«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր ամբողջ աշխարհում կա որակյալ մասնագետների պակաս: Դրա համար օրինակ Եվրոպական երկրները, ԱՄՆ-ն սկսել են ավելի արտոնյալ պայմաններով թույլ տալ այս ոլորտի աշխատողներին դրսից գալ: Դա ամբողջ աշխարհի խնդիր է»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ այլ հարց է, որ մենք չպետք է նայենք ուրիշների մոտ վատ է, թե լավ է: «Մենք պետք է այդ հարցը լուծենք: Արտագաղթը իր հերթին այս հարցում դերակատարություն ունի, բայց ասում են, որ այս ոլորտում այդքան էլ մեծ չէ: Մեր կրթական համակարգը նույնպես չի կարողանում մասնագետներ ապահովել, քանի որ այսօր այն շատ իներցիոն է»:
Այսօր Երեւանում մեկնարկեց թվով յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը։ Այն միջազգային կոնֆերանս է, որը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի եւ դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների:
Մեր այն հարցին, թե այս եւ նմանատիպ այլ միջոցառումները նոր հնարավորություններ են միայն ծրագրավորողների համա՞ր, թե՞ բիզնեսմեններն էլ են հետաքրքրված, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նրանք ներկա են այստեղ: Մենք աշխատանքային շուկա ենք անում ու բազմաթիվ կազմակերպություններ հիմա այստեղ մարդ են փնտրում: Եթե ուրիշ ոլորտներում գործազրկությունն է մեծ, այստեղ հակառակն է, այսինքն՝ պահանջը շատ է, բայց մասնագետների պակաս կա, դրա համար մեկը մյուսից գողանում են աշխատողներին»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Պապյանի