Լրահոս
Օրվա լրահոսը

«Երանի շուտով գա այն բաղձալի պահը, երբ այլեւս հարկ չի լինի ուսուցանել հայ ավանդական երգն ու պարը»

Հունիս 01,2015 13:30

Հաճախ է խոսվում այն մասին, որ ազգային երգն ու պարը վտանգի տակ են գտնվում: Այսօր քիչ են այնպիսի խմբերը կամ մարդիկ, որոնք ձեռնամուխ են ազգային մշակույթի պահպանմանը: Դրանց մեջ կարելի է առանձնացնել «Կարին» ավանդական երգ ու պարի համույթին եւ նրա սաներին: «Կարինի»՝ ազգային պարը հայ երիտասարդության մեջ սերմանող սաներից է Հովհաննես Դաշտոյանը:

–Հովան, որտեղի՞ց եւ ե՞րբ սկսվեց Ձեր ուղին դեպի հայ ազգային պարարվեստ:

-Թող պատասխանս չափազանց վերացական չթվա, եթե ասեմ, որ իմ ուղին դեպի ազգիս ավանդական պարարվեստ սկսվեց դեռեւս հեռավո՜ր-հեռավոր անցյալից, երբ հայ մարդն առաջին անգամ պարեց: Սկսվեց այն ժամանակ, երբ հայ ավանդական մշակույթի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանը դարձավ կնքահայրս: Սկսվեց այն ժամանակ, երբ ծնողներս առաջին անգամ, տակավին գրկի երեխա լինելով, ինձ տարան Երեւանի պոլիտեխնիկական համալսարանում 1979 թվականից յուրաքանչյուր տարի տեղի ունեցող Ազգագրական երգ ու պարի փառատոնին (ուր բեմից հանդես էին գալիս ազգագրական մշակույթի ռահվիրա համույթները՝ «Ակունք», «Վան», «Մարաթուկ», «Սասուն»…), որն, ի դեպ, ազգագրական մշակույթի միակ լայնածավալ փառատոնն էր, որի կայացման ակունքներում կանգնած են մի շարք անմնացորդ-նվիրյալ հայորդիներ (որոնց թվում նաեւ հայրս՝ Ռոբերտ Դաշտոյանը) եւ որը շարունակում է իր ամենամյա ընթացքը՝ շնորհիվ Արկադի Դուրինյան անունով, թեեւ քչերին հայտնի, սակայն այս փառատոնի կազմակերպման հիմնական բեռն իր ուսերին տանող անհատի: Իսկ շարունակվեց իմ ուղին դեպի հայ ավանդական պարարվեստ, երբ 2008-ին՝ տասնութ տարեկանում, ավագ եղբորս՝ Հարությունի եւ ավագ ընկերոջս՝ Սարգիս Պարսամյանի միջամտությամբ առաջին անգամ հայտնվեցի «Նարեկացի» արվեստի միությունում յուրաքանչյուր ամիս «Կարին» ավանդական երգի-պարի խմբի կողմից անցկացվող հանրային պարուսուցմանը: Հենց այստե՛ղ էր, որ թունդ եղավ հեռավո՜ր-հեռավոր անցյալից ինձ փոխանցված, Հայրիկ կնքահորս՝ գլխիս վերեւում պահած խաչով օրհնված եւ Պոլիտեխնիկի ազգագրական փառատոնով ենթագիտակցությանս մեջ արմատավորված հայոց էթնիկ ոգին: Հենց «Նարեկացի»-ում էր, որ բռնկվեց հոգուս խորքերում վաղո՜ւց ծվարած հայ ոգին, իսկ բռնկողն այն խանդավառ երիտասարդներն էին, ովքեր այնքա՜ն մեծ ոգեւորությամբ էին պարում հայոց ավանդական պարերը, բռնկողն այն ազատասեր ազատամարտիկն էր՝ Գագիկ Գինոսյանը, ով պարում էր, խոսում էր, խորհում էր հայերեն, ով չէր զլանում իր ամբարած մշակութային պաշարից բաժին հանել նաեւ իր շրջապատին, ով անմնացորդ նվիրումով բաշխում էր իր ունեցածը՝ հայ պարը սովորեցնելով հային… Եվ այնուհետեւ բախտ ունեցա լինելու ընկեր Գինոսյանի սանը, որոշ ժամանակ անց՝ 2009-ից, ընդգրկվեցի «Կարին» խմբում եւ շուրջ չորս տարի հանդես եկա խմբի հիմնական կազմում:

-Ի՞նչ է Ձեզ համար պարը:

-Պարել սկսելուցս ի վեր, ժամանակի ընթացքում պարի վերաբերյալ ինձ համար հետեւյալ բանաձեւումը ձեւակերպեցի՝ «մարմնի շարժումները պիտի սատարեն, որպեսզի մի՛տքն ու հոգի՛ն պարեն»: Պարը (այստեղ առաջնահերթորեն էթնիկ ավանդական պարի մասին է խոսքը) շատ դեպքերում անըմբռնելի խորքեր պարունակող մի երեւույթ է ինձ համար: Այն խորախորհուրդ մի միջոց է, որը հնարավորություն է տալիս պարողին իր մեջ արթնացնելու սեփական էության դեռեւս չբացահայտված շերտեր՝ հույզեր, մտապատկերներ, հոգեկան եռանդ… Պարը նաեւ կարելի է դիտարկել որպես գիտական սկզբունքների եւ բնության օրինաչափությունների վրա հիմնված հինավուրց մի համակարգ:

Փառք Աստծո, որ ունեցել ենք եւ հիմա էլ ունենք մեր էթնիկ ավանդական պարերը գրառող բանահավաքներ, պարն ուսումնասիրող ազգագրագետ-մասնագետներ, որոնց անդուլ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենք ճանաչելու հայոց ավանդական պարը, նորանոր բացահայտումներ անելու հայոց պարի խորություններում…

par

-Արդեն որոշ ժամանակ է` Դուք զբաղվում եք նաև ազգային պարերի դասավանդմամբ: Ինչպե՞ս պատահեց, որ պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն ստացած մասնագետը սկսեց զբաղվել նաև պարուսուցմամբ: Այժմ որտե՞ղ եք դասավանդում:

-Գիտե՛ք, երբ որոշ առիթների եմ ներկա լինում, ասենք, որևէ տոնահանդես կամ խնջույք, և ինձ ներկայացնում են որպես պարող կամ պարուսույց՝ հակադարձում եմ՝ ասելով, որ պետք չունի առանձնացնել անձս՝ ի նկատի առնելով սեփական ազգի մշակույթի կրողը լինելու հանգամանքը: Այդ հանգամանքը թող լինի այնքա՜ն սովորական մի բան, որ կարիք չլինի առանձնացնել այն անհատներին, ովքեր իրե՛նց իսկ մշակույթի կրողն են: Եվ հենց դրա՛ն է միտված որպես պարուսույց իմ ու իմ շատ ընկերների գործունեությունը: Թող Աստված աննվազ ուժ ու եռանդ պարգևի այս գործին լծված բոլոր-բոլոր անհատներին: Ուշադիր մարդն անշո՛ւշտ կնկատի, որ արդեն հստակորեն նշմարելի է այն օրը, երբ շատե՛րը կլինեն իրենց իսկ ազգային մշակույթի կրողն ու փոխանցողը: Արդեն ընթացքի մեջ է դրվել ազգային երգն ու պարը որպես դպրոցական առարկա դասավանդելու ծրագիրը: Թող որ այդ ծրագիրը հարթ ընթացք ունենա և տա սպասված արդյունքները: Մե՜ծ ավյուն և խորագիտություն մաղթենք ծրագրի նախաձեռնող Գագիկ Գինոսյանին և այս գործը գլուխ բերող բոլոր-բոլոր նվիրյալներին:

Ինքս, որպես հայ ավանդական պարերի պարուսույց, հանդես եմ գալիս 2009-ից՝ սկսելով նախևառաջ իմ անմիջական շրջապատի ընկերներին ուսուցանելուց: 2012-ին Գավառ քաղաքում «Ազգային դիմագիծ» հեռուստանախագծի հեղինակ Գրիգոր Դաշտոյանի հետ նույն այդ նախագծի շրջանակներում հիմնադրեցինք «Դարույնք» հայ ավանդական պարի խումբը, որի պարուսույցն ու գեղարվեստական ղեկավարն եմ եղել: «Ազգային դիմագիծ» նախագծի շրջանակներում հայ ավանդական պարի կրողը դարձան 5-ից մինչև 22 տարեկան ավելի քան 100 հայորդիներ՝ Գավառից և շրջակա գյուղերից: 2013-ի ամռան ընթացքում որպես պարուսույց հանդես եմ եկել «Հայ Ասպետ» հիմնադրամի կազմակերպած բանակումների ընթացքում, նույն տարվա սեպտեմբերից «Հայ Ասպետ»-ում աշխատել եմ որպես Ազգային պար առարկայի ուսուցիչ: 2013-ից մինչ օրս Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ իմ ավագ ընկերներ Դավիթ Պարյանի և Զաքար Խոջաբաղյանի նախաձեռնությամբ, յուրաքանչյուր շաբաթ օր անցկացնում եմ պարուսուցում, որտեղ մուտքն ազատ է բոլորի համար: Արդեն մի քանի ամիս է՝ ինչ Երևանի բժշկական համալսարանում նույնպես՝ տեղի ակտիվ ուսանողների նախաձեռնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի ազգային պարի դաս եմ անցկացնում: Վերջերս բաց պարուսուցում մեկնարկեց նաև ԵՊՀ ուսանողների համար՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ակտիվ աջակցությամբ: Բոլոր նշված պարուսուցումների մուտքն ազատ է, հետաքրքրված ուսանողները կարող են պարուսուցումների մասին տեղեկանալ ֆեյսբուքյան հայտարարություններից կամ նշված բուհերի համապատասխան բաժիններից: Առիթից օգտվելով՝ պարուսուցումներին մասնակցող բոլոր ուսանողների անունից երախտագիտությունս եմ հայտնում նշված երեք բուհերի՝ ՖԿՀՊԻ-ի, ՀՊԲՀ-ի և ԵՊՀ-ի ղեկավարներին, աշխատողներին և աջակցող ակտիվ ուսանողներին՝ ամենայն օժանդակություն ցուցաբերելու համար:

-«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության հետ միասին ազգային պարի դասեր եք անցկացնում նաև զորամասերում: Ձեր կարծիքով որքանո՞վ է կարևոր ազգային պարը հայ զինվորի համար:

-Զորամասերում պարուսուցումներ իրականացրել եմ դեռևս «Հայ Ասպետ»-ում որպես պարուսույց աշխատելուս ընթացքում՝ 2013-ին: Այստեղ կուզեմ անպայման նշել «Հայ Ասպետ» կդբհ-ի հիմնադիր Կարին Տոնոյանի՝ հայ ազգային մշակույթի հանրայնացման գործում ունեցած հսկայական ներդրման մասին:

Ներկայում ընկերոջս՝ Կորյուն Դավթյանի հետ, Երևանի զորամասերից մեկում՝ տեղի հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագի նախաձեռնությամբ և զորամասի հրամանատարության աջակցությամբ մի խումբ զինվորների հետ իրականացնում ենք ամենշաբաթյա պարուսուցում: Զինվորների հետ մեր աշխատանքի ընթացքում ակներև է նրանց ոգևորությունը հայոց ռազմապարերը պարելիս: Պարեր, որոնք հին ժամանակներից մեզ հասած պատմական փաստաթղթերում անվանվում են «պարք բանակաց» (բանակների պարեր) և որոնց ժողովուրդը տվել է «կռվու խաղ» (կռվի, մարտի պար) բնորոշումը: Հայոց ռազմապարերը միավորում, համախմբում են մեր զինվորներին մեկ շարքի մեջ, օգնում են պարի շարժումների միջոցով արտահայտել զսպված հույզերը, նաև լիցքավորում են կենսական եռանդով ու անպարտելի ոգեղենությամբ: Եվ գնալով ավելի ու ավելի է հասունանում այն պահը, երբ հայ զինվորը շարային քայլքին, զինվորական տարաբնույթ հմտություններին տիրապետելու հետ մեկտեղ կտիրապետի նաև հայոց ոգեղեն ռազմապարերին:

Ինչ վերաբերում է «Պարենք հայերեն» նախաձեռնությանը, ապա պետք է ասեմ, որ «Պարենք»-ի հիմնական նպատակը հայ ավանդական պարի հանրայնացումն է՝ բաց պարուսուցումներ իրականացնելու միջոցով՝ զորամասերում, դպրոցներում, բուհ-երում՝ թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի մարզերում: «Պարենք հայերեն»-ը գործում է 2011-ից, նախաձեռնության անդամների մեծ մասը Գագիկ Գինոսյանի սաներն են՝ նախանձախնդիր, նվիրյալ երիտասարդներ, ովքեր անշահախնդրորեն իրականացնում են հայկական պարի տարածման կորևոր գործը: Անցած տարվա ամառվանից մասնակցել եմ «Պարենք»-ի նախաձեռնած մի քանի միջոցառումների՝ փորձելով իմ փորձառությամբ օգտակար լինել նախաձեռնության ստանձնած շնորհակալ գործին: Վերջերս «Պարենք»-ի անդամներով Հաղթանակի տոնին նվիրված միջոցառում իրականացրեցինք մարզային զորամասերից մեկում. ռազմապարերի ցուցադրություն, պարուսուցում: Ի դեպ, այդ միջոցառման նախաձեռնողը հենց այդ զորամասի ժամկետային զինծառայող մեր ընկերն էր՝ Միքայելը: Փորձը ցույց է տվել, որ զինվորների մեծագույն մասը սիրահոժար կերպով, խանդավառությամբ և ոգևորությամբ ներգրավվում են պարուսուցման ընթացքում:

-Դուք նաև «ՇԱՎԻՂ» կրթամշակութային նախաձեռնության անդամ եք, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ո՞րն է նրա առաքելությունը:

-Մտովի փորձենք պատկերացնել մի ուղի՝ շավիղ, որը սկիզբ է առնում պատմության անհիշելի խորքերից և ձգվում դեպի ապագայի անհասանելի հեռուները: Անցյալի, ներկայի և ապագայի յուրաքանչյուր մի մարդ այդ շավղի վրա անում է ի՛ր քայլը, թողնում է ի՛ր հետքը: «Շավիղ»-ի նպատակն է փորձել միմյանց միացնել անցյալի, ներկայի ու ապագայի քայլերը, կապ ստեղծել այս երեքի միջև: Նախաձեռնությունը հիմնադրել ենք Կարին համույթում անցյալում և ներկայում հանդես եկող չորս գաղափարակից ընկերներով: Թեև մեր չորսից յուրաքանյուրն իրականացնում է իր ինքնուրույն գործունեությունը հայոց ավանդական մշակույթի տարածման ասպարեզում, սակայն գիտակցելով, որ համատեղ գործունեությամբ բազմիցս ավելի արդյունավետ ու օգտակար կլինի մեր կատարած գործը՝ որոշեցինք հանդես գալ միասնական նախաձեռնությամբ, միավորել մեր ներուժը՝ ի շահ ազգային գործի: Ստեփանը, Կորյունը, Հրանտը և ես գտնում ենք, որ ամեն գնով պետք է ջանալ լինել նախնիների արժանի շավիղը, այսինքն՝ շառավիղը, հետնորդը, շարունակել նրանց սկսած ուղին և ներկայում մեզ հասածը՝ գոնե առանց կորուստների, փոխանցել գալիք սերունդներին, հնարավորության դեպքում, անշո՛ւշտ, ջանք չխնայել մի քայլով առաջ անցնել նախորդ սերնդից: «Շավիղ» նախաձեռնության գործունեությունը կրթամշակութային է, որը միտված է նշված նպատակին՝ ուսումնասիրելով մեր նախնիներից ավանդված պատմամշակութային ժառանգությունը և տիրապետելով դրան, այնուհետև շրջանառության մեջ դնելով այդ ժառանգությունը և այն առավելագույնս տարածելով, հանրայնացնելով: Թեև «Շավիղ»-ը տակավին վերջերս է հիմնադրվել, սակայն արդեն հասցրել ենք իրականացնել մի շարք նախաձեռնություններ. անցած տարվա մայիս ամսից Երևանի Թումանյանի այգում կազմակերպում ենք հայ ավանդական մշակույթի ամենամսյա մեծ տոնախմբություն՝ երգեր, պարեր, խաղեր: «Հայ եկեղեցու ուսանողական նախաձեռնության» հետ համատեղ Երևանի սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ իրականացրել ենք Տեառնընդառաջի և Սուրբ Հարության տոնախմբություններ և այլն:

-Ինչպես գիտենք պատրաստվում եք Ձեր ուսումը շարունակել արտասահմանում: Ուսումն ավարտելուց հետո պատրաստվու՞մ եք վերադառնալ Հայաստան: Եթե այո, ապա Հայաստան վերադառնալուց հետո կզբաղվե՞ք մասնագիտական գործունեությամբ, թե՞ կշարունակեք պարուսուցման Ձեր առաքելությունը:

-2007-ից սկսած Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետում մասնագիտանում եմ էլեկտրոնիկայի և նանոտեխնոլոգիաների բնագավառում: Ներկայում ասպիրանտ եմ, և իմ բուհ-ի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում ավարտական կուրսիս ընթացքում, թեկնածուական ատենախոսությանս շրջանակներում տաս ամսով գիտական հետազոտություն եմ իրականացնելու Իսպանիայի Բասկերի երկրի համալսարանում: Հիմնական նպատակս հայրենիք վերադարձիցս հետո Հայաստանում միկրո և նանոէլեկտրոնիկայի բնագավառում իմ համեստ ներդրումն ունենալն է:

Թող բարձրագոչ չհնչի ասածս, բայց վաղո՜ւց արդեն ժամանակն է, որ նպատակամղված լինենք մեր ազգայի՛ն հարստության ստեղծմանը՝ հա՛տկապես գիտության և արտադրության բնագավառներում: Ինչո՞ւ պիտի երիտասարդ հայ գիտնական-մասնագետը աշխատանք փնտրի արտերկրում: Չէ՞ որ մեր գիտական պոտենցիալն ու ռեսուրսները թույլ տալի՛ս են, որպեսզի սեփական ռեսուրսներն իրացվեն տեղում՝ մայր Հայաստանում:

Ինչ վերաբերում է պարուսուցման գործը շարունակելուս, ապա պիտի ասեմ, որ երանի՜ թե շուտո՛վ գա այն բաղձալի պահը, երբ այլևս հարկ չի լինի ուսուցանել հայ ավանդական երգն ու պարը, երբ մեր դարավոր մշակույթի կրողը կլինի մեր ազգաբնակչության մեծագույն մասը: Իսկ քանի դեռ այդ պահը չի եկել, թե՛ ես, թե՛ Կարին խմբի հետ առչություն ունեցող շատ ու շատ երիտասարդներ, և թե՛ բոլոր-բոլոր ազգագրական երգ ու պարի խմբի ղեկավարներն ու իրենց սաները, կարծում եմ, որ պարտավորված պիտի լինենք մեր ունեցածից բաժին հանելու ա՛յն ժողովրդին, ում իրապես պատկանում է այս մշակույթը:

-Ինչի՞ համար խորհուրդ կտայիք հայ պատանուն պարել մեր ազգային պարերը և ճանաչել ազգային երգն ու պարը:

-Գուցե զարմանալի թվա, բայց սկսել եմ պարել սովորել, երբ արդեն չափահաս էի՝ 18 տարեկան. մինչ այդ պարարվեստի հետ ո՛րևէ առնչություն չեմ ունեցել: Եթե ինձ թույլ տամ որևէ մեկին խորհուրդս փոխանցել, ապա այն կլինի հետևյալը՝ անկա՛խ տարիքից և պարարվեստի կամ երգարվեստի հետ ուեցած նախկին առնչությունից թող որ ամե՛ն հայորդի փորձի սովորել ի՛ր իսկ ազգային պարն ու ի՛ր իսկ ազգային երգը: Եվ երբ այդ պարն ու երգը սկսենք հոսեցնել մեր էության միջով, այլևս պա՛րզ կլինի, թե ինչու պիտի հայ մշակույթի կրողը լինենք: Երբ այդ՝ դարերի ընթացքում բյուրեղացած մշակույթը լուծենք մեր էության մեջ, կզգանք, թե ինչպես ենք ինքնանում, ինչպես ենք լիարժեք ու ամբողջական դիմագիծ ձեռք բերում: Որովհետև, թող տեսակետս ծայրահեղ չհամարվի, բայց առանց ազգային դիմագծի մարդու կերպարը չի՛ կարող լիարժեք լինել: Եվ թող չթվա, թե միայն երգ ու պարով հնարավոր է ազգային դիմագիծ ձևավորել… Իմ խորին համոզմամբ, այդ դիմագիծն ամբողջանում է, երբ միասնաբար գործում է ազգային մշակույթ, լեզու և հավատ եռամիասնությունը:

ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930