Նրա ֆեյսբուքյան էջը «հարավկորեական»,
«նոմենկլատուրային» տպավորություն է թողնում
Օրեր առաջ ֆեյսբուքյան ընտանիքը համալրվեց եւս մեկ օգտատերով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը այսուհետ եւս ֆեյսբուքյան օգտատեր է: Իհարկե, նրա էջն այնքան էլ հարուստ չէ. միայն մի քանի դրվագներ կենսագրությունից՝ ծննդյան մասին տվյալներ, Արտաշատի N 2392 զորամասին կից միջնակարգ դպրոցն ընդունվելու եւ ավարտելու ամսաթվերը, Երեւանի պետական համալսարանում կրթություն ստացած լինելու փաստը: Արտաշատի քաղաքապետի թեկնածուն իր ֆեյսբուքյան ակտիվությունը սկսում է Մասիսի ֆոնին մի լուսանկարով եւ անմոռուկ խորհրդանիշի պատկեր տեղադրելով:
Վարչապետի որդին իր ֆեյսբուքյան պատին նորամուտը պատճառաբանում է այսպես. «Ես խնդիր եմ դնում բաց եւ ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ»: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավաստիացնում է, թե «ներկայացրեք ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները՝ վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին եւ հետամուտ կլինեմ ձեր կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին»:
Սակայն որպես հակասություն ապագա քաղաքապետի խոսքերի ու գործերի միջեւ նշենք, որ «Առավոտի»՝ Արգամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջին ուղարկած նամակ-հարցմանը երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք:
«Առավոտը» մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կգնահատի Արգամ Աբրահամյանի ֆեյսբուքյան նորամուտը: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նոմենկլատուրային բնույթ է կրում: Մուտքը տպավորիչ չէր, բայց կարող է տպավորիչ դառնալ: Առնվազն այն ներուժը, որ հենց այնպես լայք է անում, կարող է կրեատիվ գործել»:
Կարդացեք նաև
Սամվել Մարտիրոսյանը չի կարծում, որ այս տիպի ֆեյսբուքյան էջն ինչ-որ կերպ կաշխատի հօգուտ թեկնածուի, սակայն չի բացառում, որ հնարավոր է օգտատերը ժամանակի ընթացքում «բացվի», թեեւ այս պահին նրա ֆեյսբուքյան էջը բավականին «անհետաքրքիր տեղեկատվություն է տարածում»: Իսկ եթե իր փոխարեն ինչ-որ մեկն է ֆեյսբուքում գրառումներ անում, ապա նույն ոճով շարունակելու դեպքում «տխուր էլ կմնա», ու միայն ՀՀԿ-ականները լայքեր կանեն: Մեդիա փորձագետի գնահատմամբ՝ ՀՀԿ-ն ունի խնդիր հանրության հետ շփվելու: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ընդամենը երկու-երեք պատգամավոր ու մի նախարար կա, որ կարողանում են սոցցանցերն օգտագործել: Պատճառները պարոն Մարտիրոսյանը տեսնում է այն փաստում, որ «ՀՀԿ-ն բյուրոկրատացված կուսակցություն է դարձել, քանի որ չունի ռեալ ընդդիմություն: Ինքն իր յուղի մեջ տապակվում է: Իսկ այդ համակարգը ստեղծում է մի կողմից՝ հաշվետվությունների պահանջ, բայց մյուս կողմից՝ այդ հաշվետվություններն այնպես են արվում, որ իրենք հետեւանք չունենան»:
Սամվել Մարտիրոսյանն ընդհանրապես դրական չի համարում այն, որ հայաստանյան քաղաքական-սոցիալական ցանցերի ավանդույթներում շատ ընդունված է ստեղծել ֆեյսբուքյան էջ, որը չի տարբերվում պաշտոնական կայքից, այսինքն՝ էջում տեղադրում են նույն տեղեկատվությունը, ինչ քաղաքական գործիչների կայքերում: Սա մեդիա փորձագետը համարում է ընթերցողի հետ ստանդարտ շփվելու ոճ, որը չաշխատող է:
Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ից ընդամենը մի քանիսն են, որ կարողանում են ֆեյսբուքն օգտագործել որպես հարթակ, որտեղ ոչ թե միակողմանի հայտարարություններ են արվում, այլ ընդհանուր շփում, հարցուպատասխան է ծավալվում, նաեւ՝ վեճեր: Սակայն ՀՀԿ-ականների մեծամասնության մոտ այդ ամենը հեռարձակման տպավորություն է թողնում:
Թեեւ Արգամ Աբրահամյանի գրառումները մեծաքանակ «լայքեր» ու «շեյրեր» ունեն, բայց Սամվել Մարտիրոսյանը նկատում է, որ դրանք համակուսակիցներն են, որոնք ավտոմատ տարածում են, նույնիսկ մեկնաբանություն չեն գրում: Դա նման է կուսակցական հրահանգի կատարման: Նա այս առիթով հավելեց. «Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ աշխույժ են, բայց աշխույժ են այն մարդիկ, որոնք հոգով ու սրտով տրված են կուսակցությանը: Իսկ սոցցանցի էությունն այն է, որ խոսես քո հակառակորդների հետ, մարդկանց հետ, որոնք դեռ չեզոք ու չկողմնորոշված են եւ դեռ ուզում են կարծիք կազմել»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ է ֆեյսբուքյան էջի նկարների ընտրությունը, մանավանդ, որ խոսվում է Արգամ Աբրահամյանի՝ երիտասարդ, թարմ ուժ լինելու մասին, սակայն տեսնում ենք, մեղմ ասած, շաբլոն նկարներ Մասիսի ֆոնին կամ անմոռուկ խորհրդանիշի պատկերը: Սամվել Մարտիրոսյանի բնութագրմամբ՝ «նկարները սարսափելի են, հարավկորեական տպավորություն թողեցին: Եթե այդ մարդն իրեն համարում է թարմ ուժ, լավ կանի այդ նկարները ջնջի»:
Զրույցի վերջում հետաքրքրվեցինք՝ որպես մեդիա փորձագետ, ի՞նչ խորհուրդ կտա ընտրապայքարի մեջ մտած քաղաքապետի թեկնածուին, Սամվել Մարտիրոսյանը կարճ պատասխանեց. «Թող գնա պարոն Աշոտյանի մոտ թրեյնինգի»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արգամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
29.05.2015