Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում կիլոգրամը 1.7 դոլարով ու կաթի մթերումը Հայաստանում ձեռնտու չէ, մի քանի ընկերություններ արդեն փակվել են: Այսօր այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվող 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ որոշ կաթ վերամշակող ձեռնարկություններ փակվել են, որովհետև կաթի գինը 170 դրամից իջել է 100-ից 110 դրամ, և կաթ վերամշակող ձեռնարկություններին ուղղակի ձեռնտու չէ կաթ ընդունել: «Ո՞վ է այդ արտոնյալ ներկրողը, ո՞ւմ դեմը չենք կարողանում առնել, երբ ունենք կաթ վերամշակող ձեռնարկություններ ու պատրաստ են որակյալ, անարատ արտադրանքը մատակարարել 170 դրամով, բայց ստիպված են փակվել, որովհետև անմրցունակ, Ուկրաինայից ներկրված կաթի փոշի է բերվել: Պարզե՞լ եք` ի՞նչ հովանավորներ ունեն այդ ներկրողները, որ մենք պատրաստ ենք մեր ֆերմերներին, վերամշակող ձեռնարկությունները փակել, որ չտուժեն տվյալ ներկրողները կամ ներկրողը»:
Նիստը նախագահող Գագիկ Մինասյանը դիտողություն արեց Նաիրա Զոհրաբյանին. «Եթե լսումեր հրավիրեք, ես ինքս կմասնակցեմ մեծ հաճույքով: Իսկ սա բյուջեի կատարողականի քննարկում է»:
Քանի որ այլ պատգամավորներ էլ միացան Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, գյուղնախարար Սամվել Գալստյանը նկատեց, որ պատգամավորի հարցը տեղին է ու ստիպված եղավ պատասխանել` մանրամասնելով, որ նախարարը հրավիրել է արտադրողներին և վերամշակողներին, քննարկումներ են եղել եւ ասաց, որ չեն փակվել կաթ արտադրող ձեռնարկությունները:
Կարդացեք նաև
Փոխնախարարը փոխանցեց նախարարի հայտարարությունը`հստակ ասել են, որ 150 դրամից պակաս կաթ չի մթերվելու: «Եղել ենք Շիրակի մարզում, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզում, քննարկվել է և ասել ենք, որ նվազագույնը 140 դրամից պակաս չի լինի՝ 10 դրամով էժանացնելով»,- ասաց փոխնախարարը: Ու մանրամասնեց, որ ամռան ամիսներին միշտ էլ կաթի գինը պակասում է, քանի որ կաթի ծավալն ավելանում է, կաթի որակը փոխվում է և հաստատեց, որ կաթ մթերող ընկերությունները կաթի գինը իսկապես նվազեցրել են՝ դարձրել 140-150 դրամ:
Նա նաեւ մի զավեշտական օրինակ բերեց մի համայնքից, որտեղ համայնքի ղեկավարն ինքն էր մթերում գյուղացիների կաթը 110 դրամով և 20 դրամ գումար աշխատում. «Կան ձեռնարկություններ՝ ուղիղ մթերում չեն անում, մթերողներ են պահում, որոնք էլ 10-20-30 դրամով աշխատում են»:
ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը տեղից միջամտեց`հստակ օրինակներ թվարկելով, որ մթերման ծավալներն են կրճատել և կաթ ընդհանրապես չեն ընդունում: «Լսեցի և օպերատիվ կզբաղվենք»,-արձագանքեց փոխնախարարը:
Գագիկ Մինասյանը կրկին միջամտեց. «Այնքան հետաքրքիր է, չե՞ք հասկանում, ո՞ւր եք եկել, ես ուղղակի ապշում եմ, եկել ենք նախորդ տարվա բյուջեի կատարողականը քննարկե՞լ, թե՞ ինչ»:
ԲՀԿ-ական պատգամավորը բացատրեց` պարզաբանումը սխալ ուղղությամբ էր գնում, ինքն էլ հստակեցրեց:
Իսկ Ուկրաինայից ներկրված կաթի փոշու մասով փոխնախարարն ասաց, որ իսկապես 45 տոննա կաթի փոշի է ներկրվել, որն էլ ըստ նրա՝ «հավանաբար շահեկան վիճակ չի ապահովում մաքուր անարատ կաթ մթերող ընկերությունների համար»: Բայց. «Հանձնարարականը եղել է արդեն, որպեսզի մշակեն համապատասխան միջոցներ, օրենքների շրջանակներում»: Փոխնախարարը խոստացավ, որ «կոշտ քաղաքականություն» կիրականացվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ