Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են վարակված բանջարեղենի պատճառները

Մայիս 30,2015 21:37

«Մի քանի տարի է, ինչ շուկայից գնում ենք բանջարաբոստանային կուլտուրաներ, որոնք վարակված են տարբեր հիվանդություններով: Առկա են նաեւ ճիճուներ, քանի որ հողը վարակված է»,-այսօր «Նոյան տապան» ակումբում Հայաստանի գյուղատնտեսության խնդիրների եւ զարգացման հեռանկարների մասին «Գյուտարարների ակումբ» հերթական քննարկման ժամանակ այսպես ասաց Հանրային խորհրդի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանը: Իսկ թե ինչի՞ց է վարակվում հողը, պարոն Խոյեցյանը նշեց, որ ըստ ուսումնասիրությունների, արարատյան եւ նախալեռնային գոտիներում, քանի որ սնուցումը կատարվում է հում թռչնաղբով, որը իր մեջ պարունակում է բազմաթիվ պաթոգեն հիվանդություններ եւ ճիճուներ՝ գտնվելով բարենպաստ պայմաններում բազմանում են:

Օրգանական թափոններից՝ թռչնաղբից, գոմաղբից, ըստ մասնագետի, կարելի է ստանալ որակյալ պարարտանյութ, եթե այն վարակազերծվի: «Թռչնաֆաբրիկան առանց հարկային դաշտ մտնելու թռչնաղբն է վաճառում 70-80 հազար դրամով, բնապահպանության նախարարությունը, որ պետք է հսկի այդ պրոցեսը, ըստ երեւույթի իրեն այնքան էլ չի հետաքրքրում, գյուղացին ինչ-որ չափով կարողանում է պարարտանյութ ունենալ, սակայն վերջին հաշվով, երբ մտնում ես շուկա, նույն գյուղացին բողոքում է, որ ինքը որակյալ արտադրանք չունի»,-նշեց Ստեփան Խոյեցյանը:

Նա իր գործընկերներին ներկայացրեց մշակված այն մեխանիզմը, որի միջոցով ստացվում է վարակազերծ պարարտանյութ. «Ստեղծել ենք մի մեքենա, որը կատարում է մի պարզ աշխատանք: Այն թռչնաղբը, որը պետք է շենքից դուրս գա, թույլ չենք տալիս, որ դուրս գա, դնում ենք մեքենան, որի ֆունկցիան կայանում է նրանում, որ ակնթարթային ռեժիմով ջերմությունը բարձրացնում է եւ այդ ջերմության տակ պաթոգեն հիվանդությունները, մոլախոտի սերմերը արագ ոչնչանում են: Ստացվում է պարարտանյութ, որը ոչ միայն վարակազերծված է, այլեւ այն կարելի է պահել մի քանի տարի՝ ունենալով մի շարք առավելություններ, կարող է ջուր կուտակել եւ աստիճանաբար իր սննդանյութերը տալ հողին»,-ասաց մասնագետը:

Ստեփան Խոյեցյանը նշեց, որ արդեն հայ գիտնականները 8-10 տարի փորձարկել են այդ մեքենան. «Թե ի՞նչ ազդեցություն է ունենում բույսերի վրա եւ այն ինչ որ նրանք են գրել՝ ես զարմանում եմ, թե  ոնց են գյուղնախարարությունում կարդում եւ ոչ մի ռեակցիա չեն տալիս: Մինչդեռ սրա փոխարեն միլիոնների պարարտանյութեր են ներկրվում արտասահմանից, այն դեպքում, որ այսօր մենք ի վիճակի ենք այստեղ պատրաստել այդ պարարտանյութը եւ ապահովել հանրապետության պահանջարկը»,-ասաց պարոն Խոյեցյանը:

Հաջորդ հիմնահարցի մասին պարոն Խոյեցյանը ասաց, որ մաքուր միս ու կաթ ստանալու համար պետք են համապատասխան անասնապահական կառույցներ. «Այսօր, եթե ռայոններում լինեք կտեսնեք, թե ինչ պայմաններում են պահում անասուններին, որտեղ չի պահպանվում ոչ մի նորմատիվ: Գյուղացուն մեղադրել չի լինի, վերցրեցինք սովետական միության ֆերմերային տնտեսությունները եւ ոչինչ չտվեցինք»,-ասաց պարոն Խոյեցյանը: Նրա կողմից առաջարկվող նոր տեխնոլոգիաների եւ մեքենաների օգտագործմամբ գյուղացիներից գնվող կաթի որակը եւ քանակը բազմապատիկ անգամ կավելանա:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031