Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացումը հայկական ապրանքները կդարձնեն ոչ մրցունակ ԵՏՄ –ում

Մայիս 30,2015 19:24

«Քաղաքացիները, որ դուրս են գալիս փողոց՝ նշանակում է, որ չեն կարողանալու այդ ծանր լուծի տակ գտնվել: Սոցիալական պայթյունի ալիքը սոսկալի է, ես չեմ ուզում գույները խտացնել, բայց հակված եմ մտածելու, որ սա կարող է վերջը լինել»,- այսօր, «Դեբատ» ակումբում այսպես ասաց Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը վերաբերող հարցերի վերաբերյալ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա  ասաց նաեւ, որ մենք այս պահին գտնվում ենք խոցելի իրավիճակում եւ կարծես թե հնար չունենք ելնելով այն բանից, որ մեր գանձապետարանում՝ բյուջեյում, կարծես թե փող չկա. «Որտեղ է դա ես չեմ կարող դա ասել, բայց բնականաբար բոլոր նրանք, որոնք ունեն պարտականություններ, այսինքն` հարկատուները, կամ ստվերային դաշտում են գտնվում, մի ստվար մասն էլ դադարել է գործունեություն իրականացնել»:

Պարոն Բոստանջյանը նշեց, որ չափազանց ծանր ու դժվար է մեր հասարակության համար այն պահը, երբ գրանցված 34% աղքատության շեմ ունենք, որը իրական աղքատությունից հեռու է՝ իրականը ավելի բարձր է: Ըստ պարոն Բոստանջյանի ունենք եկամուտների ահավոր ցածր մակարդակ եւ այդ ժամանակ ցանկացած թանկացում, առավել եւս էլեկտրաէներգիայի թանկացումը, ըստ էության շատ դժվար է լինելու. մի մասը արդեն երկիրը լքելու շեմին են, մի մասն էլ այսպես եթե շարունակվի՝ կթողնի կգնա:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ Հանրային խորհուրդը այս հինգշաբթի ունենալու է ընդլայնված նիստ: Պարոն Սաֆարյանի խոսքերով՝ նիստի ժամանակ կլսվեն հանձնաժողովի առաջարկությունները՝ Հայաստանի էներգետիկ համակարգում փոփոխությունների եւ այն իրավիճակի մասին, ինչ հետեւանք կունենա, եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդառաջ գնա ՀԷՑ-ի առաջարկությանը եւ բարձրացնի սակագինը:

Պարոն Սաֆարյանը նկատեց, որ եթե էլեկտրաէներգիայի գինը նորից բարձրացվի, ապա փոխադրումների ինքնարժեքն էլ նույնպես կբարձրանա եւ Հայաստան ներմուծվող ապրանքներն էլ կթանկանան: Հոսանքի հնարավոր թանկացումը, ըստ Վազգեն Սաֆարյանի, կարող է բերել 10-12% ապրանքների թանկացման եւ բնականաբար մեր արդյունաբերական ապրանքները կդառնան ոչ արդյունավետ ռուսական, բելառուսական, ղազախական շուկաներում:

Դիտարկելով Եվրասիական տնտեսական երկրների սակագները, Հանրային խորհրդի  սակագնային ենթահանձնաժողովի նախագահ Արմինե Խզմալյանը, որը եւս ներկա էր ասուլիսին, ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագինը Ռուսաստանում կազմում է 5, 4, Հայաստանում 8 ցենտ, բարձրացման հետեւանքով կհասնի մինչեւ 12 ցենտի. «Սակագինը Ղազախստանում 6,5 ցենտ է, Բելառուսում 7 եւ ինչպես տեսնում եք ամենաբարձրը Հայաստանում է»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031