Գերագույն խորհրդի պատգամավոր Հովիկ Աղազարյանն օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Ներկայացնում ենք նրա քաղաքական պատմվածքը:
Երբեք չեմ սիրել կիրակի օրերը (համենայնդեպս, դպրոցական տարիներին), իսկ դրանցից մեկը՝ առավելապես։ Այո, այդ շաբաթ օրը ես հատկապես չսիրեցի վաղվա կիրակին, որովհետեւ ես՝ 8-րդ դասարանի աշակերտս, իմ ընկերների եւ ուսուցիչների դատին հանձնեցի իմ «հայտնագործությունը»։
Հաշվիչ մեքենաների ստեղծման եւ զարգացման նախնական փուլին զուգընթաց՝ կես մետր լայնությամբ եւ մեկ մետր երկարությամբ փայտյա վահանակի վրա էլեկտրական լամպերի միջոցով հավաքել էի մի հաշվիչ, ինչի միջոցով կարելի էր ստանալ բազմապատկման աղյուսակի շրջանակներում ցանկացած հարցի պատասխան։ Դա 1975 թվականն էր եւ այն ժամանակ, համենայնդեպս՝ Հայաստանում, դեռ չկային ձեռքի փոքրիկ հաշվիչները, իսկ իմ «հայտնագործությունը» դրա նման մի բան էր։
Այո, չէի սիրում կիրակի օրերը, որովհետեւ դպրոցում չանցկացրած որեւէ օր ինձ համար ձանձրալի էր, անհետաքրքիր եւ անիմաստ։ Իսկ այդ կիրակին հատկապես, որովհետեւ մի ամբողջ օր պետք է սպասեի, որպեսզի իմանայի իմ ընկերների եւ ոչ ընկերների ու ուսուցիչների արձագանքի մասին՝ կապված «հայտնագործությանս» հետ։ Ես դեռ չգիտեի, որ վաղվա կիրակին ավելի սարսափելի է լինելու, քան սպասվում էր:
Կարդացեք նաև
Երեկոյան իմացա, որ վաղը մեզ հյուր են գալու քեռիս ու իր տղա Կարենը։ Քեռուս շատ էի սիրում, բայց նրա տղա Կարենին… Չգիտեմ էլ, թե ինչ զգացմունքներ էի տածում նրա հանդեպ։ Ապրում էին Երեւանում եւ Կարենը հաճախում էր ռուսական դպրոց, ընդ որում՝ քեռակինս անընդհատ նշում էր այն նյութական եւ ոչ միայն նյութական դժվարությունները, որոնք ուղեկցում էին իրենց՝ ռուսական դպրոցում աշակերտ ունենալու համար։ Բայց անմիջապես էլ խոր հոգոց հանելուց հետո, աչքի տակով նայելով քեռուս, ավելացնում էր, թե ոչինչ, բոլոր չարչարանքներն արդարացված են, որովհետեւ ռուսական դպրոցում սովորելը «պրեստիժնի» է։ Ինձ էլ հենց կատաղեցնում էր այն, որ Կարենն այդ «պրեստիժնին» ճակատին կպցրած ման էր գալիս։ Մենք հասակակիցներ էինք, եւ ճիշտ չի լինի ասել, թե նա իմ նկատմամբ որեւէ առավելություն ուներ։ Ըստ գիտելիքների՝ գրեթե բոլոր առարկաներից ես առավելություն ունեի, նույնիսկ սովորելով գյուղական դպրոցում, ռուսերենի իմացությամբ ես իրեն առանձնապես չէի զիջում։ Բայց արի ու տես, որ այդ ճակատին կպցրած «պրեստիժնին» ինձ հանգիստ չէր տալիս։ Ինչեւէ, վաղվա կիրակին գալու էր, ու Կարենն էլ վաղը գալու էր։
Առավոտյան աչքերս բացեցի արեւի ջերմ ու շոյող ճառագայթների հպումից։ Տաք, շոգ օր էր սպասվում։ Մեր գյուղի շոգն ուրիշ ա, թե՞ ուրիշ է, չէ՛, չէ,՛ ուրիշ ա։ Հա, հա, հաստատ ուրիշ ա՝ տաք, ջերմ ու ծիրանոտ, եւ այս ամենը մի փոքր մեղմացնում էր սկսվող կիրակի օրվա ծանրությունը եւ սպասվող կարենությունը։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ երբ Կարենը երկար ժամանակ մեզ հյուր չէր գալիս, մի թեթեւ կարոտում էի, նույնիսկ ճակատին կպցրած «պրեստիժը» մի տեսակ փոխվում էր իր երանգներում։
…Ինչպես միշտ, գրեթե բոլոր ճակատներում հաղթանակ տանելուց հետո, մոտեցանք ռուսերենի բնագավառում մեր գիտելիքների չափմանը։ Կարենը խրոխտ կեցվածք ընդունելով, որպես հաղթական քայլ նշեց, թե կարդացել է Րաֆֆու «Սամվելը»: Ես էլ դրանում համոզվելու համար պահանջեցի, որ արտասանի Սամվելի հանրահայտ խոսքերը. ու նա արտասանեց… ռուսերեն։ Հարցնում եմ, թե ինչու ռուսերեն ու զգում եմ, որ բառերը հազիվ արտաբերեցի։ Զարմանում է. «Բա ինչերե՞ն, չէ՞ որ մեր դպրոցում կրթությունը ռուսերեն է»։
Այժմ, տարիների հեռվից ես հիշում եմ ինձ, մի տեսակ նայում եմ կողքից ու հպարտանում ինձնով, որ չուշաթափվեցի, որ չկորցրեցի ինքնատիրապետումս, բավական չէր, այլ նաեւ մի փոքր լռելուց հետո ասացի. «Հայի համար Րաֆֆու «Սամվելը» կարդալ ռուսերեն դա նույնն է, թե հայը Հայաստանում, հայկական եկեղեցում «Հայր մերը» արտասանի թուրքերեն, պարսկերեն»: Դեռ խոսքս չավարտած, իմ քեռին, իմ շատ սիրելի քեռին ձայն տվեց Կարենին, թե գնալու ժամանակն է։ Դրա համար էլ սիրում էի քեռուս, նա ամեն ինչ տեղին էր անում։ Ես չէի ուզում վիրավորել Կարենին եւ ուրախ էի, որ նա գրեթե չլսեց, թե ես ինչ եմ ասում։ Կիրակին դեռ շարունակվում էր, բայց իմ մեջ արդեն բթացել էր վաղվա օրվա սպասման զգացողությունը։ Այն կամաց-կամաց երկրորդ- երրորդ պլան էր մղվում եւ ենթագիտակցությանս մեջ մշուշվում ու աղճատվում էին ընկերներիս եւ ոչ ընկերներիս ու ուսուցիչներիս դեպի ինձ ուղղված հիացական հայացքները։ Ինձ համար էլ իմ «հայտնագործությունը» դարձավ մի անպետք իր՝ համեմատած այն խնդիրների, որոնք սողոսկված էին մեր կյանքում եւ անտեսանելիորեն իրենց սեւ գործն էին անում։
Ես հասկացա, որ Մերգելյան դառնալու իմ գործընթացը պետք է հետաձգել ավելի կարեւոր խնդիրներ լուծելու ճանապարհին։
Հաջորդ օրը ես, ինչպես միշտ, առաջինն էի դասարանում եւ անհամբերությամբ սպասում էի աշխարհագրության դասի սկսվելուն։ Ընկեր Հարությունյանը, ով նաեւ դպրոցի տնօրենն էր, ներս մտավ սովորականի պես խիստ կեցվածքով.
-Բարեւ ձեզ, երեխաներ, նստե՛ք։
Նա դեռ չէր հասցրել առաջին աշակերտին կանչել գրատախտակի մոտ, երբ նկատեց իմ բարձրացրած ձեռքը:
-Ասա, Հովիկ, ի՞նչ կա,- խիստ տոնով հարցրեց նա։
Ես տեղիցս դանդաղորեն վեր կացա կինոների «տղու» նման եւ առավելագույնս կենտրոնանալով՝ հարցրեցի.
-Ընկեր Հարությունյան, ինչո՞ւ Սովետական Միությունում ռուսերեն լեզուն է հանդիսանում պետական լեզու։
Ասեմ, որ ես շատ լավ էի սովորում եւ բոլոր ուսուցիչները բավականին լուրջ էին վերաբերվում ինձ, եւ գրեթե բոլորն էլ ինձ սիրում էին որպես լավ աշակերտի (իսկ ես բոլորին էի սիրում անխտիր), եւ ոչ մեկը չէր կարող իմ տված հարցին մակերեսային մոտեցում ցուցաբերել, պետք է պատասխանեին ամենայն լրջությամբ եւ ըստ էության։
Դատելով ընկեր Հարությունյանի դեմքի արտահայտությունից, նա ոչ միայն չշեղվեց ինձ հետ շփվելու ընդունված կարգից, այլ տվյալ պահին ավելի լրջացավ՝ հարցադրմանս մեջ քաղաքական էլեմենտ գտնելով։ Ընկեր Հարությունյանը մոտ հինգ րոպե բացատրում էր ռուս ժողովրդի եւ ռուսաց լեզվի առանձնահատկությունները, բայց եւ այնպես ինձ մի պահ թվաց, որ նա շեղվում է ուսուցիչների կողմից ինձ հետ շփվելու կարգից եւ ոչ թե ինձ է ուղղում իր խոսքը, այլ մեկ ուրիշին կամ ուրիշներին, բայց ըստ էության, ըստ էության: Բոլորովին պետքս էլ չէր, որովհետեւ այդ ամենը ես գիտեի, ինձ բուն բանավեճն էր պետք ու երբ նա ավարտեց իր խոսքը, ես ինձ թույլ տվեցի նկատել, որ այդ ամենը խիստ վիրավորական ու նվաստացուցիչ է մյուս ազգերի համար։
Ընկեր Հարությունյանը լինելով միակ եւ իշխող կուսակցության անդամ, իրեն հատուկ խիստ տոնով փորձեց սաստել իմ միջի ըմբոստին եւ ահասարսուռ ձայնով հարցրեց.
-Իսկ դու ի՞նչ ես առաջարկում, այ տղա։
Ըստ երեւույթին նա քիչ ժամանակ ուներ շփվելու իր աղջկա՝ մեր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհու հետ, հակառակ դեպքում՝ ընկեր Հակոբյանն անպայման ասած կլիներ իմ վերաբերմունքի մասին.
«Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան»:
Ուզում եմ ասել, որ իմ մեջի ըմբոստը բոլորովին էլ չսաստվեց եւ շատ հստակ ներկայացրեց իր առաջարկությունը։ Ես առաջարկեցի, որ դպրոցն ավարտելուց հետո ընկեր Հարությունյանը միջնորդի համապատասխան մարմինների առաջ, որպեսզի ինձ ամսական 200 ռ աշխատավարձ նշանակեն ու ես ինձ նվիրեմ նոր լեզու ստեղծելուն, հաշվի առնելով Սովետական Միության բոլոր ժողովուրդների լեզուներն իրենց առանձնահատկություններով, որ ոչ մեկի համար վիրավորական չլինի։
Անցան տարիներ, շատ ու շատ բաներ տեղի ունեցան մեր կյանքում, իմ կյանքում։ Նաեւ տեղի ունեցավ ամենասարսափելին. ես հարյուր հազարավոր հայրենակիցներիս նման ժամանակավորապես հեռացա հայրենիքից՝ ընտանիքիս ապրուստը հոգալու նպատակով։ Մեծ տղաս ամուսնացել է, ունի երկու տղա։ Հանգամանքների բերումով իրենք էլ շատ-շատերի նման գտնվում են Ռուսաստանում։ Ես էլ մեր գյուղի դպրոցում ստացած իմ բավականին լուրջ գիտելիքները ռուսերենի բնագավառում օգտագործում եմ նպատակամղված կերպով՝ իմ թոռնիկների ռուսերենը ուժեղացնելու համար, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ: Դե հիմա ասեք, թե ես ո՞վ եմ, կամ ի՞նչ եմ այսքանից հետո։ Լավ-լավ, նեղություն մի քաշեք, այդ էլ կասեմ, ես ցեղասպանված եմ…
Այո, ես ցեղասպանված եմ, բայց ոչ մահացած։ Եվ եթե ես չանեմ ինձանից կախված ամեն հնարավորն ապագա ցեղասպանվողների թիվը մինիմալիզացնելու համար, ապա իմ մահացած չլինելը կլինի խիստ հարաբերական, կամ էլ ոչ հարաբերական, բայց, ավաղ, կենսաբանական, կենդանական մակարդակով։
«Առավոտ» օրաթերթ
29.05.2015