Սկանդալային բալետային պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է հունիսին համերգներով հանդես գալ Դոնբասում: «Համերգները գուցե կայանան հունիսի 10-15-ի միջակայքում, Դոնեցկի քաղաքապետի հետ արդեն այդ թեմայով բանակցություններ են գնում: Կարծում եմ, որ այդ տարածաշրջանում բարդ իրավիճակ է, եւ ավելի լավ է ոչ թե սգալ բնակիչների հետ, այլ ուրախություն պարգեւել նրանց»,- ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հայտարարել է Վոլոչկովան: Նա նաեւ ասել է, որ նման գաղափար իրեն հուշել է իր բարեկամ «Խիրուրգ» մականունով բայքերը (Ալեքսանդր Զալդոստանովը):
«Երբ Սաշան ինձ ակնարկեց համերգի մասին, ես խորհրդակցեցի Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնի հետ՝ մի միջոցառման ժամանակ: Ասացի, որ բարի առաքելությամբ եմ մեկնում: Ու քանի որ գնում եմ մարդկանց ուրախացնելու, Աստված իմ կողքին կլինի, նա ավելի զորեղ է, քան ինքնաձիգերով մարդիկ: Այնպես որ՝ իմ զենքը բարությունն է, գեղեցկությունը, սերը եւ ճշմարտությունը: Այդ ամենով կարող եմ պաշտպանել ինքս ինձ»,- համոզված է պարուհին:
Հիշեցնենք, որ 2014թ. մարտին Վոլոչկովայի ուկրաինական համերգները ձախողվել էին՝ համացանցում հայտնված տեսանյութի պատճառով, որտեղ նա կարծիք էր հայտնել Ղրիմի ու Ուկրաինայի մասին: Վոլոչկովան ավելի ուշ արդարացել էր, թե իր խոսքը միտումնավոր մոնտաժել են, քանի որ ինքը միշտ էլ այն կարծիքին է, որ Ղրիմը Ուկրաինայի անբաժանելի մասն է:
Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2015