Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպան. Չեմ տեսնում անկում, չնայած Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը

Հունիս 01,2015 12:24

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը Ռիգայի գագաթաժողովը համարում է կարեւոր իրադարձություն:

«Այն այնքան էլ դյուրին իրադարձություն չէր, բայց ԵՄ-ն արտաքին աշխարհին փորձեց ցույց տալ, որ Արեւելյան գործընկերությունն իր համար շարունակում է մնալ կարեւոր: Գագաթաժողովը կրկնեց ԵՄ-ի հիմնական տեսակետները, առաջինը՝ ԵՄ-ը շարունակում է աջակցել գործընկեր երկրներում բարեփոխումների կուրսին»,- այսօր ՄԱԱ-ում ասաց դեսպանը:

Ըստ նրա, գագաթաժողովը հասավ այն արդյունքին, որ հստակ խոսվեց ու ընդունեց տարբերակված սկզբունք՝ վեց անդամ պետությունների ԵՄ հետ հարաբերությունները կարգավորում են վեց տարբեր պայմանագրային ձեւաչափերով. «Գագաթաժողովը նաեւ վերահաստատեց ու ընդգծեց, որ վեց պետությունների հետ հարաբերությունները պետք է զարգացվեն համաձայն այդ երկրների ամբիցիաների»:

Տարբերակված մոտեցում ասելով՝ դեսպանը հստակեցրեց, նկատի ունի՝ Գերմանիան կարեւորում է անհատական մոտեցումը գործընկեր պետությունների հետ. «Ադրբեջանի հավակնություններն այլ են, քան Հայաստանինը, Ադրբեջանն ավելի շատ հակված է ունենալու ռազմավարական ու արդիականացման ուղղված հարաբերություններ, Հայաստանը ավելի շատ նայում է ժողովրդավարական փոփոխությունների ուղղությամբ: Արեւելյան գործընկերության նպատակը գործընկեր պետություններին մերձեցնել ԵՄ արժեքներին՝ առանց ԵՄ անդամակցության հեռանկարի»:

Հայաստանի հետ ԵՄ ստորագրվելիք փաստաթուղթը որ ոլորտներին է վերաբերելու հարցին, դեսպանը պատասխանեց՝ մանրամասներ չի կարող ներկայացնել. «Կորոշի ապագան, բայց մի բան պարզ է, որ գագաթաժողովում ասվեց, թե վեց գործընկեր պետությունների հետ պետք է շարունակվեն հարաբերությունները ու պայմանագրերը պետք կնքվեն համաձայն այդ երկրներում ծագած անհրաժեշտությունների ու հավակնությունների: Վերջին ժամանակներս նորից սկսվեցին ԵՄ-Հայաստան երկխոսությունները, կողմերը կրկին անգամ հանդիպեցին, սրանք խորհրդատվական հանդիպումներ էին, ոչ բանակցային հանդիպումներ: Հանդիպումների մի ձեւաչափ էր, որտեղ պետք է պարզվեր՝ ինչ հավակնություններ ունի ՀՀ-ն ԵՄ հետ համագործակցության հարցում: Այն տպավորությունն ունեմ, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել մի բլոկ, եւ այդ բլոկի դրույթների շուրջ բանակցությունները կկատարվեն ԵՄ բանակցող խմբերի միջեւ: Չեմ տիրապետում մանրամասներին, հիմնականում այն դրույթներն են, որոնք նախորդ բանակցության օրակարգում են եղել, երբ խոսքը ասոցացման համաձայնագրի մասին էր»:

Նա նաեւ դրական տնտեսական ցուցանիշներ է արձանագրել ՀՀ-Գերմանիա տնտեսական համագործակցության բնագավառում. «Անցած տարվա համեմատ այս տարի մոտ տասնութ տոկոսով աճել է առեւտրաշրջանառությունը ՀՀ- Գերմանիայի միջեւ, միայն Ներմուծում-արտահանումը կազմել էր 235 միլիոն եվրո: Չեմ տեսնում անկում, չնայած Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930