Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ճանապարհի վերհուշ

Մայիս 30,2015 15:30

– Աշխարհի բոլոր կանանց չես հասցնի սիրել, քանի որ Աստված տղամարդուն այդքան կյանք եւ ուժ չի տվել: Ինչպես բոլոր արարածների կյանքը սահման ունի, մերը նույնպես անսահման չէ,- կոշիկի մանր մեխերը շրթունքներով պահելով եւ հատ-հատ կոշիկը մեխելով, իր փոքրիկ խցում նստած` ինձ խրատելու պես ասում էր կոշկակար Վաղարշակը:- Այո, չես հասցնի սիրել բոլոր կանանց, բայց տղամարդու առաքելությունն այն է, որ ձգտի դրան, ուզենա երջանկացնել կնոջը, եթե կարողանա…

Այնինչ, դրսում սարսափելի բուք էր, ինչը որ իր կյանքում տեսել-ապրել էր Պուշկինը եւ Թումանյանի խոսք-բանով, վերջերս նաեւ Հրաչյա Սարուխանի բանիվ հասել էր մեզ, ու ես, հետեւելով կոշկակարին, լսում էի ձյունաբուքը, գուցե ոչ այնպես, ինչպես Պուշկինը, բայց սիրահարված էի մի աղջկա, որին մի պահ տեսնելու համար տասներկու կիլոմետր ձյուների միջով պիտի ոտքով գնայի, եթե բուքը դադարեր:

– Կյանքս այնպես եղավ, որ պատերազմում չորս տարի կին չտեսա: Սիրած աղջիկ ունեի, որ ինձ գրել էր, թե ուզում էր ամուսնանալ, ես գրեցի` մի՛ արա այդ բանը, ես կենդանի կվերադառնամ: Եվ երբ նամակով խնդրում էի, Մերուժան ջան, ես համոզված էի, որ նա այդ բանը չի անի,- մեխերը բերանից հանելով՝ Վաղարշակը նայեց ինձ` մի տեսակ բքից հալածված հայացքով:

– Եկա-տեսա, որ արել է այդ բանը, եւ ես ամուսնացա իր քրոջ հետ: Հիմա հինգ զավակ ունեմ, Աստված պահի զավակներիս, բայց տխուր եմ, որովհետեւ կինս ամեն օր ինձ վրա խոսում է, որովհետեւ խմում եմ… կոշկակարի ճակատագիր է, ի՞նչ պիտի անես: Բայց ախր, հասկանում ես, իմ մեծ հորեղբայրը գեներալ Գինոսյանն է, փոքր հորեղբայրս` գնդապետ, իսկ էդ կնոջս ցեղում նույնիսկ մայոր էլ չկա, բայց միեւնույն է՝ ամեն օր ինձ վրա խոսում է:
Վաղարշակը լռեց, ու բքի ձայնն ավելի մոտեցավ մեզ` ինձ հիշեցնելով, որ ես տասներկու կիլոմետր պիտի ոտքով գնամ: Բուքը եկավ, պտտվեց իմ ու Վաղարշակի արանքում, եւ իմ միջով սարսուռ անցավ: Իսկ Վաղարշակը, շոյելով անթրաշ դեմքը, հարցական նայեց ինձ. երեւի իր միջով էլ էր սարսուռ անցել: Հետո ծխախոտ վառեց ու ասաց.

– Հա՛, դրա համար էլ տխուր եմ: Երեւի էն մյուս քրոջ հետ ամուսնանայի, չխոսեր վրաս: Հետո նայիր շուրջդ, ինչքան գեղեցիկ աղջիկներ կան, ես տուն պահող մարդ եմ, ցանկացածի հետ էլ կարող էի ամուսնանալ: Բայց տղա ջան, ջահել ես, իմացիր, ամուսնանալը մի բան է, մի այլ բան է սիրելով ամուսնանալը:
Հետո նա սեղանի տակից դանդաղ, մի տեսակ աննկատ հանեց օղու շիշը ու լցրեց ինձ ու իր համար:

– Կենա՛ցդ,- ասաց,- տղաս, ջահել ես, հիշիր՝ աշխարհի բոլոր կանանց սիրել չենք կարող, բայց գոնե ձգտել պետք է, որովհետեւ փնտրտուքիդ ճանապարհին կգտնես այն միակ կնոջը, որի մեջ աշխարհի բոլոր կանայք են:

Մենք խմեցինք, իսկ 1968 թվականի անկանխատեսելի ձմռան բուքը շարունակվում էր…
Իսկ ինձ դեռեւս սպասում էր ձյունապատ այն ճանապարհը, որի միջով ես պիտի անցնեի ու հասնեի այն միակ կնոջը, որի մեջ էին աշխարհի բոլոր կանայք:
Ճանապարհ, որով արդեն անցել էր Վաղարշակը ու իր կարծիքով` սխալվել:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031