդորեց բնակչությանը չտրվել հույզերին ու հուզական մեկնաբանություններին, խորը գիտական ուսումնասիրություններին վստահել: Ըստ նրա, այդ հուզական մեկնաբանությունները հիմնված են բիզնես ծրագրերի վրա:
Մեր հարցին՝ ինչո՞ւ չեն կարողանում մասնագետները ուլտրաձայնային հետազոտությամբ վաղ հայտնաբերել նման երեխաների ՝ նախարարը պատասխանեց, որ անգամ ամենաժամանակակից սարքավորումների դեպքում եթե ոչ փորձառու մասնագետի ձեռքում է, նա սովոր չի, չգիտի ինչպես հայտնաբերել, ինչպես մեկնաբանել, խնդիր կլինի: Հիմա թրեյնինգներ են կազմակերպում մասնագետների համար:
Հարցին՝ ալրի հարստացման այդ ծրագիրն ինչո՞ւ փորձնական չի արվում միայն հղիների համար, ամբողջ ազգը հղի՞ է, որ այդ ծրագիրն ուզում եք փորձարկել ազգի վրա՝ նախարարը պատասխանեց. «Եթե անգամ ամբողջ ազգը հղի չի, գոնե այն մասին, որոնք վերարտադրողական տարիքում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ես ցանկանում եմ, որ հղի լինեն: Բայց փորձարարական դա հնարավոր չի անել, հաշվի առնելով,որ հանրային առողջապահական ծրագրեր կան, օրինակ, վակցինացիան, եթե 80 տոկոսից պակաս արվի, արդյունավետությունը նվազում է: Հանրային առողջությունն ունի իր օրենքները, դա գիտություն է: 80 տոկոսից նվազ նշանակում է առողջապահական ցուցանիշների ոչ բարելավում: 20 տոկոսը մնում է ընտրության շեմին, կարող են ընտրել»:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ այդ հացը միայն հղիների համար չի վաճառվում՝ թիրախավորված, վրան գրվի, որ այս հացը հղիների համար է՝ նախարարը պատասխանեց. «Կամ նրանց համար է, ովքեր պատրաստվում են հղի՞ դառնալ: Տեղյա՞կ եք, որ բոլոր վերարտադրողական տարիքի կանանց 25 տոկոսը, բոլոր գեղեցկուհիների ամեն 4-րդն ունի սակավարյունություն: 37 տոկոսը մեր նախադպրոցական տարիքի երեխաների ունեն սակավարյունություն»:
Մեր հարցին՝ իսկ տղամարդկանց դա ինչի՞ համար է ցուցված, որ ողջ ազգին ենք ներգրավում՝ նախարարը պատասխանեց. «Տղամարդ երեխա չի՞ լինում 37 տոկոսի մեջ: Մայրական մահացությունը, մայրական բարդությունները տղամարդկանց չե՞ն վերաբերում, թե՞ այն երեխան, որ ծնվում է արատով, տղա երեխա չի լինում: Սա հանրային առողջապահական խնդիր է: Նույնն է, որ ասենք՝ եկեք պատվաստում անենք միայն այն մարդկանց, ովքեր հիվանդանալու են վարակիչ հիվանդությամբ, կամ թող չծխեն միայն այն մարդիկ, ովքեր քաղցկեղ ունեն: Սա անհեթեթություն է, մենք պետք է գիտությանը վստահենք: Սա մղձավանջ չի, միջնադար չի: Պետք է ժամանակակից բժշկագիտության բոլոր ուղղություններն օգտագործենք, որ հիվանդությունը կառավարենք, նվազեցնենք եւ սուղ ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ