«Շաքարային դիաբետով հիվանդներն արդեն մի քանի ամիս է՝ խնդրի առաջ են կանգնած: Պարզվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի լուծել ֆրանսիական դիաբետոնի խնդիրը: Տարեսկզբին պոլիկլինիկաներում հիվանդներին ասվել էր, որ նրանք ֆրանսիական դիաբետոնը կստանան ապրիլի 1-ից: Հետագայում ժամկետը հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը:
Եւ, ահա, երեկ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մրցույթ ենք հայտարարել, եւ դրան մասնակցել է հնդկական կազմակերպություն, որն էլ շահել է առաջին եռամսյակի որոշ խմբաքանակի համար հայտարարված մրցույթում: Դա սպառելուց հետո՝ օգոստոս-սեպտեմբերին արդեն, բոլոր քաղաքացիները կստանան իրենց ֆրանսիական դիաբետոնը»:
Վարչության պետը արդարացավ, թե իրենց կողմից չի ասվել, որ հուլիսին է բաժանվելու ֆրանսիական դեղամիջոցը, այլ նշվել է՝ երկրորդ կիսամյակ: «Ես ինքս հայտարարել եմ, որ դրանք կբաժանվեն երկրորդ կիսամյակին: Մի պուճուր թող համբերություն ունենան մեր քաղաքացիները»,- ինքնագոհ հայտարարեց ԱՆ պաշտոնյան:
Այն, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ նրա ենթակաները տարվա երկրորդ կես ասելով՝ սեպտեմբեր են հասկանում, դա իրենց ընկալունակության հարցն է: Բայց այս դեպքում նրանց՝ նման դանդաղ ընկալունակության պատճառով տասնյակ հազարավոր հիվանդներ են տուժում: Ի՞նչ է նշանակում՝ մի փոքր համբերեք, կստանաք: Այսինքն՝ մարդիկ պետք է համբերեն, շաքարային դիաբետով հիվանդի համար կենսական նշանակություն ունեցող դեղը չխմեն, դառնան ինսուլինակախյալ, մինչեւ ՀՀ առողջապահության նախարարությունը կբարեհաճի իր պարտականությունները կատարել: Սա ի՞նչ անպատասխանատվություն է:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: