«Համակարգիչն ու հեռուստացույցը կարող են երեխաների մոտ ագրեսիա առաջացնել»,- ասում է հոգեբան Աննա Բադալյանը: Դրանից խուսափելու համար հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս վերահսկել երեխաների՝ համակարգչից և հեռուստացույցից օգտվելու ընթացքը:
«Համակարգչային խաղերն ու հեռուստացույցն ինչ-որ տեղ կարելի է չարիք համարել երեխաների համար: Սակայն շատ ծնողներ ասում են՝ երեխա է, էլի, խաղում է համակարգչով: Բայց դեպքեր են եղել, որ երկար խաղալու արդյունքում երեխաները հայտնվել են վերակենդանացման բաժնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Բադալյանը:
Ինչ վերաբերում է երեխաների համար նախատեսված սննդին, խաղալիքներին և այլ պարագաներին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ վերջին տարիներին առաջընթաց է նկատում դրանց անվտանգության առումով: Սակայն նա հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնել ծնողներին, որ մանկական սնունդ կամ խաղալիք գնելիս անպայման համապատասխան սերտիֆիկատ պահանջեն: «Կան պահանջներ, տարիքային սահմանափակումներ ու առանձնահատկություններ, որոնք ծնողները պետք է հստակ իմանան»,- ընդգծեց Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ եթե, օրինակ, կահույքը նախատեսված է երեխաների համար, ապա այն չպետք է սուր անկյուններ ունենա:
Ա. Պողոսյանը նշեց նաև, որ հատկապես վերջին ժամանակահատվածում հաճախ ենք լսում այս կամ այն մանկապարտեզում տիրող ոչ հիգիենիկ վիճակի մասին. «Լինելով Սննդի պետական ծառայության խորհրդի անդամ՝ նույնիսկ ինձ չհաջողվեց Սննդի պետական ծառայությունից լիարժեք ինֆորմացիա ստանալ՝ ովքե՞ր էին, ի վերջո, սնունդ մատակարարողները: Հասարակությունը չպետք է անտեղյակ մնա, մինչդեռ մեր երկրում այդ առումով անտերություն է: Նման դեպքերից հետո պետք է այնպես անել, որ դրանք չկրկնվեն, բայց շարունակում են կրկնվել»,- ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով երեխաների մոտ վերջին շրջանում ամենատարածված հիվանդություններին՝ մանկաբույժ Աննա Բալյանը հայտնեց, որ առավել հաճախ հանդիպում են ճիճվակրության դեպքեր: Նրա խոսքով՝ այս հիվանդության դեմ միայն դեղահաբերով չեն կարող պայքարել: Անհրաժեշտ է բժշկի վերահսկողության տակ խնամել երեխային և ուշադիր հետևել հիգիենայի կանոններին. «Մայրիկներն իրենց երեխաների ներքին հագուստը հիմնականում չեն արդուկում, եղունգները ժամանակին չեն կտրում, երեխան հաճախ իր անկողինը չունի… Այսպիսի կենսակերպով երեխայի ճիճվակրության հավանականությունն առավել մեծ է: Իհարկե, չպետք է մոռանալ նաև, որ շատ անգամ երեխաները ծնվում են ճիճվակրությամբ, ոչ թե հետագայում են ձեռք բերում դրանք»,- ասաց մանկաբույժը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ