Նախագահի թեկնածու, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը ճանապարհի կեսից հանեց իր թեկնածությունը:
Այսօր Ցյուրիխում կայացան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Կանոնակարգի համաձայն առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ձայների երկու երրորդը: 209 քվեաթերթիկներից վավեր ճանաչվել է 206-ը, որոնց հաշվարկից հետո պարզվել է, որ գործող նախագահին ձայն տվել է 133 երկիր, իսկ Հորդանանի արքայազնի օգտին քվեարկել է 73-ը: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի նշանակվել է երկրորդ փուլ: Սակայն նախագահի թեկնածու, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը հանել է իր թեկնածությունը: Այսպիսով, Զեպ Բլատերը ՖԻՖԱ-ն կգլխավորի մինչեւ 2019 թվականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fifa.com-ի