Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ռեւազյան. «Ոստիկանությունը սահմանափակել է Էդուարդ Մինասյանի արտահայտվելու իրավունքը»

Մայիս 29,2015 21:47

Վարչական դատարանում մայիսի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ շարունակվում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Էդուարդ Մինասյանին եւ Էդուարդ Մինասյանի եւ նրա ներկայացուցիչների հակընդդեմ հայցը:

Էդուարդ Մինասյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը հայտարարեց, որ կողմը դատարանից պահանջում է մերժել ոստիկանության հայցը եւ բավարարել իրենց հակընդդեմ հայցը:

Էդուարդ Մինասյանը 2014 թվականի մարտի 7-ին մասնակցել է «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիային: Նախաձեռնության անդամները փակել էին Նալբանդյան փողոցը: Այդ օրը ոստիկանությունը մի քանի անձանց, այդ թվում նաեւ Էդուարդ Մինասյանին, վարչական ձերբակալություն է ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Ռոբերտ Ռեւազյանը հայտարարեց, որ հարցաքննության ընթացում ազատազրկում կատարած անձը զարմացել է, երբ ինքը հարցրել է «Հավաքների ազատության մասին» օրենքի մասին. «Իմ մոտ այնպիսի տպավորություն կար, որ անձը տեղյակ չէր, որ նման օրենք կա»:

Ռոբերտ Ռեւազյանը ընդգծեց, որ բողոքի ակցիա կատարելիս ակցիան կատարողները հետիոտնից վերածվում են բողոք կատարող անձի, եւ հետեւաբար՝ ոստիկանությունը պետք է նրանց որպես հետիոտն հաշվի չառներ:

«Արդյոք իրավունքները սահմանափակելիս սահամանափակողը փորձե՞լ է համադրել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ «Հավաքի ազատության մասին» օրենքը: Ակնհայտ է, որ փորձ չի իրականացվել, եւ զարմացավ, որ նման օրենք կա եւ արդյոք պե՞տք է այն կիրառել: Նման դեպքերը թաքնված են: Ձերբակալության նպատակն այն չէր, որ անձին իր արարքի համար են ենթարկում, այլ որ պատժեն, վախեցնեն, որ անձն այլեւս  չմասնակցի հավաքին»,- ասաց նա

Նա հայտարարեց, որ ակնհայտ է համարում՝ ոստիկանությունը սահմանափակել է Էդուարդ Մինասյանի արտահայտվելու իրավունքը: Անդրադառնալով վկա Ռազմիկ Ղարիմյանի ցուցմունքին՝ Ռոբերտ Ռեւազյանն ասաց. «Երբ զանգահարելու մասին հարց բարձրացավ, նա հասկացավ, որ հնարավոր է ձայնագրություններ ստանալ եւ հասկանալ՝ Էդուարդ Մինասյանը զանգահարե՞լ է, թե՞ ոչ: Այդ պատճառով էլ՝ նա այդ պահը չհիշեց»

Դատավորը գործի քննությունը հայտարարեց ավարտված: Վճիռը կհրապարակվի հունիսի 18-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031