Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստան․ մուսսոններ, անտանելի տապ և․․․1800 մահ

Մայիս 29,2015 17:49

Դրախտը դրախտով, սակայն դրախտում է պատահում, երբ շատ ձանձրալի է դառնում։ Բայց երբ ձանձրույթը համեմվում է շոգ ու կրակով, անտանելի մուսսոններով, ծովային տրոպիկական խոնավությամբ, իսկ անձրևների այդքան սպասված սեզոնը չկա ու չկա, ամենը իսկապես որ անտանելի է դառնում։ Նույնիսկ գրելը չի ստացվում․․․Բայց դե տնից դուրս գալ չկա, ուստի հարմարվում ես, ձեռքդ առնում պաղպաղակն ու ջուրը և սկսում մոգություն անել ստեղնաշարի վրա։

Շուրջդ տոտալ գարշահոտություն է, քանի որ սարսափելի շոգից ամեն բան փտում է, նույնիսկ մահացած մարդկանց մարմինները սկսում են տարօրինակ «անուշաբույր» արձակել։ Լավ է, գոնե այստեղ հնդիկները ճիշտ սովորություն ունեն՝ այրում են մարմիններն ու մոխիրը նետում բաց ու մաքուր գետի հոսանքի մեջ, թող տանի ու մաքրի բնության հավերժական շրջապտույտի մեջ։ Բայց դե մինչև կրեմացիան դրանք․․․ինքներդ հասկանում եք։

Ինչևէ, չշեղվենք շոգից, չնայած Հնդկաստանում չշեղվելն ընդհանրապես ամեն ինչից մեղմ ասած չի ստացվում։

Այո, մեզ մոտ անոմալ շոգեր են, չնայած վերոհիշյալ հարևանուհիս՝ Մայան գտնում է, որ դրանք նորմալ են այս սեզոնի համար, փոխարենը՝ նրա ամուսին պարոն Աշոկը գտնում է, որ ոչ, դրանք աննորմալ են, դե այսինքն՝ նորմայից դուրս և չափից դուրս տարօրինակ։

Գիտեք, Գոայում այդքան էլ շոգ չէ, քարը տրաքի՝ 40 աստիճան, դե իսկ արևի տակ․․․միայն Քրիշնան գիտի․․․Մեզանից ավելի շատ տուժել է մեր արևելյան հարևան Կարնատակա նահանգի հարևան Անդհրա-Պրադեշ նահանգը, որտեղ ջերմաստիճանի սանդղակը հասել է մինչև 50 աստիճան։

Օր կա նույնիսկ 53 էր ցույց տալիս։ Այստեղ արդեն 900 մարդ է մահացել։ Դե իսկ մեր վերևի հարևան Մահարաշտրա նահանգի հարևան նահանգում՝ Տելանգանայում 45 և ավելի աստիճան է։ Միայն Տելանգանայում մահացել է ավելի քան 400 մարդ։ Սակայն տվյալ նահանգի ադմինիստրատիվ կենտրոն Հայդարաբադից լուրեր են գալիս այն մասին, որ պաշտոնական տվյալներով ամբողջ երկրում արդեն 1800 մարդ է մահացել։ Ի դեպ, առաջինը չեն դիմանում և իրենց մահկանացուն են կնքում հենց ճնշում ունեցողները, ապա նաև սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ։ Խեղճ հնդիկներ, նրանք այնքան բաց, մաքուր ու պարզ են, կարծես փոքրիկ երեխաներ լինեն, ցավալի է տեսնել այս ամենը, հատկապես երբ դա ի վերջո մարդկային կյանքեր է խլում։ Այսպիսի բաներ տեսնելիս, անընդհատ մտածում ես մարդկային կյանքի արժեքի մասին, այն գնի, որը մենք մեր գոյությամբ վճարում ենք Բարձրյալին կամ բնությանը։

Նշենք, որ շոգն այստեղ ապրիլի վերջերից էր սկսվել, սակայն միայն հիմա է, որ մարդիկ են սկսել մահանալ, վերջին մեկ շաբաթը թերևս։ Բժիշկները թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց՝ անվտանգության նկատառումներից ելնելով, նույնիսկ շուկա, դպրոց կամ էլ աշխատանքի գնան։

Հարավային Հնդկաստանի բոլոր նահանգներում իրենց դռներն են բացել հիվանդանոցներն ու բուժհաստատությունները, որոնք զօր ու գիշեր պատրաստ են ընդունել հիվանդների, որոնք արևայրուկ կամ արևահարություն ունեն։

Հազար անգամ ասեցինք՝ արևի տակ մի կանգնեք։ Բայց դե հնդիկները գնչուների պես քոչվոր ազգ են, սիրում են բաց փողոցը, ազատությունն ընդհանրապես, հոմ վանդակի մեջ չես պահի նրանց՝ կենդանու նման։ Ամեն դեպքում, կառավարությունն արդեն որոշել է, որ քաղաքներում հատուկ կետեր է բացելու՝ բնակչությանը անվճար սառը ջուր տրամադրելու նպատակով։ Բայց բնական հարց է ծագում, բա գյուղերը՞, բա գյուղական բնակչությունը՞։ Տրամաբանությունը չեմ հասկանում։ Ինչ է, գյուղի մարդիկ մարդիկ չեն։ Շրջելով այստեղի գյուղերով, կարող եմ վստահաբար փաստել, որ այստեղի ապրողները ավելի շատ հոգածության և օգնության կարիք ունեն։

Մետեորոլոգները նշում են, որ մայրաքաղաք Նյու-Դելիում ևս ստվերում մոտ 45 աստիճան է։ Ասֆալտն այստեղ արդեն հալվում է։ Եվ ընդհանրապես, այս տարի համեմատ մյուս բոլոր տարիների օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-8 աստիճանով։ Հեռուստացույցով հայտնում են, որ նույնիսկ Հիմալայներում, մասնավորապես՝ Հիմանչալ-Պրադեշ նահանգում նույնպես շատ շոգ է՝ 40 աստիճանը վաղուց անցել է։

Իսկապես որ անհավատալի է, երբ մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակ հենց մերձհիմալայան գյուղեր են շտապում մարդիկ հարավից, որպեսզի այստեղ հանգիստ ապրեն, որովհետև ձմռանն այստեղ ցուրտ է, իսկ ամռանը՝ զով ու հաճելի։ Դե իսկ շոգը ոչ միայն չի նահանջում, այլ ըստ մասնագետների այսպես կարող է շարունակվել դեռ 1-2 շաբաթ էլ, մինչև հունիսի կեսերը։ Այն կզարգանա, կգնա-կհասնի Փենջաբ, Օդիշա, Հարիանա և Չանդիգարհ նահանգները, գուցե նաև Ռաջաստան էլ հասնի այս տեմպերով։

Եվ այսպես, դրսում անտանելի շոգ է, մեկ-մեկ մտածում եմ, կարող է դժոխք եմ ընկել՞։ Ասում, են դժոխքում է, որ այսպիսի տապ է, կարծես քեզ այրեն, խաշեն կամ էլ եփեն տաք հեղուկի մեջ։ Խոնավության պատճառով բոլորը քրտնած են, վրայիցդ ջուր է հոսում, ասես ջրամբար լինես, օդափոխության համակարգը հաճախ չի էլ փրկում հաճախ էլ փչանում է շոգի պատճառով՝ անընդհատ տատանվում է, խմելու ջուրը սակավություն է անում, լողանալը այդքան էլ չի ստացվում՝ կեղտի ու փնթիության պատճառով։ Ուտելիքին միայն նայելիս, արդեն վատանում ես, մանավանդ որ ուտելիքն այս սուր, կծու և թթու է, պատկերացրեք, թե ինչ ուժեղ միքս է՝ այս շոգին սուր ու կծու ուտելիքը։ Գումարած այս ամենին, որ կարճ հագուստ հագնել չի կարելի, այնպես պետք է հագնվես, որ չվիրավորես հինդուների կրոնական զգացմունքները, չնեղացնես, ուսերդ ու ծունկներդ փակ պետք է լինի։

Ասեմ, որ այստեղ շուրջօրյա գործում է «Մայր Թերեզայի գթության տունը»։ Տան քույրերը փաստում են, որ շոգի պատճառով մարդու մարմինը ջրազրկվում է, նրա մոտ դիտվում է տենդ, ուշագնացություն, ախորժակի անկում (կոնկրետ ինձ մոտ վերջինս այստեղ անընդհատ է դիտվում)։ Դե իսկ քույրերն էլ բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով պայքարում են այս ամենի դեմ։

Անձրևների սեզոն․․․շուտ արի, խնդրում, պաղատում ենք քեզ։ Գնամ Միրա Նաիրի «Հարսանիքը՝ անձրևների սեզոնի ժամանակ» կինոնկարը նայեմ, չնայած որ շուրջս ոչ անձրև կա, ոչ էլ հարսանիք։

 

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

 

Հնդկաստան, Գոա նահանգ, Բիչոլիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031