Երեկ Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղում մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ ստորագրահավաք է կազմակերպվել ընդդեմ էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացման: Բնակիչները դիմում-խնդրանք են հղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին՝ ակնկալելով, որ նա իրենց բողոքը կհասցնի կառավարությանը:
Մանրամասն նկարագրելով, թե հոսանքի թանկացումը ինչ ողբերգական հետեւանքների կարող է հասցնել, այսօր երիտասարդներն անձամբ են գյուղացիների գրավոր բողոքը տարել մարզպետարան: Ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկը, սառնաղբյուրցի ակտիվ երիտասարդ Արփինե Խաչատրյանը Aravot.am-ին փոխանցեց, որ երեկ թեեւ հորդառատ անձրեւ էր, սակայն սառնաղբյուրցիները գյուղի տարբեր ծայրերից շտապում էին իրենց բողոքի ձայնն արտահայտելու:
Միայն երկու ժամվա ընթացքում 324 ստորագրություն է հավաքվել: Ըստ մեր զրուցակցի, բոլորը գալիս էին ստորագրելու ՝ անկախ տարիքից, անկախ սոցիալական վիճակից: Ստորագրահավաքին բացառապես մասնակցել են 18 տարին լրացած անձիք:
Կարդացեք նաև
«Հայտարարում ենք, որ մենք գյուղովի դեմ ենք էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը ու չենք լռելու, չենք համակերպվելու, թույլ չենք տալու, որ նման բան տեղի ունենա…Դուք գիտեք, որ մեր գյուղը այն եզակի տեղանքներից է, որտեղից արտագաղթ չի եղել, հայտարարում ենք, որ մենք մեր երկրից չենք գնա ու թանկանալու դեպքում ուղղակիորեն չենք մուծի էլեկտրաէներգիայի վարձավճարը: Թո՛ղ դատի տան մեզ, ամբողջ հանրապետությանը պիտի դատի տա՞ն, աշխատասենյակները թանգարաններ դարձնեն, Լեքսուսներ վարեն, մենք ծախսերը հոգա՞նք… Չի լինի նման բա , մարդիկ աշխատատեղ չունեն, սառնաղբյուրցիները թասիբով ժողովուրդ են, ի՞նչ է այս մարդկանց պետք, աշխատատեղ, ու նրանք մեծ հաճույքով իրենցը կստեղծեն, բայց այսօր գյուղի 90 տոկոսը վարկերի տակ է , ի՞նչ հոսանքի թանկացման մասին է խոսքը: Աշխատանքային օրերին բարձրանում ես միկրոավտոբուս, կանգնելու տեղ չկա, սառնաղբյուրցիները շտապում են Մարալիկ, Արթիկ, Գյումրի, որպեսզի բանկերում վարկերը մուծեն, բա սա վիճա՞կ է, որ մի բան էլ էլեկտրաէներգիայի թանկացումից խոսեն..Նորից եմ կրկնում, մենք գյուղովի պայքարելու ենք, չենք լռելու, հոսանքի թանկացման մասին խոսք չպիտի լինի», -ասաց Արփինե Խաչատրյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ