Այսօր՝ մայիսի 30-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը:
Դեռեւս այս տարվա հունվարին ստեղծվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակել է ծրագրի եւ կանոնադրության նախագիծ: Այսօրվա հիմնադիր համագումարին ներկա էին 290 պատվիրակներից 229-ը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ շուրջ երկու տարի տեւած քննարկումների արդյունքում վերջապես հավաքվել ենք կայացնելու կարեւոր որոշում, թե ինչ իմաստ ունի ստեղծել հերթական մի կուսակցություն, երբ առանց այն էլ Հայաստանում 70 կուսակցություն կա: Նրա ձեւակերպմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի անունից ստանձնել ՀՀ պետական իշխանությունը՝ ժողովրդի վստահության քվեին արժանանալով, պատրաստվում է հասկանալ, թե ինչու են ձախողվել իշխանափոխությունների մինչ այժմ եղած ձախողումները: «Մենք ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն, Հայաստանում իշխանության փոփոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն… ժողովրդին պետք է ներկայացնենք, թե ինչը եւ ինչպես է փոխելու «Քաղաքացիական պայմանագիրը», ընդհուպ ստեղծվելու է ստվերային կառավարություն»,- նշեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները ժողովրդին զրկել են քաղաքացի զգալու վստահությունից, հոկտեմբերի 27-ով ու մարտի 1-ով կոտրել են ժողովրդի ողնաշարը, ՀՀ անձնագիրն էլ դժբախտություն է ընկալվում ՀՀ քաղաքացու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց առջև նպատակ են դրել առաջիկա քսան տարիներին կրկնապատկել բնակչության թիվը, երկրի բովանդակային փոփոխության արդյունքում նպաստել արտագաղթի դադարեցմանը, ծնելիության աճին: Ըստ նրա, նման ռազմավարական ծրագրի իրականացումը պահանջում է արտակարգ համախմբում, դրա համար էլ կոչ է անում մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» եւ նոր Հայաստանի կառուցման գործունեությանը. «Սուպերլիդերությունը պետք է բացառվի «Քաղաքացիական պայմանագրում», այս կառույցում չեն կայացվելու անձնակենտրոն որոշումներ: Կուսակցությունը երկու սկզբունք է կարեւորելու.1. չկա հարց, որ ենթակա չէ քննարկման, բայց քաղաքական բանավեճերի ընթացքում պետք է հիմնվենք փաստերի ու փաստարկների հիման վրա, եւ 2-րդ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությունը դուրս է այսպես կոչված իզմ-երի շրջանակից, քանի որ ժամանակակից աշխարհում քաղաքական ուժերը վաղուց ճեղքել են իզմ-երի կաղապարները»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մոտակա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու նպատակ են դրել. մոդելավորելու են այն Հայաստանը, որն ուզում են կառուցել, ձեւավորելու են առնվազն 6000 հոգուց կազմված վստահված անձանց թիմ եւ սփյուռքահայերից բաղկացած մոտ 2000-անոց դիտորդների թիմ:
Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ, այսօր չունենք ինստիտուցիոնալ ընդդիմության, եւ հենց ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայության արդյունքում է իշխանությունը նենգափոխում ժողովրդի կամքը: «Մեզ սպասվում է ծանր, բայց հետեւողական աշխատանք…Մենք ժամանակ չունենք ափալ-թափալ քայլեր անելու համար… Մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու…
Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները»:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո քվեարկության դրվեցին կուսակցություն հիմնելու մասին որոշումանը, ինչպես նաեւ կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումները: Բոլորն էլ ընդունվեցին միաձայն:
Ելույթներով հանդես եկան Նարեկ Բաբայանը, Սասուն Միքայելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ