Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առեւտրային փոխանցումների կրճատման միտումը պահպանվում է։
Դրան զուգահեռ, անկման տեմպը վերջին ամիսներին աստիճանաբար նվազում է։ Դա էլ հիմք տվեց Կենտրոնական բանկին վերանայել տարեսկզբին ներկայացված կանխատեսումները։ Ակնկալելով տրանսֆերտային հոսքերի կրճատում՝ այնուհանդերձ ԿԲ-ն 5 տոկոսով նվազեցրեց անկման հավանականությունը։ Ըստ այդմ, կանխատեսելով, որ արտաքին շուկաներից ոչ առեւտրային նպատակով փոխանցվող գումարները կպակասեն ոչ թե 30, այլ 25 տոկոսով։
Անշուշտ 25 տոկոս անկումը նույնպես լուրջ ցուցանիշ է։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան միայն բանկային համակարգի միջոցով ստացվող գումարները հասնում են 1,7-1,8 մլրդ դոլարի, ապա կստացվի, որ հիշյալ կանխատեսման իրականացման դեպքում դրանք կպակասեն 400-450 մլն դոլարով։
Դժվար չէ պատկերացնել, թե այդքան գումարը ինչ նշանակություն կարող էր ունենալ Հայաստանի թե՛ տնտեսության, թե՛ արժութային շուկայի, թե՛ հասարակության սոցիալական վիճակի վրա։ Այս բոլոր ոլորտներն ուղղակիորեն կապված են տրանսֆերտային հոսքերի հետ։ Պատահական չէ, որ վերջին զարգացումներից հետո դրանցում լարվածությունն զգալիորեն մեծացել է։
Չնայած գնաճի համեմատ միջին աշխատավարձի առաջանցիկ աճին՝ այնուհանդերձ հասարակության եկամուտները անկում են ապրում։ Մի բան, որ ազդում է առաջին հերթին ներքին առեւտրաշրջանառության ծավալների վրա։ Տարեսկզբի չորս ամիսների տվյալներով, դրանք կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Այլ կերպ ասած, նվազել է հասարակության գնողունակությունը, ինչը մեծ մասամբ կապված է արտաքին աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցների հետ։
Սակայն վերջին օրերին արտաքին շուկաներում դարձյալ ակտիվացման միտում են դրսեւորում այս ոլորտում առկա ռիսկերը։ Մասնավորապես նվազում են նավթի գները, ինչը համարվում է ռուսական շուկայից ուղարկվող գումարների նվազման հիմնական պատճառը։
Դրան զուգահեռ, շուրջ երկու ամիս տեւած կայունացումից հետո դարձյալ սկսել է արժեզրկվել ռուսական արժույթը։ Անցած օրը դոլարի գինը գերազանցեց 53 ռուբլին։ Մինչդեռ երկու-երեք օր առաջ այն տատանվում էր 49-50 ռուբլու միջակայքում։ Այդ ժամանակահատվածում ռուսական արժույթի արժեզրկումը կազմեց առնվազն 6 տոկոս։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: