Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հալիձորցին խմելու ջրով է հողատարածքները ոռոգում ու ընկնում պարտքերի տակ

Մայիս 30,2015 14:00

Հալիձորի բնակիչ Աննման Հարությունյանն ապրում է ամուսնու եւ 3 անչափահաս երեխաների հետ: Ապրուստի միակ միջոցը 2 կովն է, որից ստացված կաթնամթերքի փոխանակումով հոգում է երեխաների կարիքները. «Ամուսինս «ռեմոնտչիկ» ա, տարեկան 2 անգամ գործ լինի, թե չլնի, թոշակ չենք ստանում, նպաստ չենք ստանում, կով ունենք, տհենց, դրանով ենք յոլա քինըմ: Հազիվ ծերը ծերին ենք հասցնում էրեխոց հետ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Աննմանը: Այս գյուղում չնայած մարդիկ հողատարածքներ ունեն, սակայն չեն կարողանում մեծ հողերը մշակել, քանի որ ոռոգման ջրի խնդիր կա: Հալիձորցիները խմելու ջրով են այգիները ոռոգում, այդ իսկ պատճառով կարողանում են միայն տնամերձ հողամասի ծառերն ու մշակովի բույսերը ջրել: Ջրի վարձն այնքան շատ է գալիս, որ գյուղի բնակիչներից շատերը չեն կարողանում ամիսներով վճարել, պարտք են մնում: Աննմանի ամուսինը քիչ քանակով ցանել է նաեւ հաճար, գարի, որպեսզի դրանք էլ փոխանակեն իրենց պետքական այլ մթերքների հետ:
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Նարինե Աղաբեկյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Էսօր գյուղը ի՞նչ ունի, ոչ ոռոգման ջուր ունենք, ոչ գազ ունենք, ոչ երիտասարդություն ա մնացել: Գյուղում միայն մեծերն են մնում: Ես էլ 3 երեխա ունեմ՝ 2 տղաներս Գորիսում են աշխատում, աղջիկս էլ ուսանող ա Երեւանում, ինձ չի թվում, որ ավարտելուց հետո կգա ստեղ կաշխատի: Երիտասարդությանը պահելու համար առաջինը գոնե աշխատատեղեր պետք է ստեղծվեն գյուղում»:

80-ամյա Մարտիշկա տատն էլ այս գյուղում ապրում է մեն-մենակ: Նրա խոսքերով՝ մնացել ա գյուղում քարերին ու ծառերին պահակ. տղաները Երեւանում են, կանչում են, որ իրենց մայրն իրենց հետ ապրի, բայց նա նախընտրել է գյուղի ապրուստը՝ իր հող ու ջրում:
Հալիձորի համայնքապետ Մարատ Գերասիմյանը անիրական խնդիր է համարում համայնքում աշխատատեղերի ստեղծումը, ուստի նա առաջարկում է առաջինը անդրադառնալ գյուղի նվազագույն ենթակառուցվածքների զարգացմանը: Իսկ մեր այն հարցին, թե գյուղի զարգացման համար ի՞նչ հեռանկարային ծրագրեր կան, պարոն Գերասիմյանը նշեց. «Հեռանկարայինը շատ հեռանկարային ա, քանի որ այն այգիները որ 20 տարի առաջ տրվեց ժողովրդին, հիմա մշակվում է միայն դրա 10 տոկոսը, բայց հեռանկարային ա դրա մշակումը»: Ըստ գյուղապետի՝ հետագայում համայնքում պահածոների գործարան կարող է բացվել, սակայն առաջին նախապայմանը ոռոգման ջրի կարգավորումն է: Գյուղում, ըստ գյուղապետի, արոտավայրերի խնդիր էլ կա, եւ եթե կաթնամթերքի արտադրության պահանջարկ էլ լինի, ասօր հալիձորցին չի կարող մեծ թվով անասուն պահել: «Ֆերմեր ունենք՝ անասունները տեղափոխել է Քաշաթաղի շրջան, քանի որ էստեղ պայմաններ չկան»,- նշեց գյուղապետը:

Գյուղի երիտասարդները, որոնք գնում են սովորելու, համայնքապետի խոսքերով, 5-ից միայն մեկն է հետ գալիս: Ներկայումս Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում ապրում է 534 բնակիչ:

Նշենք, որ մեր այցը Սյունիքի մարզ կազմակերպել էր «People in need» հայաստանյան ներկայացուցչությունը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031