Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչ. «Ոստիկանությունը «Դեմ եմ»-ի հավաքին խոչընդոտ չի հանդիսացել»

Մայիս 29,2015 21:02

Վարչական դատարանում մայիսի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ շարունակվում էր քննվել ոստիկանության հայցի քննությունն ընդդեմ Էդուարդ Մինասյանի, եւ Էդուարդ Մինասյանի եւ նրա ներկայացուցիչների հակընդդեմ հայցի քննությունը:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ Էդուարդ Մինասյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի ուշադրություն էր դարձրել վկայի ստորագրությանը. «Ստորագրությունները դիտվեցին որպես պաշտոնական կեղծիք, դատարանը պետք է հաշվի առնի այն, որ հայցը ստացել եմ առանց  ներկայացուցիչների ստորագրության»:

Էդուարդ Մինասյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ հայցի վրա առկա է մեկ ստորագրություն՝ Էդուարդ Մինասյանինը: Դատավոր Կարեն Ավետիսյանը հետաքրքրվեց, թե հայցն ո՞ւմ անունով է, Սոնա Մելիքյանը պատասխանեց՝ Էդուարդ Մինասյանի եւ նրա ներկայացուցիչների: Դատավորը նկատեց, որ հենց Էդուարդ Մինասյանը ստորագրել է հայցը:

«Ես կցանկանայի, որ ներկայացուցիչների ստորագրություններն էլ լինեին»,- պնդում էր ոստիկանության ներկայացուցիչը:

«Որտե՞ղ էր գրված, որ այն պարտադիր է»,- հետաքրքրվեց դատավորը:

«Ես գտնում եմ, որ այն պարտադիր է»,- եզրափակեց Սոնա Մելիքյանը:

«Քաղաքացիներն իրենց իրավունքների իրացումը պետք է իրականացնեն ճանապարհային երթեւեկության կանոնները չխոչընդոտելով: Ոստիկանությունն ունի լիազորություն՝ պահպանել  ճանապարհային նորմերը, պետք է եզրակացնենք, որ ոստիկանության խնդիրներից է հասարակական կարգի պահպանումը եւ երթեւեկության մասնակիցների իրավունքների իրացումը»,- շարունակեց իր խոսքը ոստիկանության ներկայացուցիչը:

Նա նկատեց, որ ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ապահովումը սահմանող օրենքի համաձայն՝ երթեւեկելի գոտում գտնվող անձը հետիոտն է, եւ անհապաղ պետք է ազատի գոտին. «Էդուարդ Մինասյանը, հանդիսանալով ճանապարհային երթեւեկության մասնակից, պետք է հարգեր այլոց իրավունքները»:

Անդրադառնալով վկա ոստիկան Ռազմիկ Ղարիբյանի ցուցմունքին՝ նա նշեց, որ ոստիկանությունը հավաքին խոչընդոտ չի հանդիսացել, ընդամենը հասարակական կարգ է պահպանել. «Ես ցանկանում եմ հասկանալ՝ պետք է պահպանեի՞ն մեծն Էդուարդ Մինասյանի իրավունքները: Այնտեղ մարդիկ երթեւեկություն էին կատարում, նրանց իրավունքներից էր անարգել երթեւեկելը. Կներե՛ք, որ ոստիկանությունը չի ասել՝ կներե՛ս քաղաքացի, Էդուարդ Մինասյանը իր բողոքի ակցիան է կատարում»:

Անդրադառնալով Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե Էդուարդ Ավետիսյանին պաշտպան ունենալու իրավունք չի տրվել՝ Սոնա Մելիքյանը հայտարարեց, որ Էդուարդ Մինասյանը ստացել է իր իրավունքների վերաբերյալ գրավոր ծանուցումը եւ ստորագրել է այն:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ կողմը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սեփական տեսանկյունից է մեկնաբանում: Արտակ Զեյնալյանը խնդրեց մասնավորեցնել, նա առանձնացրեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 261 հոդվածը՝ նշելով, որ այս դեպքում 182-րդ հոդվածն է տեղին:

Էդուարդ Մինասյանը 2014 թվականի մարտի 7-ին մասնակցել է «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիային: Նախաձեռնության անդամները փակել էին Նալբանդյան փողոցը: Այդ օրը ոստիկանությունը մի քանի անձանց, այդ թվում նաեւ Էդուարդ Մինասյանին, վարչական ձերբակալություն է ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031