Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Խոսքի՞, թե՞ մտքի ազատություն

Հունիս 01,2015 15:30

Հունգարիայի ոչ դեմոկրատ վարչապետն
իր համար «խոսքի ազատություն» է պահանջում

Առաջ, երբ Ֆեյսբուքում կամ Aravot.am-ում իմ նյութի տակ իմ հասցեին վիրավորանքներ էին գրում («ծախված», «ստոր», «դավաճան» եւ այլն), ես դրանք ջնջում էի եւ Ֆեյսբուքի դեպքում՝ արգելափակում էի նման բան գրողին: Հիմա ես այդպես չեմ վարվում եւ խնդրում եմ մոդերատորներին իմ դեպքում դա չանել (եթե չկան սեռական բնույթի հայհոյանքներ), որովհետեւ, ինչպես արդեն մի անգամ գրել եմ, վիրավորանքն իրականում օգնություն աղերսող ճիչ է՝ խնդիրներ եւ բարդույթներ ունեցող մարդու կողմից, եւ գուցե այդ արտահայտությունները նման բաներ գրողների համար հոգեթերապեւտիկ էֆեկտ ունեն: Սրտանց ուրախանում եմ, երբ նման դեպքերում կարողանում եմ օգտակար լինել (գրում եմ դա առանց որեւէ հեգնանքի):

Բայց մնացած դեպքերում մոդերատորները Aravot.am-ից պարտավոր են ջնջել (տեխնիկապես ասած՝ չհրապարակել) վիրավորական մեկնաբանությունները, եւ ահա այս դեպքում սկսվում են դժգոհությունները՝ բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը: Օրինակ՝ մի ընթերցող ունենք, որն իր անվան, ավելի ճիշտ՝ տարբեր անունների կողքին փակագծերում գրում է «ԵՊՀ» (հավանաբար, առավել «սոլիդ» երեւալու համար), եւ երբ նրա վիրավորանքները չեն հրապարակվում, դժգոհում է «գրաքննությունից»:
Այս ամենը ես հիշեցի վերջերս տեղի ունեցած հետաքրքիր միջադեպի հետ կապված: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, արձագանքելով իր երկրում կատարված դաժան սպանությանը, միտք է հայտնել, որ արժե թերեւս օրակարգային հարց դարձնել մահապատիժը վերականգնելը: Ի պատասխան դրան՝ Եվրամիության չինովնիկները հիշեցրին, որ ԵՄ անդամ երկրներում մահապատիժն արգելված է 2001 թվականին ընդունված այդ կազմակերպության խարտիայի երկրորդ հոդվածով, իսկ բուն Հունգարիայում մահապատիժը վերացված է 91 թվականին՝ կոմունիզմի անկումից հետո: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն էր Օրբանի հակափաստարկը: Նա այդ հիշեցումը դիտարկեց որպես ոտնձգություն խոսքի ազատության հանդեպ. «Ես չեմ ուզում ապրել միջնադարում, երբ գոյություն ունեին արգելված թեմաներ, որոնց վերաբերյալ չի կարելի խոսել»,- ասել է Հունգարիայի վարչապետը…

Հունգարիան, հիշեցնեմ, այն երկիրն է, որը հենց Օրբանի իշխանության օրոք կաշառքի դիմաց փաստացի ազատություն է շնորհել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Չի կարելի ասել նաեւ, որ Հունգարիայի ներկայիս վարչապետը շատ մեծ դեմոկրատ է: Երբ նրա կուսակցությունը՝ «Ֆիդեսը», 2010 թվականին վերադարձավ իշխանության, Օրբանը փոխեց ընտրական օրենսգիրքը հօգուտ իրեն, վերահսկողություն սահմանեց դատական իշխանության նկատմամբ, դարձրեց ծայրահեղ ազգայնականությունը իր քաղաքականության անկյունաքարը եւ էապես սահմանափակեց խոսքի ազատությունը. միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ 2010-2014 թվականներին Հունաստանը եւ Հունգարիան մամուլի ազատության առումով ամենամեծ հետընթացն ապահովող եվրոպական երկրներն են:

Ընդհանրապես նկատել եմ մի օրինաչափություն՝ իրենց համար խոսքի ազատություն են պահանջում սովորաբար հենց նրանք, ովքեր այլոց խոսքի ազատության նկատմամբ խիստ անհանդուրժող են: Օրինակ՝ կուսակցական լրատվամիջոցները, որոնք կուսակցության «գլխավոր գծից» ոչ մի սանտիմետր չեն շեղվում եւ զբաղված են բացառապես իրենց կուսակցության «կացնային» քարոզչությամբ, ժամանակ առ ժամանակ «հաշիվ են պահանջում» այն լրատվամիջոցներից, որոնցում ներկայացված տեսակետների սպեկտրը շատ ավելի լայն է:

…Սյորեն Կյերկեգորը տարակուսում էր՝ «բոլոր մարդկանց արդեն իսկ տրված է մտքի ազատություն, էլ ինչո՞ւ են նրանք պահանջում նաեւ խոսքի ազատություն»: 19-րդ դարի դանիացի փիլիսոփան թերեւս չափից դուրս լավատես էր՝ խոսելով «բոլոր մարդկանց» մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930