Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը վարչական ձերբակալություն կատարելիս չի ներկայացել

Մայիս 29,2015 19:35

Վարչական դատարանում մայիսի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ շարունակվում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Էդուարդ Մինասյանի եւ Էդուարդ Մինասյանի եւ նրա ներկայացուցիչների հակընդդեմ հայցը:

Էդուարդ Մինասյանը 2014 թվականի մարտի 7-ին մասնակցել է «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիային: Նախաձեռնության անդամները փակել էին Նալբանդյան փողոցը: Այդ օրը ոստիկանությունը մի քանի անձանց, այդ թվում նաեւ Էդուարդ Մինասյանին, վարչական ձերբակալություն է ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեց ոստիկան ենթասպա Ռազմիկ Ղարիբյանը: Նա իր ցուցմունքում ասաց, որ Էդուարդ Մինասյանին չի ճանաչել եւ միայն 2014 մարտի 7-ի դեպքի ժամանակ է տեսել: Էդուարդ Մինասյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է հիշում Էդուարդ Մինասյանի անունը, նա պատասխանեց՝ զեկուցագրից. այդ օրը միայն Էդուարդ Մինասյանի նկատմամբ է զեկուցագիր կազմել: Նա հավելեց, որ մինչեւ դատարան գալը ինքը չի վերանայել զեկուցագիրը եւ գործին առնչվող նյութերը:

«Ծառայության էի ֆինանսների նախարարության մոտ, եղել եմ առավոտյան հերթափոխ: Բողոքի ակցիա էր, մասնակիցները եկան  նախարարության մոտ, հետո դուրս եկան երթեւեկելի հատված, հետո մոտեցանք, շղթա կազմեցինք՝ կոչ անելով դուրս գալ երթեւեկելի մասից: Այդ ժամանակ Էդուարդ Մինասյանը չկատարեց օրինական պահանջը, բերեցինք բաժին՝ վարչական ձերբակալությամբ»,- ասաց Ռազմիկ Ղարիբյանը:

Նա նշեց, որ ոստիկաններ են օգնել Էդուարդ Մինասյանի նստեցնել մեքենան,  նրան ֆիզիկական ուժ գործադրելով են նստեցրել,  իսկ Էդուարդ Մինասյանը նույնիսկ փորձել է մեքենայի աջ դուռը բացել:

Հարցաքննության ընթացքում վկան գրեթե բոլոր հարցերի իմաստը չէր հասկանում եւ դատավոր Կարեն Ավետիսյանը կրկնում էր հարցը՝ այն ավելի պարզ ձեւակերպելով:

Հարցին՝ ինչ-որ տեղ  արձանագրվա՞ծ է, որ ոստիկանը այդտեղ է գնացել աշխատանք կատարելու համար, նա պատասխանեց, որ իրենք չեն որոշում, որտեղ են գնում ծառայության:

Հարցը կրկնելուց հետո, նա պատասխանեց, որ բանավոր կարգադրություն է եղել եւ փաստաթուղթը կա, բայց չգիտի, թե այն որտեղ է:  Նա նշեց, որ չի ճշտել, թե Էդուարդ Մինասյանը բողոքի մասնակից է եղե՞լ, թե՞ ոչ, երթեւեկելի գոտուց մինչեւ մեքենա նստելը ոչինչ չի ասել, նույնիսկ չի ներկայացել. «Այդ վիճակում ես չէի կարող ներկայանալ, ես անընդհատ կոչ էի անում, մարդիկ կային դուրս էին գալիս, տվյալ անձը դուրս չեկավ»:

Հարցին, թե ինչո՞ւ է վարչական ձերբակալություն իրականացրել, նա պատասխանեց, թե նման դեպքերում միշտ վարչական ձերբակալություն է կատարում:  «Այսինքն` դուք միայն մեկ տեսակը գիտեք եւ կիրառում եք այդ տեսակը»,- եզրակացություն կատարեց դատավորը:

Արտակ Զեյնալյանի մյուս հարցին, թե ինչո՞ւ է  բաժին տարել Էդուարդ Մինասյանին, վկան ասաց, որ երկրորդ անգամ քաղաքացին նույնը չկրկնի: Ճշտող հարցին, թե այդպես նա ցանկանո՞ւմ էր պատժել, նա պատասխանեց.  «Ես պատժող մարմին չեմ, ոստիկանության պարտքն է օրինախախտին պատասխանատվության ենթարկել»:

Վկան հավելեց, որ մարտի 7-ին երկու փաստաթուղթ է ստորագրել: Հարցին, թե վարչական իրավախախտման մասին փաստաթուղթ ստորագրե՞լ է, նա պատասխանեց՝ այո՛, բայց ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարեց, որ նման բան չի եղել: Հարցը կրկնելուց հետո, Ռազմիկ Ղարիբյանը պատասխանեց, որ հարցը ճիշտ չէր հասկացել եւ վարչական իրավախախտման մասին փաստաթուղթ չի ստորագրել:

Անդրադառնալով մարտի 7-ի դեպքերին՝ Ռազմիկ Ղարիբյանն ասաց, որ ոստիկանության մեքենայում Էդուարդ Մինասյանը մի քանի անգամ զանգել է: Էդուարդ Մինասյանը նույնպես ներկա էր դատական նիստին եւ հերքեց ոստիկանի ասածը. «Զանգեր չեմ կատարել, ձեռքերս ոլորած են եղել, ու հայհոյել են ինձ ու ոչ թե մեքենայի դուռն եմ բացել, այլ երբ ֆիզիկական ուժ էին կիրառում, ասացի՝ թողեք ես ձեր հետ եմ գալիս»:

Սակայն Ռազմիկ Ղարիբյանը հերքեց, որ ոստիկանության մեքենայի մեջ ոստիկանները Էդուարդ Մինասյանին հայհոյել են: Նա հայտարարեց, որ Էդուարդ Մինասյանի ձեռքերը չի ոլորել, այլ պարզապես կանխել է, որ նա ոստիկանության մեքենայի դուռը բացի:

Արտակ Զեյնալյանի հարցին, թե կարո՞ղ է ապացուցել, որ չի հայհոյել, նա ասաց. «Քաղաքացին թո՛ղ ապացուցի, որ ես իրեն հայհոյել եմ: Կա՞ որեւէ փաստ, որ ես իրեն հայհոյել եմ»:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Ռազմիկ Ղարիբյանը հայհոյել է Էդուարդ Մինասյանին:

Այնուհետեւ Արտակ Զեյնալյանը վկային չորս մեծացված ստորագրություն ցույց տվեց եւ խնդրեց ասել, թե ցուցակում արդյոք կա՞ իր ստորագրությունը, եւ եթե կա ո՞ր մեկն է: Սկզբում վկան չէր կողմնորոշվում, թե որն է իր ստորագրությունը, այնուհետեւ հայտարարեց, որ կարող է բոլոր տարբերակների նման ստորագրել բացի մեկից:

Արտակ Զեյնալյանը ավելի ընդարձակ ձեւաթուղթ ներկայացրեց, նա հաստատեց, որ բացի տարբերակներից մեկից մնացածը իր ստորագրություններն են:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ երեք տարբեր փաստաթղթերից վերցրած ստորագրություններն են, առաջինը զեկուցագրի ստորագրությունն է, երկրորդը՝ բերում իրականացնելու, իսկ երրորդը` ձերբակալման: Նա նկատեց, որ ե՛ւ բերում է իրականացվել, ե՛ւ ձերբակալում: Ռազմիկ Ղարիբյանն ասաց. «Ձերբակալություն, որ կատարվում է, բերում ենք բաժին»

Հարցին, թե առանձին փաստաթուղթ է կազմո՞ւմ, նա պատասխանեց, որ վարույթ իրականացնող պաշտոնատար անձն է կազմում, եւ այդ հարցին վարույթ իրականացնող տեսուչը կպատասխանի:

Դատավորի նկատառմանը, թե կարդացիք, թե ձեզ վնաս բան չկա ստորագրեցիք, ասաց, որ միայն վնասի հարցը չէր:

Այնուհետեւ՝ Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ոստիկանը անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու երաշխիքները գիտի: Դատավորը ներկայացուցիչին ասաց՝ «Իրավական հացերի վերաբերյալ տեսակետը առանցքային մի դարձրեք»:

Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ոստիկանը իրազեկված չէ, խախտված է կոնվենցիայի երրորդ հոդվածը, իսկ անձն անտեղյակ է:

Հարցին, թե կատարվածին վերաբերվո՞ւմ է «Հավաքների ազատության մասին» օրենքը, Սոնա Մելիքյանը հակադարձեց, թե ոստիկանի իրավաբանական գիտելիքներն են ստուգվում:

«Անձը սովորական վկա չի, հատուկ պաշտոնատար անձ չի, որի լիազորությունների մեջ մտնում է նաեւ սահմանափակել մարդու ազատությունը: Եթե լիներ սովորական քաղաքացի այլ բան է, բայց նա պարտավոր է իմանալ օրենսդրությունը»,- ասաց ներկայացուցիչը:

Հարցին, թե Էդուարդ Մինասյանին ներկայացրած իր պահանջը օրինական էր, նա պատասխանեց՝ «Եթե չլիներ օրինական, ապա ես այդպիսի բան չէի կիրառի»:

Մյուս հարցին, թե տվյալ դեպքում ո՞րն էր ավելի գերակա երթեւեկությունը, թե հավաքի ազատությունը, ոստիկանը պատասխանեց, որ հավաքի ազատությունը չի սահմանափակել, ասել են, որ մասնակիցները դուրս գան մայթ:

«Այսինքն՝ չի սահմանափակվել, այլ կանխորոշվել է»,- նկատեց դատավորը:

Դատավոր Կարեն Ավետիսյանը հետաքրքրվեց, թե Էդուարդ Մինասյանը կարո՞ղ էր ֆիզիկապես ի վիճակի լիներ այդ պահին մայթից դուրս գալու համար: Ռազմիկ Ղարիբյանն ասաց, որ կարող էր ոստիկաններին դիմել, նրանք կօգնեին, դատավորը նկատեց, որ Էդուարդ Մինասյանը պարտավոր չէր դիմել ոստիկանությանը:

Երբ դատավորը թղթի վրա գծեց եւ ցույց տալով ոստիկանին հարցրեց, այդ դեպքում հնարավո՞ր է, որ Էդուարդ Մինասյանը երթեւեկելի մասից դուրս գալու հնարավորություն չունենար, Ռազմիկ Ղարիբյանը պատասխանեց՝ հնարավոր է:

Կարեն Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք Էդուարդ Մինասյանը մեքենայի մեջ խոսե՞լ է, նա պատասխանեց, որ չի հիշում հաստատ, միայն հիշում է, որ քաղաքացին երեք անգամ ձեռքը դեպի գրպանն է տարել: Դատավորը նկատեց, որ ոստիկանը մշուշոտ հիշողություն ունի, բայց լավ է հիշում մանրամասները:

«Կարող է անհասանելի է եղել. Չեմ հաշվել, չեմ կարող ասել, քանի անգամ ձեռքը գրպանին տարավ»,- ասաց վկան:

Հարցաքննության ավարտին Արտակ Զեյնալյանը Ռազմիկ Ղարիբյանին խնդրեց ցույց տալ անձնագրում ստորագրությունը, վերջինս պատրաստակամություն հայտնեց նաեւ ստորագրել թղթի վրա, սակայն Սոնա Մելիքյանը բացականչեց. «Պետք չի, թե չէ պարոն Զեյնալյանը փորձաքննության տանի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031