Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ վերահսկողությունը՝ գազալցակայանների դժբախտ պատահարների պատճառ

Մայիս 29,2015 20:07

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը հայտարարեց, թե գազալցակայաններում տեղի ունեցած դժբախտ պատահարների մեղավորությունը 90 տոկոսով վարորդներինն է:

Նա մանրամասնեց. «Դժբախտ  պատահարները հիմնականում տեխնիկական նորմերի խախտումներով պայմանավորված են տեղի ունենում: Դեպքերը հիմնականում պայմանավորված են գազաբալոնների ոչ ճիշտ շահագործման հետ կապված: Վարորդներն առնվազն այսօրվա դրությամբ տեղյակ չեն, որ գոնե գազաբալոնը տեղադրող կազմակերպության կողմից նորից պետք է ներկայացվի փորձարկումների: Այդ դեպքում արդեն պարզ է դառնում հետագա շահագործման գազաբալոնը պե՞տք է, թե՝ ոչ»:

Պարոն Բադեյանը նշեց, թե վարորդները այս ինը տասը հազար դրամներն ափսոսում են, որ գազաբալոնները փորձաքննության տանեն և դրա համար նման պատահարների պատճառ դառնում:

Նա նշեց, թե Հարավ Արևմտյան թաղամասում պայթյունի դեպքով վարորդի գազի բալոնն ուներ խնդիր, ու եթե ներկայացներ փորձաքննության, նման պատահար չէր լինի:

Գառնիի դեպքում նույնպես պարզվել է, որ մեքենան նույնիսկ շահագործումից է դուրս բերված, բացի այդ գազաբալոնը նույնպես շահագործման ոչ պիտանի էր: Արդյունքում զոհվել է գազալցակայանի աշխատակիցը: Պարոն Բադեյանը նկատեց, թե նա ևս ուներ մեղավորություն, քանի որ պարտավոր էր ստուգել գազաբալոնի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, նոր կատարեր գազալցակայում:

Ռուբեն Բադեյանը նշեց, որ շատ դեպքերում գազալցակայաններում գազը լիցքավորում են թույլատրվածից ավելի, սա անիմաստ մրցակցության արդյունք է, և այդ իրավիճակը հնարավոր չէ վերահսկել: Նա առաջարկեց, որ ստեղծվի հատուկ վերահսկող հանձնաժողով:

Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի՝ շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանը նշեց, թե մի շարք խախտումներ են արձանագրել ու բազմաթիվ տուգանքներ կիրառել: Նա տեղեկացրեց, որ մոտ 300 ԱԳԼՃԿ-ներ բաշխիչ աշտարակներով են համալրել, ինչի արդյունքում այժմ սպառողը կարող է տեսնել, թե ինչ ջերմաստիճանի գազ է տրամադրվում իրեն, ինչքանով է լիցքավորված բալոնը և ինչ գազ են տրամադրել:

Սպառողները խախտումների դեպքում տեղեկացնում են տեսչությանը: Պարոն Նաջարյանը նկատեց, թե դժբախտ պատահարներում ունեն մեղավորություն նաև պետական մարմինները ու ամփոփեց. «Տնտեսվարողը պատրաստ է, կատարողը պատրաստ չէ, որ այդ աշխատանքները ամբողջական կատարի»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը նկատեց, թե միակ մեղավորը վարորդները չեն ու հավելեց. «Թիվ մեկ խնդիրը գազաբալոնների տեղադրման խնդիրն է: Դրանք լինում են անորակ, փորձաքննության չեն ենթարկվում, վարորդներն էլ նշում են, որ չկա վերահսկող մարմին, որ իրենց պարտադրի:  էկոնոմիկայի նախարարությունը վեց ընկերությունների լիցենզավորել է, որ իրականացնեն փորձաքննություն, բայց հաճախ վարորդները զարմանում են, որ բալոնները փորձաքննության պիտի անցնեն: Ավելին, կան մարդիկ, որոնք 5000-6000 դրամով այդ փորձաքննության թուղթը պարզապես գրում են: Այնպես որ, մեղավոր են ինչպես գազալցակայանների աշխատակիցները, այնպես էլ թույլ վերահսկողությունը:  Մինչև այժմ որևէ պետական չինովնիկ այսքան պատահարների համար  պատասխանատվության չենթարկվեց, մինչդեռ գացալցակայաններում հակահրդեհային թերություններ կային, տարածքում կար սննդի կետ, որը չի թույլատրվում, միևնույն կետում լիցքավորվում է երկու մեքենա, որը նույնպես արգելված է, և սա ոչ ոք չի վերահսկում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031