«Այս հանրահավաքը տարբերվում է մյուսներից, քանի որ մինչեւ այս բեմի վրա ելույթ ունեցողները քաղհալածյալներ են, ապա այսօր ինը բանախոսից հինգ մեղադրյալներ են»,- այս խոսքերով Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքը սկսեց Վարդան Հակոբյանը:
Առաջինը ելույթ ունեցավ նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա հայտարարեց, որ չնայած պատահածին՝ իրենց պայքարը միայն բազմապատկվել է. «Միասին մեր ժողովրդի հետ հաջողվելու է հասնել մեր հիմնական նպատակին, այսինքն՝ ստեղծել այնպիսի պետություն, որին արժանի է մեր ժողովուրդը: Դրան հասնելու համար անհրաժեշտ է հեռացնել այս ռեժիմը»:
Նա շեշտեց, որ այդ գործընթացը Հիմնադիր խորհրդարանը անելու է ժողովրդի հետ, եւ վճռական է լինելու այդ գործում. «Մենք ընդամենը բազմապատկում ենք մեր պայքարը շարունակելու վճռականությունը եւ ոգին եւ միասին հասնելու ենք հաղթանակի»:
«Բանտախցից դուրս գալով՝ բանտատնից դուրս չեկանք»,- իր ելույթը այսպես սկսեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ իրենց դեմ մեղադրանքով ռեժիմը ցույց է տալիս իր վախերը եւ ցույց է տալիս ճանապարհը: Նա նկատեց, որ ձերբակալությունից հետո ժողովրդի կողմից Հիմնադիր խորհրդարանի հանդեպ վստահությունը մեծացել է. «Ուրեմն՝ մեր ընտրած ուղին ճիշտ է. առաջ դեպի քաղաքացիական անհնազանդություն»:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ Հիմնադիր խորհրդարանը երկու փուլանի մարտավարություն է մշակել եւ վստահ է, որ այս տարի են լինելու արտահերթ ընտրությունները. «Բայց մենք հասկանում ենք, որ առանց կոնսոլիդացման այդ անհնազանդությանը չենք կարող հասնել, այդ պատճառով ձգտելու ենք, որ մեր պայքարը մեծանա»:
Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ առաջին փուլն ուղղված է նրան, որ պետությունը գցի իր դիմակը, որով հանդես է գալիս Եվրոպայում: Նա նշեց, որ այդ մարտավարությունը փորձելու են ոչ միայն ընդդիմադիր դաշտում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ