Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «տորգի» առաջարկներ՝ Ղարաբաղի համար

Մայիս 30,2015 12:00

Ի՞նչի մասին էր ակնարկել ՌԴ նախագահի խոսնակը դեռ ապրիլի 24-ին

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յրդըմը «Ինտերֆաքս»-ին հարցազրույց է տվել, որում նշել է, թե Թուրքիան ողջունում է ՌԴ-ի մասնակցությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերի կարգավորմանը, բայց հայկական կողմին կոչ է անում չխանգարել ռուս-թուրքական հարաբերություններին: «Ինտերֆաքս»-ը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելով Հայաստան՝ մասնակցել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին, որին հետեւեցին պաշտոնական Անկարայի քննադատական ակնարկները` Պուտինի քայլին ի պատասխան:
Դեռ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Պուտինի ելույթից ժամեր անց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շտապեց պարզաբանել. «Շատ կարեւոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթին: Ինչպես նաեւ շատ կարեւոր է չմոռանալ, որ մեր ռազմավարական գործընկերն է նաեւ Թուրքիան»:

Ի՞նչ էր ցանկացել ասել այդ օրը Պեսկովը` խորհուրդ տալով «ուշադիր ծանոթանալ» Պուտինի երեւանյան ելույթին: Ապրիլի 22-ին ՌԴ նախագահը ուղերձով դիմեց հայերին՝ նշելով. «1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի հետ»: Այս ուղերձը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայի իշխանական շրջանակներում: Երկու օր անց, սակայն, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Պուտինն իր ելույթում «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը չհիշատակեց: Նա ասաց. «Մենք անկեղծորեն վշտակցում ենք հայ ժողովրդին, որին բաժին է ընկել մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը»: Ապա հավելեց, որ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի դեմ գործված բռնությունների միջազգային դատապարտմանը: «Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Սոզոնովի նախաձեռնությամբ ՌԴ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան (եւ Ֆրանսիայի նախագահը քիչ առաջ հիշատակեց այդ մասին) համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածը ուղղակիորեն կոչեցին մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված հանցագործություն: Մենք այսօր սգում ենք հայ ժողովրդի հետ: Ռուսաստանյան հարյուրավոր քաղաքներում, ընդգծում եմ՝ հարյուրավոր քաղաքներում ավելի քան 2000 հիշատակի միջոցառումներ տեղի կունենան: Դրանց կմասնակցեն ոչ միայն շուրջ 3 միլիոն կազմող բազմամարդ հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ նաեւ այլ ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ», – ասաց ՌԴ նախագահը:

Պեսկովի ակնարկը, թերեւս, վերաբերում էր Պուտինի ապրիլի 24-ի ելույթին, որտեղ նա, խոսելով Ցեղասպանության դատապարտման հարցում ՌԴ-ի դերի մասին, այնուամենայնիվ, շրջանցել էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, որը, սակայն, ամենեւին էլ չմեղմացրեց պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, իսկ Հայաստանում դեռ ապրիլի 22-ի ուղերձի տպավորությունների տակ էին, հետեւաբար ապրիլի 24-ի Պուտինի՝ փոքր-ինչ խորամանկ քայլը չնկատվեց. նա Ծիծեռնակաբերդում էր այդ օրը` որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրի նախագահ, եւ այդ «վրիպակը» օրվա թոհուբոհի մեջ, իսկապես, աննկատ մնաց:

Պեսկովի ակնարկածը թե որքանով սփոփեց Թուրքիայի իշխանություններին՝ այլ հարց է ու այնքան էլ էական չէ: Ապրիլի 24-ին Պուտինն այդպիսի «ժեստի» էր դիմել, թերեւս, ապրիլի 22-ի ուղերձից հետո զայրացած Թուրքիային ավելի չնյարդայնացնելու համար: Սակայն դա, կարծես, այնքան էլ չծառայեց իր նպատակին, քանի որ Անկարան ցույց տվեց իր հիասթափությունը, որը, սակայն, պարզ է բոլորի համար, որ երկար չէր տեւի:
ԼՂ խնդրի լուծումը` Բաքվի, Անկարայի ու Մոսկվայի առաջնահերթություն
Այս փուլում թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանին ակնհայտորեն դրդում են ակտիվության Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ բնականաբար, ակնկալելով ադրբեջանանպաստ լուծում:

Մոսկվայում ՌԴ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը քննարկեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Մամեդյարովը նշեց, որ ԼՂ հիմնախնդիրն արդեն գերհասունացել է: Իսկ Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է. «ՌԴ-ն նախկինի նման իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է դիտարկում հակամարտող կողմերի միջեւ պայմանավորվածության հասնելուն աջակցելը: Շարունակելու ենք ակտիվորեն աջակցել փոխընդունելի պայմանավորվածությունների փնտրտուքին: Այն, որ հակամարտությունը չափազանց ձգձգվել է, ոչ ոք չի հերքում: Կա իրական բազա համաձայնությունների հասնելու համար: Դրան եւս բոլորը համաձայն են: Այժմ պետք է համաձայնություններին կոնկրետ ձեւակերպումներ տրվեն»,- նշեց Լավրովը՝ միաժամանակ ընդգծելով, որ «դա ամենահեշտ գործը չէ»: Լավրովը խոստովանեց, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ մանրամասն, մի քանի ժամ քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման նկատմամբ մոտեցումները, եւ որ նա «զգուշորեն, բայց ամրապնդվող լավատեսությամբ է նայում ներկայիս իրավիճակին»:

Հատկանշական է, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ԵՏՄ-ին անդամակցության հեռանկարները բացահայտորեն կապել ԼՂ խնդրի կարգավորման հետ՝ կարծես, հետեւողականորեն տպավորություն ստեղծելով, որ ԼՂ խնդրի լուծման բանալին բացառապես Կրեմլի ձեռքում է: Ադրբեջանի ԱԳ նախարարն օրերս հարցազրույց է տվել «Ռոսիա 24»-ին եւ ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի հնարավոր համագործակցության մասին հարցին պատասխանել է. «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի առկայությունը մեզ թույլ չի տալիս լինել Մաքսային միությունում Հայաստանի հետ միասին։ Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, եթե կարգավորվի իրավիճակը, եթե տնտեսական կապեր լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ով գիտի՝ ինչ տեղի կունենա վաղը, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»։ Նա այս հարցազրույցում եւս ընդգծել էր, որ Լավրովի հետ բանակցությունների հիմնական թեման ԼՂ խնդիրն է եղել. «ՌԴ-ի հստակ ցանկությունն է՝ տեղից շարժել հակամարտության կարգավորման գործընթացը»։

Վերոնշյալ հարցազրույցից օրեր առաջ ԵՏՄ անդամակցություն` Ղարաբաղի դիմաց բանաձեւի մասին էր ակնարկել նաեւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դարձյալ «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում` նշելով, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու հարցը կարող է քննարկվել միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: «Ադրբեջանը սկզբունքորեն դրական է վերաբերվում այդ կառույցին, որովհետեւ դա մեր ընդհանուր տարածքն է եւ շատ մեծ շուկա: Բայց այսօր մենք չենք կարող միանալ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետեւ մեր երկրում ավելի քան մեկ միլիոն փախստական կա, մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է: Այսպիսի տարածքային հակամարտության առկայության դեպքում մենք չենք կարող ագրեսոր երկրի հետ նույն միությունում լինել եւ այդ երկրի հետ ինչ-որ հարցեր լուծել»,- ասել էր Բյուլբյուլօղլուն:

ՌԴ նախագահ Պուտինը շուտով կմեկնի Բաքու` մասնակցելու Եվրոպական խաղերի բացմանը, որը տեղի կունենա հունիսի 12-18-ը: Ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, ավելին՝ երկու երկրների իշխանությունները դրանք «ռազմավարական գործընկերություն» են անվանում:

Զարմանալիորեն, երբ վերջին ամիսներին քաղաքակիրթ աշխարհը կոշտ քննադատության է ենթարկում Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների պաշտպանության հարցում, երկրում բռնատիրություն հաստատելու ճանապարհին, Միացյալ Նահանգներից, օրինակ, արդեն մի քանի ամիս նույնիսկ առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ալիեւի ռեժիմի նկատմամբ, ՌԴ նախագահն այսօր խոսում է Ադրբեջանի աճող հեղինակության մասին: Պուտինը մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով շնորհավորել է Ադրբեջանի նախագահին` ընդգծելով, որ Ադրբեջանը առաջ է շարժվում սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային զարգացման հարցերում, եւ «համաշխարհային արենայում աճում է Ադրբեջանի հեղինակությունը»:
Ինչպես ասում են` «no comment»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    ինչ ,,նո քոմենտ,,մարդւ սիրտ է կանգնւմ,ոնց կարելի է խաղալ երկւ երկրների ժողովրդների ճակատագրի հետ,ոնց կարելի է հրահրել սպանւթյւններ նախկին մի ընտանիքի երկւ ժողովւրդների միջև:ինչւ ,ինչպես մոռանալ ,,կոլցո,,օպերացիան հաերիս դեմ,սւմգաիթյան,բաքվի դեբքերը,զենք զինամթերքի վաճառքը երկւ երկրներին,սա միթե չի ասւմ այն մասին,որ Ռւսաստանին ժողովւրդ,մարդ բառը չի հետաքրքրւմ,նրան հող,տարածք,ինչքան շատ,այնքան կռեմլը պաշտպանված կզգա:եվրոպական սոց երկրներն նախկինւմ ելի նւյն պաշտպանական գոտին եր:եթե ժողովւրդը հետաքրքրեր,չեին լինի չեխերի ւ լեհերի նկատմամբ ,,պատժամիջոցները,,նրանց ,,բարեկամ,, տարացքքներ են պետք,ոչ բարեկամ ժողովւրդ,որովհետև քցող քաղաքականւթյւն վարած,վարող Ռւսաստանը չի կարող վստահել,ոչ մեկին:և նախկինւմ և հիմա իր անգամ գոյւթյան կորցնելւ վտանգով,աշխարհին դեմ ելավ,ռւս ժողովրդին ճդավաջանելւ համար,բայց իրենք միշտ մանրադրամի տեղ են օգտագործւմ:պետք է նախ հասկացնել բարեկամ ռւս ժողովրդին,որ իրենց մեր դեմ են հանւմ,մեր ինքնւրւյնւթյւնը խլելւ համար,ռւս ժողովւրդը շատ է հոգնել պատերազմներից,նրանց պետք է խաղաղւթյւն, իսկ խաղաղւթյւն ւնենալւ համար պետք է բարեկամ լինել ւ դրանով շատ բարեկամ ժողովւրդնեով,բարեկամ երկրների հատ բարիդրացիական բազմաբնագավառ հարաբերւթյւններ ւնենալ,հարգելով տվյալ երկրի շահերը ւ միայն օրենքներով ամրագրված հարաբերւթյւններւմ հավասարների հարաբերւթյւն:պետականորեն պետք է դեմ գնալ այն բոլոր միջամտւթյւններին,որ դեմ է մեր շահերին,եթե իրենց համար մարդն արժեք չւնի,մեզ համար կենաց խնդիր է,պատմական բահանջ է տողանք ամեն մի մարդւ համար:մենք չենք կարող վաճառքի հանել մեր պատերազմւմ զոհվածների այրւնը,մենք չենք կարող բանակցել նրանց թողած ժառանգների հետ,դա նրանց ազատագրած ւ պապերի հողերն են:մեր ժողովւրդը աշխարհին միշտ բարիք է թողել,մենք կառւցել ենք,շենացրել աշխարհի ամեն մի տւն ւր մեզ թեկւզ մեկ օրով հյւրնգալել ենք:ողջ մարդկւթյւնն է հյւր այս մոլորակի վրա ւ նա պարտավոր է թողնել իր շարւնակականւթյան պայմանների բարելավւմ,դա միշտ արել է մեր ժողովւրդը:մենք ցավւմ ենք,որ այսօր չկա համամարդկաին համերաշխւթյւն,չկա այնպիսի կառւյց,որ իզորւ է պաշտպանելւ մարդւն:միթե սա հարիր է 21երորդ դարւմ ապռողներիս,երբ իսլամիստները դաժանորեն վայրագաբար ոչինչացնւմ են մարդւն,մարդւ խիխճը,հասկանւմ եք այլևս հադւրժելով այս ամենքը,մենք թւյլ ենք տալիս մեր ձեռքերով սպանել խղճալւ,սիրելւ զգացւմը,մենք բոլորս ենք մարդասպան ւ ինքնասպան դառնալւ շեմին:պետք է սպանել բառը հանել այս մոլորակի մարդկւթյան բառաբաշարից:պետք է ամեն պատիժ հնարավորւթյւն տա պատժվողւն վարձահատւյց լինի,իր կատարած հանցանքի դաժանւթյան չափով դաժան աշխատանքով,թող գնան լւսնի վրա աշխատեն,մարսի վրա…եթե մարդւն սպանելւ միջոցները ւղվեր մարդւն պահելւ,պահպանելի,բարեկեցիկ,արժանապատիվ ապրելւն,այո մենք կւնենաինք խոպան մոլորակ ւ մեր մոլորակն ել կկոչվեր դրախտ մոլորակ…հաերս այսպես ենք երազել,այսպես ապրել ենք ւ այդպես ել ւզւմ ենք ապրել ւ եթե աշխարհն ել ւրանա,երևի մենք մեր ւժով,արդարւթյան ւժով մեզ կպաշտպանենք:թող դա գիտակցեն կռեմլի որոշները

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031