Աչքերը համարում ենք «հոգու հայելին» եւ աշխատում այնպես անել, որ յուրաքանչյուրս առողջ, գեղեցիկ եւ հրաշալի տեսք ունենանք: Արտաքին տեսքը հաճախ փչանում է աչքերի շուրջ առաջացած մուգ շրջանակների պատճառով եւ շատերը բուժելու փոխարեն փորձում են կոսմետիկ միջոցներով ծածկել այն:
Այն հարցին, թե ի՞նչու է աչքերի շուրջ առաջանում մուգ շրջանակներ, Myfamilydoctor.ru-ն նշում է մասնագետների բազմակողմանի պատասխանները: Նախ աչքերի շրջանում մաշկը լինելով շատ բարակ, նուրբ եւ զգայուն, օրգանիզմի շատ խնդիրների հետեւանքով առաջինը արտացոլվում է աչքերի շրջանի մաշկի վրա:
Առաջին պատճառը կարող է առաջանալ անքնությունից, որի համար նախ եւ առաջ օրգանիզմին անհարժեշտ է քնի բավարար տեւողություն` 7-8 ժամ: Հետեւեք նաեւ ժողովրդական բաղադրատոմսերին` հում կարտոֆիլը անցկացրեք քերիչի մանր անցքերով եւ 2 թեյի գդալ կարտոֆիլի հյութին ավելացրեք 1 թեյի գդալ բուսական յուղ, լավ խառնեք եւ քսեք ստորին կոպի շրջանում` թողնելով 20-25 րոպե: Այնուհետեւ լվանալ կանաչ թեյով: Կարող եք նաեւ պատրաստել բուժական սառցե խորանարդիկներ հետեւյալ կերպ.1 թեյի գդալ կանաչ թեյը կամ 1 ճաշի գդալ որեւէ դեղաբույս` երիցուկ, սամիթ, մաղադանոս կամ տերեփուկ լցնել 200 մլ եռման ջրի մեջ եւ թողնել կես ժամ, այնուհետեւ լցրեք սառույց պատրաստելու հարմարանքի մեջ եւ սառեցրեք: Բուժիչ սառցե խորանարդիկներով խորհուրդ է տրվում առավոտյան եւ երեկոյան աչքերի շուրջը մերսել` թեթեւ սահեցնելով:
Աչքերի շուրջ մուգ շրջանակի նշան կարող է լինել աչքի լարվածությունը, սթրեսը եւ քրոնիկ հոգնածությունը: Կյանքի ինտենսիվ տեմպը, սթրեսները եւ աչքերի մշտական լարվածությունը, հատկապես երբ աշխատում եք համակարգչով, հանգեցնում է աչքերի շուրջ մուգ շրջանակների առաջացման: Վերացնելու համար նախ պետք է կարգավորել աշխատանքային գրաֆիկը, հաճախ քայլել մաքուր օդում: Մուգ շրջանակների վերացման համար անհրաժեշտ է նաեւ մեկ այլ միջոց՝ դիմակ օգտագործել, որի բաղադրության մեջ է մտնում վարունգը եւ մաղադանոսը: Վարունգը անցկացրեք մանր քերիչով, ավելացրեք մի քանի ճյուղ մանր կտրատած մաղադանոս, այնուհետեւ ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր: Ստացված զանգվածը տարածեք աչքերի շուրջ: Դիմակը պահեք 10-15 րոպե եւ լվացեք տաք ջրով: Կարելի է նաեւ աչքերին դնել տաք կաթով թաթախած բամբակե սկավառակներ եւ թողնել 15 րոպե: Այնուհետեւ լվանալ տաք ջրով:
Մուգ շրջանակի պատճառ են նաեւ ծխախոտն ու ալկոհոլը: Ծխախոտի ծուխը եւ ոգելից խմիչքները բերում է քրոնիկ թունավորման, մաշկը սկսում է արագ թոշնել եւ ծերանալ, իսկ նման դեպքերում երկար ժամանակ է պահանջվում մուգ շրջանակներից ազատվել:
Այն մարդիկ, որոնք հաճախ օգտագործում են տապակած, ապխտած, կծու եւ աղի մթերքներ, եւ չեն ընդունում անհրաժեշտ քանակի վիտամիններով ու հանքանյութերով հարուստ սնունդ, ոչ միայն ունենում են մի շարք առողջական խնդիրներ, այլեւ վատ արտաքին տեսք: Արյան մեջ հավաքվում են թունավոր նյութեր, որոնք էլ արտահայտվում են աչքերի նուրբ մաշկի գունափոխությամբ:
Աչքերի մուգ շրջանակ կարող են առաջացնել նաեւ սխալ ընտրված կոսմետիկ միջոցները, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունները` ինչպիսիք են երիկամային, լյարդ-լեղապարկային եւ այլ հիվանդությունները: Նման հիվանդության ժամանակ հիվանդը աչքերի շուրջ ունենում է դեղնավուն շրջանակներ, բերանում դառը համ:
Եթե աչքերի շուրջ առկա է կապտավուն երանգ, ապա հնարավոր է, որ մարդն ունի սրտանոթային խնդիրներ եւ արյան շրջանառության խանգարում: Մուգ շրջանակներ են առաջանում նաեւ անեմիայի դեպքում, որի ժամանակ հիվանդը ունենում է թթվածնի անբավարարություն արյան մեջ, հեմոգլոբինի ցածր մակարդակ, ինչպես նաեւ նկատվում է հոգնածություն, հաճախակի գլխապտույտ եւ գլխացավեր:
Մասնագետները նշելով տարբեր պատճառներ` խորհուրդ են տալիս, որ մինչ մտածեք, թե ինչպես «կոծկել» աչքերի շուրջ մուգ շրջանակները` այցելեք բժշկի, պարզեք բուն պատճառն ու վերացրեք այն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2015