Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր ներկա է գտնվել Հադրութի շրջանիՀարթաշեն գյուղի հանդիսությունների նորակառույց տան բացմանը: Նոր սրահը, որտեղ տեղակայված է նաև հարթաշենցի զոհված ազատամարտիկներին նվիրված տուն-թանգարանը, կառուցվել է մոսկվաբնակ համագյուղացի Արթուր Արզումանովի ֆինանսավորմամբ:
Հանդիսավոր միջոցառմանը Արայիկ Հարությունյանը բարերարին է հանձնել ,,Երախտագիտություն,, մեդալը, որը նրան շնորհվել է ԼՂՀ նախագահի հրամանագրով` Արցախում բարեգործական ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար, բարերարը հայրենի գյուղի զարգացմանը հետագայում ևս իր նպաստը բերելու պատրաստակամությունն է հայտնել: Նա համագյուղացիներին մաղթել է բարեկեցություն և որ նոր դահլիճը օգտագործվի միայն բարի միջոցառումների համար:
Շնորհավորելով հարթաշենցիներին նորակառույց շենքի շահագործման առթիվ, ելույթ ունեցողները հույս են հայտնել,որ նման ծրագրերի իրականացման շնորհիվ երիտասարդներն ավելի ամուր կկանգնեն իրենց հայրենի հողին՝շենացնելով այն: 100-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար հանդիսությունների նոր սրահը մեծ նվեր է և համալրում է պատերազմից ի վեր գյուղի զարգացմանն ուղղված միջոցառումների շարքը: Կառավարության ֆինանսավորմամբ գյուղն ապահովված է ջրով, վերանորոգվել են բնակելի տներ և տանիքներ :
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին