Մայիսի 29-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի ղեկավար Հայկ Քամալյանը Տավուշի մարզպետին դիմում է ներկայացրել, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները եւ բուժման նպատակով գնում է Ռուսաստան: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք,որ նրա դիմումը վերադարձրել են գյուղապետին, ասելով, որ նախ պետք է դիմի համայնքի ավագանուն, ավագանին պետք է կազմի համապատասխան արձանագրություն: Դրանից հետո նրա դիմումն ու ավագանու արձանագրությունը պետք է ներկայացվեն մարզպետարան, մարզպետարանն էլ՝ կառավարություն: Կառավարությունը պետք է որոշում կայացնի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Խաշթառակ գյուղից տեղեկացանք, որ Հայկ Քամալյանը Ռուսաստան տեղափոխվելով՝ հավանաբար այնտեղ աշխատանքի կանցնի: Նա լավ է տիրապետում եռակցողի եւ հյուսնի մասնագիտություններին, շատ անգամ համագյուղացիներին անշահախնդիր օգնել է շինարարական աշխատանքներում:
ՀՀԿ անդամ Հ. Քամալյանը Իջեւանից 11 կմ հեռավորությամբ գտնվող Խաշթառակը ղեկավարում է 2008թվականից, նա 2012թ. փետրվարի 12-ին, 2 այլ թեկնածուների հետ մրցակցության պայմաններում, համայնքի ղեկավար է վերընտրվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ