Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Էդուարդ Մինասյանի նկատմամբ ոստիկանությունը դրսեւորել է անմարդկային նվաստացուցիչ վերաբերմունք

Մայիս 29,2015 20:20

Վարչական դատարանում մայիսի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ շարունակվում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Էդուարդ Մինասյանի, եւ Էդուարդ Մինասյանի եւ նրա ներկայացուցիչների հակընդդեմ հայցը:

Էդուարդ Մինասյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ առարկում են ոստիկանության ներկայացրած հայցի դեմ եւ հակընդդեմ հայց են ներկայացրել՝ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության կատարած քայլերը:

Նա նշեց, որ խախտվել են Էդուարդ Մինասյանի՝ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքից զերծ մնալու, ազատ տեղաշարժման, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքները:

Էդուարդ Մինասյանը 2014 թվականի մարտի 7-ին մասնակցել է «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիային: Նախաձեռնության անդամները փակել էին Նալբանդյան փողոցը: Այդ օրը ոստիկանությունը մի քանի անձանց, այդ թվում նաեւ Էդուարդ Մինասյանին, վարչական ձերբակալություն է ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Արտակ Զեյնալյանը նկատեց, թե այն, որ քաղաքացիների դժգոհությունը հանրային նշանակություն ուներ՝ բազմաթիվ անգամներ հաստատվել է բարձր պաշտոնյաներ կողմից, եւ նույնիսկ Սահմանադրական դատարանը համակարգի սահմանադրականության մասին կայացված որոշմամբ հաստատել է, որ այն ոչ սահմանադրական է:

Ներկայացուցիչը նշեց, որ մարտի յոթին ֆինանսների նախարարության դիմաց խաղաղ հավաք է անցկացրել, քաղաքացիները փորձել են իրենց բողոքի ձայնը հասանելի դարձնել. «Ոստիկանները մեր վստահորդին չեն ներկայացրել իրավական հիմքեր, անհամաչափ ուժի գործադրմամբ տարել են բաժին, չեն ներկայացել, չեն ներկայացրել իրավական հիմքերը»:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ դրսեւորվել  է անմարդկային նվաստացուցիչ վերաբերմունք, Էդուարդ Մինասյանին ոստիկանության բաժանմունք են տարել մարդատար մեքենայով, որի մեջ նրան սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, ֆիզիկական ուժ են գործադրել, թույլ չեն տվել օգտվել իր իրավունքներից, զանգ կատարել: Իսկ արձանագրությունում թերությունները վարույթ իրականացնողը շտկել է, այն դեպքում, երբ պետք է պարզեր դրանք:

Արտակ Զեյնալյանը հավելեց, որ վարույթ իրականացնող անձնավորությունը չի բացատրել բացարկ հայտնելու իրավունքը: Նա նշեց, որ ոստիկանը բավարար չափով պատրաստված չի եղել. Նա պարտավոր էր լինել գրագետ եւ իրազեկված:

«Վարույթ իրականացնող մարմինը ի սկզբանե եղել է ոչ անաչառ, նա օբյեկտիվորեն պետք է ստուգեր, մեր վստահորդի համար կարեւոր հանգամանքները: Նա  ոչ միայն չի արձանագրել, այլ նաեւ չի ասել, որ իրավունք ունի բացարկ ներկայացնել»,- ասաց նա:

Ներկայացուցիչը հայտարարեց, թե հայտնի չէ, եթե բողոքի ակցիայի մասնակիցները երթեւեկելի գոտում լինեին, նախկին վարչապետը եւ ֆինանսների նախարարը իրենց մոտ կիջնեի՞ն. «Բողոքի ակցիան պետք է լինի տեսանելի եւ նրա ձայնը պետք է լինի լսելի»:

Արտակ Զեյնալյանը նկատեց, որ Էդուարդ Մինասյանին նախ բերման են ենթարկել այնուհետեւ նրան ձերբակալել են. «Դրանք տարբեր ռեժիմներ են: Նախատեսված չէր ձերբակալություն, ոստիկանությունը կարող էր բերել, եթե մոռանանք սահմանադրություն եւ կոնվենցիան, բայց չէր կարող ձերբակալության ենթարկել»:

Նա նաեւ նկատեց, որ ոստիկանի ընկալմամբ՝ ազատազրկմամբ նա քաղաքացուն պատժել է. «Այստեղ նպատակը արձանագրությունը կազմելն է, բայց նրան պահել են մինչեւ պատժի վերջ՝ երեք ժամ: Սա իրականացվել է կոնվենցիայի խախտմամբ եւ մենք խնդրում ենք, որպեսզի դատարանն արձանագրի այդ խախտումը»:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ խախտվել է կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Բռնություն են կիրառել, ձեռքերը եղել են ոլորված, նրա արժանապատվության վերաբերյալ միջամտություն է եղել եւ չկա կողմնակի վկա, որը հերքի սա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031