«Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի համար ունեցել է մի քանի դրական արդյունք»,- մայիսի 30-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Ըստ նրա՝ այդ դրական արդյունքներից է այն, որ Եվրամիությունը հավատարիմ է մնացել իր նոր ղեկավարության որդեգրած ճկուն քաղաքականությանը ամեն երկրի անհատական մոտեցումներին:
«Ինձ թվում է, որ այս անգամ բանակցությունները ավելի կարճաժամկետ կլինեն, ավելի հեշտ ընթացող: Հույս ունենանք, որ մինչեւ 2015 թվականի ավարտը կունենանք նոր համապարփակ իրավական փաստաթուղթ՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համար: Ուրախ եմ, որ այդ փաստաթուղթն ունենալու է ոչ միայն քաղաքական բաղադրիչ, այլ նաեւ տնտեսական՝ հաշվի առնելով բոլոր այն սահմանափակումները, որոնք Հայաստանն իր առջեւ ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով»,- ասաց նա:
Թեւան Պողոսյանի խոսքերով՝ գագաթաժողովի հաջորդ դրական ազդեցությունն այն է, որ Հայաստանը վիզաների դյուրացման ծրագրից հնարավորություն կունենա անցնելու վիզաների ազատականացման ծրագրին: Նա առանձնացրեց նաեւ Հայաստան-Եվրամիություն ավիացիոն գործընկերության հնարավորությունները. «Մենք ավելի պարզ լեզվով ասում ենք բաց երկնքի քաղաքականություն: Հայաստանը մի քանի երկրների հետ արդեն ունի ստորագրած պայմանագրեր, բայց այս անգամ հնարավորություն կունենանք ամբողջ Եվրամիության երկրների հետ՝ ինչպես ամբողջ տարածք օգտագործել բաց երկնքի քաղաքականությունը»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ այն բոլոր ձեւակերպումները, որոնք տեղ են գտել հռչակագրում, չեն պարունակում Հայաստանի համար որեւէ անընդունելի իրավիճակ:Նա հավելեց, որ Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանին հնարավորություն է տվել, իսկ թե ինչքան Հայաստանը դա կօգտագործի, կախված է քաղաքական պատրաստակամությունից եւ ռիսկից. «Եվրամիության կողմից ոնց որ թե կա պատրաստակամություն, մեր կողմից կա պատրաստակամություն, մնում է կյանքի կոչենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ