ՖԻՖԱ-ում աննախադեպ կոռուպցիոն սկանդալի հետ կապված կրքերը բորբոքվել են ընտրություններից առաջ ու դրանից հետո էլ չեն հանդարտվում: Դրանց արձագանքել են նաեւ քաղաքական գործիչները:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, այդ առնչությամբ ինչպես միշտ, իր առանձնահատուկ տեսակետն է արտահայտել: «Դա նախապես պլանավորած մաքուր սկանդալ է ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունից մեկ-երկու օր առաջ: Քաղաքականության մեջ դա համեմատելի է կուսակցության համագումարի նախօրեին բարձրագույն խորհրդի անդամներին ձերբակալելու հետ: Լավ, եթե հանցագործությունն ակնհայտ էր, ձերբակալեիք ավելի շուտ կամ ընտրությունից հետո… Նրանք չեն ցանկանում շվեյցարացու վերընտրվելը թույլ տալ: Ինչո՞ւ: Որովհետեւ նա նորմալ է վերաբերվում Ռուսաստանին: Պարզվում է՝ միջազգային ֆեդերացիայի նախագահ լինելու համար հարկավոր է Ռուսաստանը չսիրել, ատել, զրպարտել: Անգլիան մեզնից վրեժ է լուծում 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու պայքարում պարտվելու դիմաց: Հանուն այդ վրեժխնդրության բրիտանացիները պատրաստ են ամեն ինչի», – հայտարարել է Ժիրինովսկին «Россия 1» հեռուստաընկերության եթերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ТАСС-ի