Այս վերջին շաբաթներին աշխարհի հեռագրական գործակալությունների ու սոցիալական ցանցերի ցնցող նորությունը իհարկե «հոգու» երաժշտության արքաներից մեկի, եթե ոչ հենց արքայի, երկրային կյանքը «լքելու» գույժն էր: Շատ անգամներ մենք նման լուրերը ընդունում ենք սովորական, հպանցիկ, հերթական «օ, ափսոս…» ու մոռացության անհունի շուքով է պարուրվում այդ լուրը, սակայն այս անգամ լուրը, կարծում եմ իմ երիտասարդության տարիների շատ հասակակիցների համար, «հարվածեց» ու բնականաբար «ծնեց» շատ վաղեմի ու քաղցր հուշեր, անակնկալ երաժշտական հանճարի՝ Բի Բի Քինգի մասին:
Նա մեր երիտասարդության երաժշտական ԼԵԳԵՆԴ հրաշալիքներից էր: Թե բախտի ինչ նախախնամությամբ էր նա հայտնվել ԽՍՀՄ ում, անցյալ դարի, կարծեմ, 70 -ականների վերջերին, թերեւս միայն «հրեշտակներին » էր հայտնի ու էդ «հրեշտակները» մեր բարի բախտից, ԽՍՀՄ- ի քարտեզի վրա գտել էին Երևանը ու մեծն Բի Բի Քինգը հայտնվել էր մեր Հաֆիլարմոնիայի համերգային դահլիճի բեմում:
Երեկ, երբ ընկերներիցս մեկի հետ հեռախոսով խոսում էինք, այս առիթով, նա հիշեցրեց, որ իր կուսակցական գործիչ մորաքույրն էր մեզ համար համերգի տոմսը «ճարել»: Եվ ինչ անմոռանալի, պատմական համերգ էր դա: Այդ տարիներին մենք արդեն քիչ թե շատ «հեղեղվել» էինք անգլիական ռոքն ռոլի հաղթական խմբերի ձայնապնակներով եվ նրանց ամերիկյան «հոգևոր» հայրերի, Չակ Բերրիի, Օթիս Ռեդինգի… ու մյուս մեծերի երաժշտությանը լավ ծանոթ էինք, սակայն ինձ համար գոնե Բի Բի Քինգը այնքան ծանոթ չէր, ես դեռ «Հոգու» երաժշտությամբ պիտի «հմայվեի» հենց այդ համերգից հետո:
Պիտի ասեմ, որ Բի Բի Քինգը իր հետ Երևան էր բերել բարձր մասնագիտական կարողություններով օժտված, արտակարգ երաժիշտների մի խումբ, սկսած խմբի ղեկավարից մինչև բեմի վրա «անկապ շրջող» տրոմբոնահարից, որը կարծես որոնում էր այն անհասանելի «հոգու հնչյունը», որ մեզ սովորական մահկանացուներիս հասու չէր: Միևնույնը, սակայն իր սիրելի «Լյուսիի» միջոցով, գտնում ու մեզ էր փոխանցում Քինգը: Մի պահ «Լյուսիի» լարերից մեկը հանկարծ անսպասելի կտրվեց ու կարծես երաժշտությունը պիտի ԸՆԴՀԱՏՎԵՐ…սակայն Քինգի հրաշագործ մատերը շարունակում էին իր սիրելի կիթառից «քաղել» անզուգական, իրեն հատուկ հնչյունները և միևնույն ժամանակ աննկատելիորեն տեղադրում էր նոր լարը: Բոլորս ապշած ոտքի էինք ելել անդադար ծափողջույններով:
Կարդացեք նաև
Մի ուրիշ անգամ էլ, երբ հոգու երաժշտությունը Մաեստրոն իր կիզակետին էր հասցրել, դահլիճի մեր երիտասարդներից մեկը, ճիշտ պահին «ճչաց», որը մեծ երաժշտին ուրախացրեց, որ դահլիճում ոչ թե «անշունչ կոմերիտականներ» են , և որ իր երաժշտությունը «տեղ է հասել»: Նա այդ վայրկյանին գլուխը խոնարհեց , ի նշան «շնորհակալության»: Ես Երևանում մինչև այդ բարձր կատարողական արվեստի, հատկապես ժամանակակից երաժշտության ասպարեզում, չէի հանդիպել և դա իսկապես մեծ նվեր էր մեզ համար: Մի քսան տարի առաջ մեծ երաժշտին արդեն ԱՄՆ -ում պատահաբար Բրբանք քաղաքի օդանավակայանում եմ տեսել, ուր գնացել էի եղբորս դիմավորելու:
Բի Բի Քինգը, որ տարեկան մոտ երկու հարյուր համերգներ էր տալիս, Սիեթլից եկել էր հերթական համերգին Լոս Անջելոս: Նա հոգնած ննջում էր օդանավակայանի բազմամարդ սրահում, իրենց ճամպրուկներին սպասելիս…իսկ այսօր արդեն նա մեծ Համերգ է տալիս «կարծեմ» ԴՐԱԽՏ- ի համերգային դահլիճներից մեկում…
Գալուստ ԵՆՈՔՅԱՆ