«Առավոտի» հանդիպումը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի (լուսանկարում) հետ հիմնականում մեկ նպատակ ուներ՝ պարզելու, թե մինչեւ ընթացիկ խաղաշրջանի ավարտը կկայանա՞ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան: «Անպայման: Խաղաշրջանի վերջին ներկայացումներն են ոչ միայն «Կարմենը», այլեւ վերականգնված Ադանի «Ժիզել» բալետը,- հավաստիացրեց մեր զրուցակիցն ու հավելեց,- վերջին մեկ տարում վերականգնվել են միանգամից 3 բալետային ներկայացումներ՝ Բիզե-Ռոդիոն Շչեդրինի «Կարմենը», Ադանի «Ժիզելը», իսպանական ժողովրդական երաժշտության թեմաներով էլ՝ «Լորկիանան»: Հաջորդ թատերաշրջանում՝ աշնանը հանդիսատեսին կհրավիրենք դիտելու Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Լեոնկավալոյի «Պայացներ» օպերաների պրեմիերաները, պատրաստվում ենք վերականգնել Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան եւ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի հիման վրա Խաչատրյանի համանուն բալետային ներկայացումը»:
Զրույցի ընթացքում Անդրանիկ Արզումանյանը հայտնեց, որ մայիսի 31-ից հունիսի 2-ը թատրոնը կհյուրընկալվի Արարատի, Վայոց ձորի մարզերում եւ Արցախում, հիշեցնելով, որ մարզային ծրագիրը մեկնարկել է դեռեւս անցյալ տարվանից: Տնօրենը փաստեց Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրենց նվագախմբի ունեցած համերգները, հավաստիացնելով, թե դա կկրի շարունակական բնույթ: «Բացի խաղացանկային ներկայացումներից, մեր արտիստների մասնակցությամբ տարբեր միջոցառումներ են անցկացվել թատրոնում, ինչի թվարկումը երկար ժամանակ կպահանջի: Միայն հիշեցնեմ հայ հանդիսատեսին ապրիլին տրված այն բացառիկ հնարավորությունը, որ ներկա գտնվելով թատրոնում, նա ուղիղ եթերի միջոցով մասնակիցը եղավ Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» գալա համերգին»:
Հիշեցնելով մայիսի 30-ին կայանալիք «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա համերգի մասին, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ արդյո՞ք այդ խորագիրը, մեղմ ասած՝ անհամեստ չէ: «Տեղյակ եք, որ արդեն անցնող մեկ տարվա ընթացքում, ինչ ես տնօրեն եմ, կատարվել են փոփոխություններ ե՛ւ ադմինիստրատիվ կազմում, ե՛ւ ստեղծագործական խմբերում: Այս համերգը իսկապես ճոխ ծրագրով հենց ներկայացնում է մեկ տարվա ընթացքում կատարվածը»,- պատասխանեց պարոն Արզումանյանը, ժպտալով էլ շարունակեց խոսքը՝ ասելով, թե ցանկացած երկրում առաջին հորիզոնականում է օպերային թատրոնը, այն պարզ պատճառով, որ նման մշակութային օջախ ունենալը ճոխություն է ցանկացած երկրի համար: Մեր օպերային թատրոնը բոլորել է իր 80 տարին, ինչը խոսուն փաստ է եւ ենթակա չէ որեւէ մեկնաբանության:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.05.2015