Լրահոս
Օրվա լրահոսը

Ունեցվածքի բաշխումը անկախացած Հայաստանում

Հունիս 01,2015 12:00

Երբ Հայաստանի Երրորդ հանրապետությունում փողի միահեծան իշխանությունը նոր-նոր էր սկսվում, մարդիկ ասում էին. «Էսպես որ գնա, շուտով խմելու սովորական ջուրն էլ փողով կդառնա»: Տվյալ կատակն այնքան շուտ իրականություն դարձավ, որ նույնիսկ չհասցրինք կարգին զարմանալ:

Հիմա արդեն շատ ավելի զարմանալի բաների վրա չենք զարմանում:
Սկզբնական շրջանում զարմանում էինք: Զարմանում էինք, որ նախկինում պետական մթերային խանութը կարող է դառնալ մեկի սեփականությունը: Մինչ զարմացողներս կզարմանայինք, սեփականաշնորհվեցին առավել խոշոր ու երեւելի օբյեկտներ՝ կինոթատրոններ, տպարաններ, գործարաններ եւ այլն:

Եթե ասենք, որ պետական ունեցվածքի առյուծի բաժինն անկախացած Հայաստանի առաջին իշխանությունը միահեծան յուրացրեց, չափազանցրած կլինենք: Բայց ասածս ամենեւին չի նշանակում, թե անկախացած Հայաստանի առաջին ղեկավարներն ու սեփականաշնորհման պատասխանատուներն անմեղ են անարդարացի սեփականաշնորհման հարցում: Ավելին՝ նրանք չափազանց ու ավելորդ շտապողականություն հանդես բերեցին՝ պատերազմի ընթացքում պետության ունեցվածքը սրան ու նրան զիջելով ու նվիրելով: Սրան ու նրան ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք տվյալ պահին սեփականաշնորհվող հիմնարկների տնօրեններին: Ով տվյալ պահին տվյալ հիմնարկի տնօրենն էր, իր աշխատողների վաուչերները թեթեւ ձեռքով իրենով արեց՝ իրենով անելով, փաստորեն, ամբողջ հիմնարկը:

Այսինքն՝ տվյալ պահին ով ինչ հաջողացրեց՝ ձեռք գցեց ու ձեռք բերեց:
Իսկ Ղարաբաղում պատերազմ էր, որին նաեւ Հայաստանի ամենանվիրյալ քաղաքացիներն էին մասնակցում՝ առանց վայրկյան իսկ մտածելու, որ մինչ իրենք հանուն հայրենիքի մարտնչում են, յուրացվում է իրենց իսկ հայրենիքի ողջ ունեցվածքը:
Պատերազմ չգնացած եւ թիկունքում պատերազմի դժվարությունները հաղթահարող շատերի մտքով էլ չէր անցնում, որ հենց էդ ցուրտ ու մութ օրերին է յուրացվում Խորհրդային Հայաստան կոչվող մեր երկրորդ հանրապետության ողջ ունեցվածքը:
Այսուհանդերձ, յուրացնողներն էլ առանձնապես մեծ մեղք չեն գործել, որ յուրացրել են: Իրենք մեղավոր չեն, որ չյուրացրածները գլխի չեն ընկել, որ կարելի է ու հնարավոր է միանգամայն օրինականորեն ու օրենքի հստակ սահմաններում յուրացնել էն ամենը, որ ժամանակին բոլորին է պատկանելիս եղել:

Կարճ ասած՝ պատժված են ժառանգները, թոռներն ու ծոռները բոլոր նրանց, ովքեր էդ տարրական ու հասարակ բանը չեն հասկացել ու գլխի չեն ընկել: Ժառանգներ ենք ասում, բայց ժառանգներ ասելն էլ է միանգամայն հարաբերական. դժվար եւ նույնիսկ անարդար է ժառանգներ անվանել նրանց, ովքեր, փաստորեն, որեւէ ժառանգություն չեն ստացել: Փաստորեն, իրենց ծնողների մեղքով ու իրենց բախտի քմահաճույքով: Բայց ծնողների «մեղքը» մեղք անվանելն էլ է անարդար, մանավանդ՝ պատերազմում կռվածներինն ու հատկապես զոհվածներինը:

Մենք միանգամայն արդարացիորեն վրդովվում ենք Սեֆիլյանի եւ պատերազմի բովով անցած մյուսների՝ անազատության մեջ հայտնվելու առիթով, բայց հազվադեպ ենք անդրադառնում, որ պատերազմում մարտնչած շատերը որեւէ ժառանգություն չստացան իրենց իսկ պաշտպանած հայրենիքում, եւ պատերազմում զոհված շատերի ժառանգներն էլ առանց ժառանգության մնացին:

Կարող ենք, իհարկե, էս խոսակցությանը բարոյական շեշտադրումներ հաղորդելով ասել, որ իրենց հայրերի ու պապերի հիշատակն ամենամեծ ու ամենահարուստ ժառանգությունն է, բայց ինչքան էլ ասենք ու կրկնենք, էդ հիշատակը, ցավոք սրտի, նյութական արժեք եւ հացուջուր չի դառնա:

Ինչ եմ առաջարկո՞ւմ: Առաջարկում եմ էս ամենի մասին մտածել: Ավելի շատ, ավելի հաճախ ու ավելի հիմնավոր մտածել: Ամեն դեպքում մտածելը չի խանգարի: Հրաշքների չենք հավատում, բայց ստիպված ենք հավատալ, որովհետեւ միայն հրաշքով է հնարավոր արդարությունը գոնե փոքր-ինչ վերականգնել:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930