Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարքս Ցեղասպանության, էկոցիդի կամ գոնե միջազգային ահաբեկչության նման մի բա՞ն է

Հունիս 01,2015 12:15
Karen Heqimyan

Եթե Դուք բնակարանի կամ որեւէ այլ գույքի սեփականատերը չեք, սակայն, բախտի բերմամբ, այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում եք, ապա այդ գույքի նկատմամբ ձեռք եք բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս տողերը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքից են:

Վաղեմություն հասկացությունը լայն կիրառում է ստացել դեռ հնուց եւ տարածվել է կյանքի բոլոր ոլորտներում: Այն կիրառվում է քաղաքացիական, քրեական եւ վարչական հարթություններում: Քրեական օրենսգրքով, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է որոշակի ժամանակ: Օրինակ՝ եթե անձը կատարել է առանձնապես ծանր հանցանք եւ հանգամանքների բերումով չի կրել պատիժ, ապա տասնհինգ տարի անց նա էլ քրեորեն չի հետապնդվի: Ասել է թե մարդասպանը՝ որոշ ժամանակ անց կարող է եւ չկրել նախատեսված պատիժը: Քաղաքացիական օրենսգրքով հայցային վաղեմության ժամկետն երեք տարի է: Պարտք կամ պահանջ ունենալու դեպքում՝դրանք կյանքի կոչելու համար Ձեզ տրվում է երեք տարի: Դրանից հետո արդեն բաց թողնված հայցային ժամկետը վերականգնվում է միայն դատական կարգով: Ճանապարհային ոստիկանությանը՝ տուգանքի որոշումն ի կատար ածելու համար տրվում է ընդամենը մեկ տարի, որից հետո տուգանքը գանձման ենթակա չէ:

Թե ինչո՞ւ  է անհրաժեշտ վաղեմությունը մարդիկ պարզել են վաղուց: Արդեն հնադարում նրանք հաշվում էին ժամանակը և նրան իրավունքում որոշակի նշանակություն ու տեղ էին տալիս: Մեկին ժամանակը իրավունք էր տալիս, իսկ մյուսին զրկում իրավունքից: Դեռ հռոմեացի իրավաբանները ժամանակը համարում էին իրավաստեղծ, իրավունքը փոխող և դադարեցնող գործոն:

Հայցային վաղեմությունն օրենքով սահմանված այն ժամանակահատվածն էր, որի ընթացքում իրավազոր անձը կարող էր հայցով դիմեր դատարան՝ պաշտպանելու իր սուբյեկտիվ իրավունքը, որ խախտվել է այլ անձի կողմից: Հայցային վաղեմության ժամկետի սահմանումը, նրա անհրաժեշտությունը թելադրվում էր քաղաքացիական նյութաիրավական պահանջներով, ինչպես նաև քաղաքացիական դատավարության դատավարական պահանջներով:

Նախ և առաջ, չէր կարելի անվավերության սպառնալիքի տակ երկար ժամկետով անորոշ վիճակում թողնել սուբյեկտների միջև ծագած իրավահարաբերությունները, հատկապես երբ իրավահարաբերությունը զարգանում էր անկանոն կոնֆլիկտներով:

Երկրորդ, դատավարությունը պահանջում էր ապացույցներ, դրանք կարող էին տալ այն վկաները, որոնց հիշողությունը ժամանակի ընթացքում թուլանում էր, իսկ փաստաթղթերը երկար ժամանակ օգտագործվելուց հետո կամ պահելու դեպքում մաշվում էին կամ կորչում:

Այս բոլորը դժվարացնում էին ապացուցման գործընթացը: Ահա թե ինչու էր անհրաժեշտ ժամանակը, որի ընթացքում անձը հայցի միջոցով պետք է գործ հարուցեր դատարանում՝ վերացնելով կոնֆլիկտային իրավական կապը կոնտրագենտի հետ:

Ընդունված է վաղեմության ժամկետ չկիրառել մի քանի դեպքերում՝ ագրեսիվ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, վարելու, զանգվածային ոչնչացման զենք արտադրելու, պատերազմում արգելված միջոցներ կիրառելու, օտարերկրյա պետության դեմ ահաբեկչական գործողություններ կատարելու, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական նորմերի խախտելու, զինված ընդհարումների ժամանակ հանցավոր հրաման արձակելու դեպքում, ինչպես նաև ցեղասպանության եւ էկոցիդի ժամանակ:

Սակայն պարզվում է, որ Հայաստանում վաղեմություն չի կիրառվում նաեւ հարկային գծով որոշակի տուգանքների նկատմամբ: 2005թ ինձ պատկանող ԱՁ-ի նկատմամբ՝ ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելու համար կազմվեց ակտ, որն ի կատար չածվեց տասը տարվա ընթացքում: Եվ այժմ՝ տասը տարի անց ՀՀ Ֆինանսների նախարարությունը պահանջում է 2005թ ակտով նախատեսված գումարը: Եվ դա այն դեպքում, երբ փաստացի գոյություն չունի այն իրավաբանական անձը, որի նկատմամբ կազմվել է իրավախախտման մասին արձանագրությունը:

Աննախադեպ այս երեւույթն աջակցություն է ստացել վարչական եւ դատական մարմինների կողմից: Ընդ որում, պատկան մարմինները չեն ցանկանում անգամ բացատրել թե այդ իմաստով ի՞նչ տարբերություն կա մատնանշածս պարտավորության եւ այլ պարտավորությունների միջեւ, որոնց նկատմամբ կիրառվում է վաղեմություն հասկացությունը:

Որպես օրինակ բերեմ գույքահարկը: Այդ հարկատեսակի դեպքում հարկատուն՝ դատարանի որոշմամբ վճարում է միայն վերջին երեք տարվա գումարը: Ստացվում է, որ ՀԴՄ-ի կտրոնի չտրամադրման նախատեսված պարտավորությունը Հայաստանում չունի հայցային վաղեմության ժամկետ եւ դրանով իսկ այդ երեւույթը հավասարեցվում է ցեղասպանությանը, էկոցիդին կամ, ծայրահեղ դեպքում, գոնե միջազգային ահաբեկչությանը: Յուրահատուկ երկիր ենք կառուցել:

Վերջում ավելացնեմ, որ այս պատմության ընթացքում ոչ մեկին չի հետաքրքրում թե ո՞վ, ինչու՞ կամ ի՞նչ գործողությունների կամ անգործության հետեւանքով ի կատար չի ածել 2005թ վարչական ակտը՝ էական ֆինանսական վնաս պատճառելով մեր Հայրենիքին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930