Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարեկացու Մատյանը բալետային «կերպարանք» ստացավ

Մայիս 30,2015 13:00

Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներում» մեկտեղված են դասական, ժամանակակից, մոդեռն, նեոկլասիկ եւ հիփ-հոփ ոճերը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային պետական միջոցառումների շրջանակներում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Ազգային օպերային թատրոնում մայիսի 27-ին, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով եւ սցենարով կայացավ «Զույգ արեգակներ» երկու գործողությամբ ներկայացման պրեմիերան: Երաժշտությունը հավաքական է՝ Մաշտոց, Նարեկացի, Ալան Հովհաննես, Խաչատրյան, Բաբաջանյան, Տերտերյան եւ Աշոտ Արիյան:

«Զույգ արեգակները» միջազգային նախագիծ է, որտեղ ընդգրկված են ոչ միայն Ազգային օպերային թատրոնի արտիստներ, այլեւ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից եւ Իսրայելից հրավիրված բալետի արտիստներ: Ներկայացման մեջ մեկտեղված են դասական, ժամանակակից, մոդեռն, նեոկլասիկ, հիփ-հոփ ոճերը: Գլխավոր՝ Նարեկացու դերապարով հանդես եկավ Շտուտգարտի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Զազյանը: «Առավոտի» հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանն ընդամենն ասաց, թե տարիներ առաջ է ոգեշնչվել Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությամբ եւ ասես ճիշտ ընտրված ժամանակի հաստատում ու ներկայացման օրհնանք լիներ այն փաստը, որ բուն բեմադրական գործընթացը սկսելուց շուրջ 2 շաբաթ առաջ փորձասենյակում է տեղեկացել, որ Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար Նարեկացուն շնորհել է Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս:
Անդրադառնալով ներկայացմանն, ասենք, որ այն միաձուլեց անցյալն ու ներկան՝ ներկայացնելով հայկական ժառանգությունը 21-րդ դարի պրիզմայի միջով ու հանդիսացավ արվեստի այնպիսի մի գործ, որը նորարարական է, հայկական, հավերժական ու համամարդկային: Իսկ բեմը խորհրդանշում է տիեզերքը, որտեղ գտնվող խորանն էլ՝ հայկական աշխարհը (բեմի եւ զգեստների ձեւավորումը՝ Աստղիկ Ստեփանյանի): Պարի լեզվով Նարեկացու, Արշիլ Գորկու, Թորոս Ռոսլինի եւ ժամանակի միջեւ կապը իրականացնում է Պատմիչը (Հովհաննես Հովհաննիսյան):

IMG_7209_s IMG_7139_s

Առաջին գործողությունում Նարեկացու հոգեւոր ճանապարհը ձեւավորվում է 4 ավետարանիչների հետ գաղափարական եւ զգայական փոխկապակցման միջոցով: Անցնելով հոգեւոր զարգացման 7 աստիճանները, նա հասնում է պատմիչին, գործողությանը մասնակցող «աքլորը» խորհրդանշում է Քրիստոսին, երկրային կյանքի սկիզբը: Պատմիչի ձեռքի թավջութակը, Ռուդոլֆ Խառատյանի խոսքերով, հանդիսանում է արվեստի ու ստեղծագործական սկզբունքի խորհրդանիշ: Այս գործողության մեջ հնչում է նաեւ Նարեկացու խոսքը «Մատյան ողբերգության» պոեմից.
«Զույգ արեգակներ երկու ծագերից,
Մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման:
Ներկան անգո է, անցյալն անորոշ,
գալիքն՝ անստույգ…»:

IMG_6881_pr-ss IMG_7172_ss IMG_6848_pr-ss IMG_6861_pr-ss

Առաջին գործողությունը սկսող Բաբաջանյանի թիվ 3 կվարտետի հնչյուններին հաջորդում է կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի «Տոկատը», պարային լեզվով՝ կրակի պարը: Ռուդոլֆ Խառատյանի ձեւակերպմամբ՝ կրակը, բոցը հնագույն ժողովուրդների մոտ ունեցել է արեւի, աստվածային էներգիայի, մաքրագործության, վերածննդի, հոգեւոր սլացքի, ինչպես նաեւ գայթակղության, փառասիրության, ոգեշնչումի խորհրդանիշ: Հնչում է Նարեկացու «Ծովի պես աչքերը», ապա՝ հատված Տերտերյանի 2-րդ սիմֆոնիայից, իսկ հետո՝ Թորոս Ռոսլինի աշխարհը՝ Արշիլ Գորկու աչքերով, Մաշտոցի ու շարականների երաժշտության ներքո… Ժամանակը կապող հյուսվածքը պատմիչը հավերժացնում է Թորոս Ռոսլինի, Նարեկացու եւ Արշիլ Գորկու հավաքական հոգեւոր ստեղծագործ միտքը, Գորկու աբստրակտ աշխարհը՝ ոգեշնչված Ռոսլինի գունային կոմպոզիցիաներով, Աշոտ Արիյանի «Brivis» երկի հնչյուններով:

Երկրորդ գործողությունը կարելի է հակիրճ բնութագրել հույս, հավատ, սեր, ժողովուրդ, որտեղ Տիրամոր (Մարին Վինեյ, Ֆրանսիա) աղոթքը առ Աստված ներկայացված է Ալան Հովհաննեսի ստեղծագործությամբ: Վերջինիս հաջորդում են հատված Տերտերյանի առաջին սիմֆոնիայից, Բաբաջանյանի «Վեց պատկերները» դաշնամուրի համար, Արիյանի «Planet X»-ը, «Stonehenge»-ը: Բեմադրված պարերը ներկայացնում են տիեզերքի հավերժական շարժիչ ուժը, հիշեցնում, որ մարդուն ի սկզբանե տրված է ֆիզիկականը, իսկ հոգեւորը պետք է զարգացվի՝ ներդաշնակության հասնելու համար: Կարճ ասած՝ մեկ մարմնում ֆիզիկականի եւ հոգեւորի ներդաշնակ զարգացում եւ գոյություն: Հենց այստեղ ներկայացված է հիփ-հոփ եւ դասական պարերի սինթեզ, որն ընկալվում է իբրեւ ժամանակների բախում դասական պարի եւ հիփ-հոփ ոճի սինթեզով: Տպավորիչ է բալետի ֆինալը, որտեղ կյանքի դրական լիցքերն են ու կարծես աշխարհի հիմք հանդիսացող աստվածային բանականությունը: Հենց այստեղ Խաչատրյանի առաջին սիմֆոնիայի երաժշտական հատվածով զույգ արեգակները հանդիսատեսի աչքի առաջ վառվում են՝ խորհրդանշելով մարդկությանն ուղղված ստեղծարար կրակը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031