Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայփոստը» մասնավորեցնում են, քանի որ շատ ու շտապ փող է պետք կառավարությանը»

Մայիս 29,2015 22:24

«Հայփոստի» մասնավորեցման մասին մայիսի 27-ի կառավարության որոշումից հետո սկսվեցին լուրեր շրջանառվել, որ ամենայն հավանականությամբ, «Հայփոստը» կգնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որին է ներկայումս հանձնված այս ընկերության հավատարմագրային կառավարումը: Արդյոք Էռնեկյանը մտադի՞ր է գնել «Հայփոստը», Aravot.am-ի այս հարցը ընկերության լրատվական ծառայությունից չցանկացան մեկնաբանել, եւ ըստ էության, ոչ հերքեցին, ոչ էլ՝ հաստատեցին:

Կառավարությունը, «Հայփոստի» մասնավորեցումը հիմնավորում է. «Այն կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը,  հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդրումների, նոր, ժամանակակից սարքավորումների  եւ տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ կիրականացնի սոցիալական ծրագրեր աշխատողների համար»:

Միթե որեւէ բան խանգարո՞ւմ էր Էռնեկյանին հավատարմագրային կառավարմամբ իրականացնել կառավարության նշած «բարեփոխումները», որ անհրաժեշտություն  է ծագել անպայման մասնավորեցնել «Հայփոստը», եւ որքանո՞վ է նպատակահարմար ռազմավարական օբյեկտների մասնավորեցումը:

Vahagn-KhachatryanAravot.am-ի այս հարցերին ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նախ ասաց, որ «Հայփոստի» մասնավորեցումը սխալ որոշում է, հետո նկատեց՝ այս որոշումը խոսում է այն մասին, որ, իսկապես, կան լուրջ խնդիրներ երկրի տնտեսությունում, ուստի ուզում են ժամանակից շուտ մասնավորեցնեն:  «Նպատակը գումար ունենալն է, որովհետեւ ֆինանսական հոսքերի պակասության պատճառով, երկրի տնտեսությունը հայտնվել է ծանրագույն վիճակում»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ այն, որ մշտապես մասնագետների եւ միջազգային ֆինանսական կառույցների կողմից ասվել է՝ 2015 թվականը Հայաստանի համար լինելու ծանր տարի, ինչը մեր կառավարությունն այդպես էլ չի խոստովանում ու հայտարարում, ուստի ճգնաժամից դուրս գալու համար գնում է նման օբյեկտների մասնավորեցմանը: Տնտեսագետի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությանը շատ մեծ քանակությամբ ու շատ շտապ գումար է հարկավոր՝ ծանր վիճակից դուրս գալու համար. Սա է պատճառը, որ շուտափույթ ձեռնարկեց «Հայփոստի» մասնավորեցումը:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ «Հայփոստն» այն եզակի դեպքերից է, որ հավատարմագրային կառավարումով կարողացավ  իրականացնել բոլոր իր պարտավորությունները, եւ իրականում ապահովել որակյալ ծառայություն. «Ես օգտվում եմ «Հայփոստից» եւ տարեցտարի դրական փոփոխություններ նկատում եմ, այն ինչ, չենք կարող ասել գազի, երկաթուղու, եւ էլեկտրաէներգիայի դեպքում. Այս ոլորտներում մեր իրավունքները ոտնահարված են»:

Տնտեսագետի խոսքերով՝  մասնավորեցում, դեռ չի նշանակում սեփականաշնորհում, տարբեր ձեւեր կան, որոնցից մեկը հավատարմագրային կառավարման հանձնելն է, ընդ որում սրա լավագույն օրինակը «Հայփոստն է», վատագույնը՝ երկաթուղին: Ըստ էության, ինչպես նկատեց Խաչատրյանը, Էռնեկյանը լավ էլ կատարում է հավատարմագրային կառավարումը. «Մեկ այլ բան էլ կա, ինքը գիտի, որ 5 տարին մեկ անհրաժեշտություն կա նորից կառավարման երկարացման համար դիմելու: Այնպես որ, ես չեմ գտնում, որ խիստ անհրաժեշտ է սեփականաշնորհել, ինչ-որ առումով, գտնում եմ՝ սխալ մոտեցում է, նաեւ հաշվի առնելով գազի մեր դառը փորձը, ՀԷՑ-ի դեպքը:  100%-ով մասնավորեցնել են ու չենք կարողանում որեւէ կերպ կարգուկանոն հաստատել, պետությունը որեւիցե ձեւով իր միջամտությունն էլ չի կարում, կամ չի ուզում անի: Էներգետիկայի ոլորտի պատասխանատուներն  ասում են՝ մենք ի՞նչ գործ ունենք: Ստացվում է, որ հանրային ծառայություն է մատուցում հանրապետությանը, բայց կառավարությունը չի կարողանում, իրավունք չունի, կամ չի ուզում վերահսկել այդ բնագավառը: Հավատարմագրային կառավարման դեպքում պետական մասնակցությունն ուղղակի է. Կարող է ասել՝ չեք կարում կատարել ձեր պարտավորությունները՝ խնդրեմ, մենք կարող ենք հետ վերցնել: Իմ կարծիքով՝ «Հայփոստի» մասնավորեցումը՝ ուղղակի բյուջեն համալրել ֆինանսական միջոցներով»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ Զվարթնոցն էլ՝ «Արմենիա միջազգային օդանավակայանները», հանձնվեց Էռնեկյանին՝ հավատարմագրային կառավարման, եւ դժվար թե մեկը դժգոհի այդ կառավարումից, քանի որ մեր օդանավակայանը Էռնեկյանը դարձրել է իսկապես միջազգային կարգի, արդյոք Էռնեկյանին ավելի ձեռնտու է «Հայփոստը» սեփականաշնորհել, պարոն Խաչատրյանն ասաց, որ եթե գնելու նախաձեռնությունն իրենն է, ապա ինքն էլ կարող է մեր բարձրացրած հարցի բացատրությունը տալ:

Բայց տնտեսագետը նկատեց, որ կառավարության հիմնավորման մեջ կա ուշագրավ ակնարկ՝ «Ընկերությունն իր հիմնական գործունեությանը զուգընթաց մատուցում է փոստային ֆինանսական ծառայություններ, ներառյալ՝ դրամական միջոցների փոստային փոխադրություններ ՀՀ ողջ տարածքում, սոցիալական վճարումների իրականացում (կենսաթոշակներ, նպաստներ), հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների փոխանցման ապահովում, դրամական փոխանցումների տարատեսակ այլ ծառայությունների ապահովում ՀՀ ողջ տարածքում»:

Այսինքն, ըստ տնտեսագետի, եթե հաշվի առնենք, որ Կոնվերս բանկը եւս Էռնեկյանինն է, ապա նշված ծառայությունները կկապի՝ «Հայփոստ»-«Կոնվերս բանկ»:

Խաչատրյանի կարծիքով, սա նորմալ պրակտիկա է եւ կստացվի:

«Այնուամենայնիվ, ինձ մոտ համոզմունքը մեկն է, կրկնեմ՝ շատ ու շտապ փող է պետք կառավարությանը,  ո՞վ կտա: Նույնը «Որոտանի» կասկադի հետ է կատարվում, այնտեղ էլ խնդիրներ կան: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից եկող ազդակները դեռ շարունակվում են բացասական մնալ, ներդրումներ չկան, իսկ բյուջեին փող է պետք ու մեծ քանակությամբ, ապա հանուն փողի վաճառում են պետական ամեն ինչը՝ ինչ որ կա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031