Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ առանձնատներն ու ավտոներն էլ են իրենցը, իրենք իրենց փող են փոխանցում». Լրագրողը՝ ՀԷՑ-ի չարաշահումների մասին

Մայիս 29,2015 18:03

Aravot.am-ի հետ զրույցում  նման համոզմունք  հայտնեց լրագրող- վերլուծաբան Համլետ Մոսինյանը, անդրադառնալով այն փաստին, որ ՀԷՑ-ը միայն մի  առանձնատան վարձակալության համար  ամսական 1 միլիոն 110 հազար դրամ է վճարել  սպառողներիս հաշվին,, 770 հազար դրամ՝  «Լեքսուս» վարձակալելու համար  եւ այսպես շարունակ:  «Եթե  առաջ կարծում էինք, որ միայն մեր իշխանավորներն են թալանում  մեր ժողովրդին, հիմա լրիվ համոզվեցինք, որ մեզ թալանում են դրսից եկած կազմակերպությունների ղեկավարները: Որեւէ տնտեսագետ չի կարող լուրջ ընդունել նրանց այն պատճառաբանությունը, մոտեցումը, թե  մենք վնասով ենք աշխատում, ապրանքի գինը պետք է բարձրացնել, էդպիսի բան  աշխարհում չկա: Աշխարհում նման  դեպքերում իրենք խնայողության ռեժիմ են սահմանում, իրենք սկսում են խնայել, ոչ թե ապրանքի գինն են բարձրացնում, բայց քանի որ մոնոպոլիստներ են, մեր կառավարությունն էլ գիտեք՝ ինչ թափի կառավարություն է, հիմա հարց են բարձրացրել ու կհասնեն իրենց նպատակին:

Գինը, իհարկե, 17 դրամով չի բարձրանա. էդ դասն էլ ենք անցել, 10 դրամով կթանկացնեն, ու մեր կառավարությունը, էդ հանձնաժողովը, կասեն՝ ժողովուրդ, ինչքան հնարավոր է, պայքարեցինք էլի, այլ հնարավորություն չկար, կարծես թե մեր երկիրը գրաված զավթիչներն են, էլ  դիմադրելու ձեւ չկա էլի: Ես  ոչ միայն ավելորդ ծախսերն եմ նկատում, ասենք՝ ամսական 1 միլիոն 110 հազար դրամով առանձնատուն վարձելը կամ 770 հազար դրամով «Լեքսուս» վարձակալելը, այլ նկատում եմ, որ էդ տներն էլ է իրենցը, էդ ավտոներն էլ է իրենցը, իրենք իրենց փող են փոխանցում: Իհարկե, կլինեն տներ, որոնք կլինեն մեր տեղի իշխանիկների տները, նրանց ձեռք բերած ավտոմեքենաները, հո չէի՞ն գա իմ չեղած ավտոն, կամ եթե ավտո ունենայի, իմ ավտոն վարձակալեին…Դրանք իրենցն են, դրանք այդ կազմակերպության  մեջ աշխատողների, սակայն այլ մարդկանց անուններով ձեւակերպված ավտոներն են: Էդ ճանապարհով թալանում, հարստանում են, էդքանն էլ դեռ քիչ է , հիմա էլ ուզում են էլեկտրաէներգիայի գինը բարձրացնել»,-ասում է Համլետ Մոսինյանը:

Ըստ նրա, այս ամենը խոսում է մեր իշխանության թուլության մասին, իսկ եթե թույլ չեն, ապա նրանց հետ համագործակցում են: «Աշխարհի առաջ մենք կդառնանք ծիծաղատեղ, եթե չենք դարձել  արդեն, որ կա էսպիսի պետություն, դա դասագրքեր կմտնի, թե ինչպես թալանեն ժողովուրդներին: Գնում ես էնտեղի ունեցվածքը գնում ես մոնոպոլ ձեւով, ասենք երկաթուղի, կապ եւ այլն ու թալանում ես էդ ժողովրդին առանց պատերազմ մղելու, առանց արյուն թափելու: Առաջ ոնց էին թալանում. գնում էին երկիրը գրավում էին, սպանում էին զինվորներին, մի մասին վերացնում էին, բանակին ճնշում էին ու սկսում էին թալանել, հիմա թալանի անարյուն ձեւ  է, որը շատ հաջողությամբ մեր երկրում ստացվում է»:

Համլետ Մոսինյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի գինը անպայման կթանկանա:  «Զաքարյան չէ՞ նրա ազգանունը, անգամ նա է ասում, որ կթանկանա, բայց ասաց՝ ոչ այդքան, այսինքն` ոչ 17 դրամով…Տո դու ի՞նչ գիտես, որ ոչ այդքան, արդեն որոշումը կա չէ՞»,- ասում է Համլետ Մոսինյանը: Նրա համոզմամբ, միայն մի  դեպքում  է հնարավոր կանխել, եթե հաջողվի շատ ուժեղ պայքար ծավալել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ armtimes.com կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031