«Անհնազանդության պարտավորագիրը մեր մարտավարության նորություններից մեկն է»,-Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ընթացքում հայտարարեց նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ առավել ակտիվ քաղաքացիները այդ պարտավորագիրը ստորագրելով հայտնում են իրենց լիակատար քաղաքացիական անհնազանդությունը, որ իրենք իշխանությանը ոչ լեգիտիմ են համարում. «Քաղաքացին պարտավորվում է լինել ինքնուրույն առանց պետական եւ տեղական կառավարման մարմինների հետ համաձայնության»:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ մինչեւ բոլշեւիկյան համակարգի «պորտը չկտրեն», ապա հնարավոր չի լինի կատարել իրենց ծրագիրը: Նա հայտարարեց, որ պետք է բացահայտել հատուկ ծառայություններում աշխատած եւ աշխատող անձանց վերաբերյալ տեղեկությունները եւ հրապարակել այդ անձանց տվյալները եւ նրանց զրկել հետագայում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու իրավունքից:
«Արդար հասարակության մղումից լինելով քրեական պատժից ազատել ոչ մեծ եւ միջին ծանրության դատապարտված անձանց, մեծ ծանրության դատապարտված անձանց, որոնք տնտեսական հանցագործություններ են կատարել: Ցմահ ազատազրկության դատապարտված մարդկանց դատապարտել քսան տարի ազատազրկության եւ ցմահ դատապարտության ենթարկելու շեմը բարձրացնել մինչեւ քսանմեկ տարեկանը; Վերանայել բոլոր քրեական գործերը, որոնք վերաբերվում են ծանր հանցագործություններին, քաղբանտարկյալներին, ցմահ բանտարկվածներին»,- հայտարարեց նա:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ պետական կառավարման համակարգի առողջացումը ռեժիմին հեռացնելուց հետո կարեւոր է լինելու. «Ռեժիմը փորձում է շահարկել այս հարցը: Նա հանրային ծառայողների շարքերում լայնածավալ հակաքարոզչություն է սկսվել մեր դեմ: Այս երեւույթը մտահոգում է մեզ, ուստի հարկ ենք համարում ճշգրտել յուրայինների շրջանակները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ