«Ոստիկանը ակնհայտ հասկացավ, որ զանգահարելու փաստը կարելի է ստուգել եւ մի անգամից հաջորդ պահին ասաց, որ չի հիշում»,- անդրադառնալով ոստիկան Ռազմիկ Ղարիբյանի տված վկայությանն ասաց Էդուարդ Մինասյանը:
Հիշեցնենք՝ վարչական դատարանում մարտի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ քննվել է ոստիկանության հայցն ընդդեմ Էդուարդ Ավետիսյանի եւ Էդուարդ Մինասյանի եւ նրա ներկայացուցիչների հակընդդեմ հայցը:
Էդուարդ Մինասյանը 2014 թվականի մարտի 7-ին մասնակցել է «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիային: Նախաձեռնության անդամները փակել էին Նալբանդյան փողոցը: Այդ օրը ոստիկանությունը մի քանի անձանց, այդ թվում նաեւ Էդուարդ Մինասյանին, վարչական ձերբակալության է ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Նա մեզ հայտնեց, որ այդ օրը իր ձեռքին է եղել Հայաստանի Հանրապետության դրոշը, սակայն վկան հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե չի հիշում՝ իր ձեռքին որեւէ բան եղե՞լ է, թե՞ ոչ. «Եթե ինքը ձերբակալած լիներ, չէր կարող չհիշել: Ընդամենը՝ ձերբակալելուց հետո են իրեն փոխանցել են, ինքն ինձ նստեցրել է մեքենան: Ինձ ձերբակալողը լրիվ ուրիշ մարդ է եղել: Այսինքն՝ որպես այդպիսին վկան էլ իրականությանը չի համապատասխանում»:
Կարդացեք նաև
Էդուարդ Մինասյանը նշեց, եթե Ռազմիկ Ղարիբյանը մանրամասնությունները եւ նույնիսկ իր անունը այդքան լավ է հիշում, ապա կհիշեր նաեւ, որ իր ձեռքին դրոշ է եղել. «Վկան ուղղակի ինձ մեքենա է նստեցրել: Երբ որ ձերբակալում էին ես իրենց հանգիստ ասում էի՝ թողե՛ք, ես գալիս եմ ձեզ հետ, որովհետեւ արդեն իմաստ չուներ որեւիցե շարժումներ անել, այնինչ վկան ասում է, որ ես փորձել եմ մեքենայի դուռը բացել: Դա իրականությանը չի համապատասխանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ